«Տաշիր կապիտալ»-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով դատական նիստի ժամանակ «Տաշիր կապիտալ»-ի շահերը ներկայացնող փաստաբանական թիմը միջնորդություն ներկայացրեց փորձաքննություն իրականացնելու մասին։
ՀԷՑ-ի կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ՀԷՑ-ի 2018-2024 թթ. ամբողջ տվյալների բազան ջնջված է։ Նա նաեւ նշել է, որ երեւույթը թաքցվել է թե իրավապահներից, թե ՀԾԿՀ-ից, որը արդեն իսկ լրջագույն խախտում է։ «Հաղորդում չէր ներկայացվել՝ քննելու նաեւ այն վարկածը, որ գուցե արտաքին միջամտության արդյունքում է տեղի ունեցել, քանի որ խոսքը 700 000 մեր սպառողների անձնական տվյալների մասին է։ Մինչեւ այս պահը չի հաջողվել վերականգնել այդ տվյալները»,- ասել էր Պետրոսյանը։
«Տաշիր կապիտալ»-ի պաշտպանական թիմն այսօրվա նիստում միջնորդություն ներկայացրեց` նշանակել համակարգատեխնիկական փորձաքննություն՝ փորձագետների առաջադրելով հետեւյալ հարցերը։ Առաջին՝ արդյոք ՀԷՑ համակարգում մինչեւ 18․07․2026 թվականին տեղի ունեցե՞լ է տվյալների կորուստ, եթե այո, ապա երբ, ի՞նչ տվյալների կորուստ, ի՞նչ ծավալներով։ Երկրորդ՝ արդյոք առկա՞ է նշված տվյալների արխիվացված տարբերակը։ Երրորդ՝ արդյոք համակարգում փորձ կատարվա՞ծ է՝ տվյալների վերականգնման համար։ Եթե այո, ապա ի՞նչ տվյալներ են վերականգնվել, ի՞նչ ծավալով եւ որ ժամանակահատվածին վերաբերող։ Չորրորդ՝ արդյոք առկա՞ են չվերականգնված տվյալներ։ Հինգերորդ՝ արդյոք առկա՞ է տվյալների վերականգնման հնարավորություն, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ դրա համար։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը դատարանում ասաց՝ հաշվի առնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անաչառությունը խիստ կասկածելի է, ստացվում է, որ այս գործում կա երկու կողմ՝ մի կողմից ՀԷՑ-ի սեփականատեր, մյուս կողմից՝ հանձնաժողով, կառավարություն, ոստիկանություն, կառավարիչ եւ այլն։
«Կառավարության ղեկավարի մոտ տեղի է ունենում օնլայն հաշվետվություն, այդ ժամանակ կառավարության ղեկավարին զեկուցվում է՝ համակարգը կորել է, կառավարության ղեկավարն ասում է՝ «իսկ կարո՞ղ է իրենք դրանով փորձել են կոծկել իրենց արածները»։ Այնտեղից հնչում է՝ այո։ Հիմա, պատվարժան դատարան, ես չեմ կարողանում հասկանալ՝ էս ամբողջ կողմը, ամբողջ իշխանական լծակներով ինչ ուզում են, անում են, ինչո՞ւ են դեմ փորձաքննությանը։ Կարո՞ղ եմ ես՝ որպես ՀՀ հասարակ բնակիչ, ասել՝ եղբայր, եթե ճիշտ եք, թող փորձաքննություն լինի, բալքի կպարզվի՝ մենք էլ մի բան արել ենք, հետո ջնջել ենք դիտավորյալ, որպեսզի ապացույցները վերացնենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ»-ը դատարանում վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































