Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը Արմեն Ավինյանի օգտին որոշում է կայացրել՝ գտնելով, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարողները խումբ չեն կազմում․ «Հետք»

Մարտ 22,2026 12:50 Share

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026թ. մարտի 20-ին բեկանել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ կայացված վճիռը և «Օպելի» վարորդ Գրիգոր Իսկանդարյանի հայցը մերժել է։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025թ. հուլիսի 4-ին, մասնակի բավարարել էր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Գրիգոր Իսկանդարյանի հայցն ընդդեմ Արմեն Ավինյանի։ Դատարանը վճռել էր, որ «համբալ» վիրավորական արտահայտության համար Ա. Ավինյանը պետք է վճարեր 250 հազ. դրամ որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

2024թ. դեկտեմբերի 26-ին «Օրագիր NEWS» լրատվական կայքի յութուբյան կայքում հրապարակվել է «Կարմիր գծերը պետք է 500 հազար սարքեն. հարցում» վերտառությամբ տեսանյութ: Լրագրողը հարցման շրջանակում դիմել է նաև քաղաքապետի հորը։ Արմեն Ավինյանը, լրագրողի հարցին ի պատասխան, որ հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160.000 դրամ, պատասխանել է. «Պտի 500.000 դրամ սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստե՝ ամեն իրա գեղի օպելով, և ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չեն օժտված, գնացեք Իտալիա տեսեք, ավտոյի գին պտի մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն, ավտոյի գին տարին պիտի մուծեն՝ ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն»:

Ըստ Գրիգոր Իսկանդարյանի՝ արատավորվել է իր պատիվը և արժանապատվությունը, քանի որ ունի «Օպել» մակնիշի մեքենա, որ բազմիցս երթևեկել է Երևան քաղաքի կենտրոնում, և Արմեն Ավինյանի կատարած արտահայտությամբ՝ յուրաքանչյուր ոք «համբալ» է, եթե ունի «Օպել» մակնիշի մեքենա, երթևեկում է Երևան քաղաքի կենտրոնում:

Դատարանն արձանագրել էր, որ Արմեն Ավինյանի կողմից հրապարակային արտահայտված միտքը թեև իր բնույթով անհասցե է, սակայն ողջամտորեն երրորդ անձի մոտ կարող է ստեղծել օբյեկտիվ ընկալում, որ դրանում օգտագործված «համբալ» արտահայտությունը վերագրելի է հենց նշված մակնիշի ավտոմեքենան տիրապետող անձանց։

Անդրադառնալով արտահայտության վիրավորական բնույթին՝ դատարանը վիրավորական էր գնահատել «համբալ» արտահայտությունը ոչ թե առավելապես հիմք ընդունելով դրա բառարանային կամ պարզ բառիմաստային բովանդակությունը, այլ նման արտահայտության կատարման պահին դրա՝ հասարակության մեջ որպես վիրավորական ընկալման իրողությունը:

Արմեն Ավինյանը բողոքարկել էր այս վճիռը։ Վերաքննիչ դատարանը, քննելով քաղաքապետի հոր դիմումը, նրա օգտին որոշում էր կայացրել։

Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենա վարողները կամ սեփականատերերն ինքնին խումբ չեն կազմում, քանի որ չեն բավարարում խմբի իրավական ընկալման համար անհրաժեշտ հատկանիշներին։ Միայն այն հանգամանքը, որ տարբեր անձինք ունեն կամ վարում են նույն մակնիշի ավտոմեքենա, նրանց չի վերածում այնպիսի հանրույթի, որի նկատմամբ հանրային արտահայտությունը կարող է գնահատվել որպես խմբին ուղղված ոտնձգություն։

Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր oragir.news-ի կոլաժից

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031