Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիան Շուշիում կազմակերպելը շատ սադրիչ քայլ էր»․ Ռոբերտ Քոչարյանը՝ պատերազմ հրահրելու մասին

Մարտ 21,2026 23:06 Share

Այսօր Աշտարակում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տարեց մի տղամարդ ձայն խնդրեց ու ասաց, որ  հարց չի տալու, ասելիք ունի, և այն վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելու սպառնալիքին։

Տղամարդն ասաց, որ շատ ժամանակ է տրամադրել Հայոց պատմությունն ուսումնասիրելուն ու համոզվել է, որ հայ ժողովուրդը երբեք չի վախեցել պատերազմից ոչ մի դարաշրջանում։

«Ես մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ արցախյան պատերազմը չի հաղթել Ալիևը, մենք չենք վախենում պատերազմից, բնականաբար չենք ուզում պատերազմ։ Խնդրում եմ՝ իշխանության գալու դեպքում մի կետ ավելացրեք, պատժեք դավաճաններին»,- ասաց քաղաքացին։

Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնելով՝ արձագանքեց․ «Այնուամենայնիվ մի քանի խոսք պետք է պատերազմի մասին ասեմ։ 20 թվականի պատերազմը չպետք է լիներ, այդ պատերազմը հետևանք է սխալ քաղաքականության։ Եթե հիշում եք՝ 18 թվականից մինչև 20 թվականը Հայաստանի իշխանությունները  կարող էին․․․ Այսպես ասեմ, ես ռադիկալ հայացքներ ունեի, բայց ես ասում էի՝ սրանք ինչ են անում, սրանք մեր գլխին պատերազմ են բերելու՝ ձախողելով բանակցային գործընթացը, ամպագոռգոռ  հայտարարություններ անելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ մի քանի ծափահարություն այսպես ասեմ՝ պոկելու համար։

Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիան Շուշիում կազմակերպելը շատ սադրիչ քայլ էր, կարող է հիմա ասեն՝ խելքս չէր կտրում, Շուշիում չէի անում, Շուշին չափազանց զգայուն հարց է, և ադրբեջանցիների համար։

Մի կողմից քո դաշնակցի հետ հարաբերությունները փչացնում ես,մյուս կողմից քո թշնամուն անընդհատ հրահրում ես, սադրում ես, արեցին ամեն ինչ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ևս մերձեցնելու ուղղությամբ։

Պատերազմի ժամանակ արեցին ամեն ինչ այդ պատերազմում պարտվելու համար։ Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք, ապուշ կառավարում էր այդ պատերազմում»։

ՀՀ երկրորդ նախագահն ասաց՝  պատերազմ թող չլինի, բայց այդ ամենը չի նշանակում զիջումների ճանապարհով, դա նշանակում է արժանապատիվ դիվանագիտության և քաղաքականության ճանապարհով։

«Եվ մենք խոսում ենք երաշխավորված քաղաքականության մասին, եթե խաղաղությունը երաշխավորված չէ, եթե խաղաղությունը կախված է մեկ մարդու տրամադրությունից, դա խաղաղություն չէ», ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ այդ երաշխավորված խաղաղությունը ստանալու են, այն լուծվող հարց է․ և ինքն այն մարդն է, ով կարող է այդ հարցը լուծել։

«Խաղաղությունից խոսում են մարդիկ, որոնք պատերազմ են բերել մեր ժողովրդի գլխին և փորձում են պատերազմը կապել մի մարդու հետ, որը տասը տարի խաղաղություն էր ապահովում», -եզրափակեց Ռոբերտ Քոչարյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031