Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը Նիկոլի Փաշինյանի կառավարությունը բնութագրելիս հիշեց իր տատին ու իրենց հայաթի կրթկրթան հավին

Մարտ 21,2026 22:25 Share

Այսօր Աշտարակում քաղաքացիներից մեկը «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանել են դպրոցական ծրագրից։ Նա հույս հայտնեց, որ այդ առարկան նորից կմտնի դպրոցական հիմնական առարկայացանկ։ Նա նաև խոսեց կառավարության կողմից  230 դպրոցների փակման մասին, որոնցից 24-ը Արագածոտնի մարզում է։

Քաղաքացին դարձյալ հույս հայտնեց, որ դա տեղի չի ունենա, որովհետև ունեն իր բառերով ասած՝ հրաշալի, ուժեղ, կենսափորձով առաջնորդ՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահը իր պաշտոնավարման տարիներին վեց անգամ բարձրացրեց ուսուցիչների աշխատավարձը։

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը քննադատեց կրթական ծրագրերը, ասաց՝ ինչպես կարող է ընդունվել մի պատմության դասագիրք, որտեղ արծարծվում է հայ ժողովրդի այս տարածաշրջանում եկվոր լինելը, դա թշնամանքի ու ապազգայնության մակարդակ է։

Նա ասաց․ «Երբ ասում ենք կանխենք, հարյուր տոկոս պիտ փոխենք կրթական ու մշակութային քաղաքականությունը, դասագրքերը, պատմության դասագրքերը, որտեղ ազգային-ազատագրական պայքարը դուրս մնաց։ Դրանք իրավունք չունեն լինելու դպրոցում։ Գործածությունից դուրս են շպրտվելու  այդ դասագրքերը, պատմության դասագրքերը, որոնք խեղում են մեր ինքնությունը։ Եվ, բնականաբար, «Հայ եկեղեցու պատմությունը» մեր պատմությունն է, ինչպես եկեղեցու դեմ արշավ եկեղեցու դեմ չէ,  այլ մեր պետականության և ժողովրդի դեմ է»։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Իհարկե, դպրոցների փակման ծրագիրը անկասկած վերանայվելու է․ արդեն հնչեց, թե քանի դպրոց է կառուցվել իմ նախագահության օրոք, բայց երբեք մտքերովս չէր անցնում՝ մի դպրոց կառուցենք նրա համար, որ չորսը փակենք, այդպիսի բան չի կարող լինել։

Դուք ուղղակի հիշեցնում եք հետևյալ հանգամանքը, որ 10 տարիների ընթացքում ուսուցիչների աշխատավարձը իսկապես բարձրացրել ենք վեցապատիկ, մի քանի անգամ, ընդհանուրը վեցապատիկ, և այն ժամանակ մտքերովս նույնիսկ չէր անցնում, որ անընդհատ դրա մասին պիտի խոսենք։

Մարդիկ չէին խոսում, որովհետև բա կառավարությունն ինչի՞ համար է, որ ժողովրդի կենսամակարդակը բարելավվի։ Եվ եթե կառավարությունը չգիտեմ ինչ է համարում, որ աշխատավարձը կամ թոշակը մի քիչ բարձրացրեց, օրուգիշեր դրա մասին պիտի խոսի, դա էսօրվա փորձն է, չի կարելի»։

Ռոբերտ Քոչարյանը հիշեց իր տատիկին։

«Երբ մի փոքր բան է անում պաշտոնյան և անընդհատ դրա մասին խոսում է, իմ մոտ հիշողությանս մեջ տատս  է գալիս․ սեփական հայաթ ունեինք, հավ էր պահում, մի հավ կար, որ ձու էր ածում, էնքան կրթկրթում էր, գլխացավանք էր, տատս միշտ ասում էր՝ ձենդ կտրի, եղածը ինչ է, մի հատ ձու ես  ածել, էլի։ Հիմա էս կրթրկթկան հավերը դարձան  այս կառավարությունը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031