«Այսօրվա դատական նիստում մի քանի կարեւոր բան արձանագրվեց։ Առաջինը, երբ փորձում ենք հասկանալ՝ նախնական հաղորդման մեջ ներկայացված հիմքերը պարզվե՞լ են, չեն պարզվել, ի՞նչ է հաստատվել, հստակ պատասխան չկա։ Դրանից բխում է, որ նշված հիմքերը վերջնական ակտում, որը հիմա մենք բողոքարկում ենք, չկան։ Փորձեմ մի երկու բան ցիտել այդ ակտից՝ «լարման կարգավորման անբավարար վիճակ», ասում են՝ իբր Երեւանի ՋԷԿ-ի անջատումն էլ էր ՀԷՑ-ի մեղքով, Երեւանի ՀԷԿ-ի վթարն էր ՀԷՑ-ի մեղքով»,- «Տաշիր կապիտալ»-ն ընդդեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործով այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ «Տաշիր Կապիտալ»-ը դատարանում վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ին կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։
Արամ Օրբելյանն ասաց՝ լիցենզիայից զրկելու հետ կապված գործերը Վարչական դատարանը պետք է քննի երկամսյա ժամկետում։ Եվ այս գործով արդեն ակնհայտ է, որ կա ժամկետի խնդիր, դրանով է պայմանավորված, որ դատարանը որոշել է շաբաթ եւ կրակի օրերին էլ նիստեր անցկացնել։ «Նաեւ դատավորը պետք է հասցնի որոշում կայացնի, խնդիրը ոչ միայն բուն քննության ժամկետն է, այլ նաեւ որոշում հրապարակելու ժամկետն է»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն դատարանից՝ Օրբելյանն ասաց․ «Ակնկալիքներ՝ անկախ ամեն ինչից, ես ունեմ։ Առաջին ակնկալիքն այն է, որ մեր հայցը բավարարվի։ Իհարկե, հասկանում ենք բավականին հստակ ու միանշանակ քաղաքական ճնշումների ենթատեքստը»։
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանն ասաց, որ միջազգային ատյաններում եւս ՀԷՑ-ի վերաբերյալ գործը ակտիվ քննության փուլում է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































