Այսօր Աշտարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ արցախցի մի կին՝ Իրինա անունով, ձայն խնդրեց ու գովաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան անվանելով անհաղթ, անպարտելի, Արցախը հայկական պահող նախագահ, դաստիրակված ընտանիքի տեր։
«Երբ լսում ենք ձեր խոսքերը, պարոն Քոչարյան, մեզ համար հավերժ, հզոր նախագահ, ավելի ենք ոգևորվում։ Վստահ ենք՝ վերադարձ լինելու է Արցախ, միայն ձեր շնորհիվ անպարտելի Քոչարյան»,- ասաց տիկինը։
Նա նաև ասաց, որ հավատում է արժանապատիվ խաղաղությանը, որը վստահ է՝ կլինի Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այնուհետ ասաց , որ շատ է ուզում վերադառնալ Արցախ ու հարցրեց՝ ինչպես է պատկերացնում Ռոբերտ Քոչարյանը արցախցիների՝ Արցախ վերադառնալու մասին։
Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Նախ վերադառնալու համար պետք է ճանաչի այդ վերադառնալու իրավունքը։ Այսօր Հայաստանը՝ որպես պետություն, չի ուզում ընդհանրապես խոսել այդ թեմայի շուրջ, վերադառնալու իրավունքը եթե չես ճանաչում, ապա խոսել վերադառնալու իրավունքի մասին անիմաստ է։
Կարդացեք նաև
Առաջնային հարցը,որը մենք տեսնում ենք,վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգայի իրավունքից է բխում և շատ դժվար է մերժել այդ իրավունքի առկայությունը ընդհանրապես։ Դրանից հետո պետք է վերադարձող մարդիկ անվտանգ լինեն, խոսք պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։
Սա է տրամաբանությունն ընդհանրապես, և այդ տրամաբանության շրջանակներում, այո՛, հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանա՞կ է պահանջում, այո՛, ժամանակ է պահանջում․ դժվար է լինելո՞ւ, այո՛, շատ դժվար է լինելու։
Ես չեմ ուզում ավելորդ լավատեսություն հայտնել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ են եղել, որ թվում էր, թե հարցն ընդհանրապես լուծում չունի, և աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Եթե չես հավատում լուծմանը, այդ հարցը երբեք լուծում չի ստանում»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































