Այսօր Աշտարակում «Հայաստան» դաշինքի անդամների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հարցրեց Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից, որը, նրա բնութագրմամբ, օրվա իշխանությունն ամենօրյա ռեժիմով առճակատման է տանում, «կգբ»-ի գործակալներ փնտրում։ Նա նաև հարցրեց «Խաղաղության պայմանագրի» մասին։ «Պարոն նախագահ, ենթադրենք այդ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի Ազգային ժողովում չի ընդունվում, ի՞նչ է լինելու։ Իրո՞ք այս իշխանության օրոք խաղաղություն է լինելու»,-հետաքրքրվեց քաղաքացին։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես արձագանքեց վերջին հարցին․ «Այս իշխանության օրոք խաղաղություն երբեք չի լինելու։ Այս իշխանությունն ամենից մեծ թշնամին է խաղաղության։ Այս իշխանությունն արել է ամեն ինչ, որ երաշխիքների մասին ընդհանրապես խոսք չգնա։ Ինձ համար ամենազարմանալին հենց սա է, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի խոսում երաշխիքների մասին։
Պատճառը մեկն է, ինքն ուզում է, որ այդ խաղաղությունը կապված լինի միայն իր անվան հետ, իր գոյության հետ իշխանության աթոռին, ուրիշ պատճառ ուղղակի չկա։
Աշխարհի փորձը ցույց է տալիս, որտեղ կան երաշխիքներ, նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի, խաղաղություն կա, որտեղ կան խաղաղության պայմանագրեր, չկան երաշխիքներ, ինչ-որ ժամանակ անց վերսկսվում է պատերազմը, սա այբուբեն է»։
Կարդացեք նաև
ՌԴ-ի հետ հարաբերությունների հետ կապված էլ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այս իշխանությունները այդ հարաբերություններում լարվածություն են մտցրել 2018 թվականից։
«Ինձ համար սկզբում հասկանալի չէր, թե ինչու են դա անում, հետո հասկանալի դարձավ, որ կա շատ կոնկրետ նպատակ․ հեռանալ հայ-ռուսական ձևավորված դաշնակցային հարաբերություններից և փորձել աշխարհաքաղաքական վեկտորը շրջել։ Բոլորդ մտածեցիք դեպի Եվրոպա՞, ո՛չ, շրջել դեպի Թուրքիա։ Եվրոպան մեր հարաբերություններում ներկայացված է լինելու Թուրքիայի միջոցով։ Եվ սրա համար պետք է ժողովրդի մոտ ձևավորել բացասական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։
Հիմնականում հիասթափությունը Ռուսաստանի նկատմամբ ինչից է հիմա գալիս, ասում էին՝ ռուսական զորքերը Ղարաբաղում էին, և ինչո՞ւ Ղարաբաղը չպահեցին։ Եվ սա իսկապես ստեղծում է մի վիճակ, որ հայ ժողովուրդը, որը մշտապես լավ վերաբերմունք ուներ Ռուսաստանի նկատմամբ, այդ հարցը ինքն իրեն տալիս է, և այս իշխանությունը փորձում է ուղղակիորեն թունավորել մեր ժողովրդին, որ ռուսներն այդ պարտավորությունն ունեին և չկատարեցին, և դրա պատճառով կորցրեցինք Արցախը։
Երկու տարի առաջ այդ բացատրությունը տվել եմ, բայց փորձեմ մանրամասնորեն անդրադարձ ունենալ, շատ զգայուն հարց է։ Ընդհանրապես նման վիճակների՝ թեժ վիճակների, կոնֆլիկտների լուծումը ունի երկու մոդել․ մեկը, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում պարտադրել խաղաղությունը, մտցնում են զորք, երկու կողմին անջատում են իրարից և հաստատում են խաղաղություն՝ երաշխիքներով։ Սա կոչվում է պարտադրված խաղաղություն։
Սա այն է, ինչ արել են Բալկաններում, Բոսնիա-Հերցոգովինայում։
Կա մեկ ուրիշ մոդել, երբ կողմերին համոզում են, որ դա պետք է անել և կողմերի համաձայնությամբ տեղադրվում են խաղաղապահ ուժերը։
Այն, ինչ կատարվեց 20 թվականին Ղարաբաղում, դա հենց այս մոդելն է։ Հայտարարության տակ ստորագրել է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ ՌԴ նախագահը։ Սա մի մոդել է, որը ՌԴ նախագահի շատ ակտիվ միջամտությամբ, նա, այո՛, ճնշում գործադրել է, բայց դա չի եղել պարտադրանք, սա քաղաքական ճնշում է մի երկիր ղեկավարի կողմից, որն ունի հեղինակություն, և այդ երկիրն ունի հզոր պոտենցիալ պրոցեսների վրա ազդելու։ Այնուամենայնիվ մոդելը եղել է հետևյալը․ կողմերը համաձայնել են այդ խաղաղության բանաձևին, այդ զինադադարի բանաձևին։ Եվ Ղարաբաղի կարգավիճակն այդտեղ չէր քննարկվում, համարվում էր, որ հետագայում այդ հարցը պետք է քննարկվեր։
Հիմա այդ մոդելը ևս աշխատող մոդել էր, եթե Հայաստանը մեկ տարի, երկու տարի անց Պրահայում կոպիտ ասած չթռներ այդ մոդելից։ Հայաստան ուղղակի թռել է այդ մոդելից, և ամբողջ այդ կոնստրուկցիան, որը այդ զինադադարը, այդ խաղաղությունը պահում էր, փլուզել է։
Թռնել այդ մոդելից և մեղադրել ռուսական կողմին, թե ինչու Ղարաբաղը չի պահել․․․ Ու թռել է այդ կոնֆլիկտից այն երկիրը՝ Հայաստանը, որն իր անվտանգության հայեցակարգով հայտարարել է, որ ինքը երաշխավորն է Արցախի անվտանգության։
Այս ամենը չտեսնել և այս ամենը փաթաթել Ռուսաստանի գլխին, սա նշանակում է՝ չունենալ ամոթի զգացում, բայց դու ստեղծում ես մի շատ վտանգավոր և տարօրինակ վիճակ, փոքր երկիր լինելով՝ դու ցույց ես տալիս, որ դու վստահելի գործընկեր չես։ Փոքր երկրի համար նման վարքագիծը ուղղակի սպառնալիք է փոքր երկրի անվտանգությանը։ Այստեղից է գալիս մեր ժողովրդի մոտ անվստահությունը»։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ տաս տարի շփվել է ՌԴ ղեկավարության հետ և չի եղել գեթ մեկ դեպք, որ որևէ պայմանավորվածություն կատարված չլինի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































