Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն ու Հայաստանը միասնական են, 30 հազար քառակուսի կիլոմետրին գումարած էն 12 հազար քառակուսի կիլոմետրը». մետրոյում արցախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտ 22,2026 13:26 Share

Նիկոլ Փաշինյանը այսօր, հավանաբար, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում Երեւանի մետրոյով շրջագայելիս խոսքակռվի մեջ մտավ արցախցի մի երիտասարդ կնոջ հետ, որի երեխային ցանկանում էր նվիրել 29 743 քկմ. Հայաստանի քարտեզի մանրակերտը, սակայն մերժում ստացավ։ Դրանից հետո արցախցի կնոջ ու Փաշինյանի միջեւ թեժ խոսակցություն ծավալվեց։

Փաշինյան. «Բայց ձեր տղան այս քարտեզում ա ապրելու։ Էդ հաշվի առեք»։

Արցախցի. «Մի գուցե հիմա, բայց…»։

Փաշինյան. «Էլ բայց չկա։ Մենք չենք թողելու, որ էդ ձեր գաղափարաբանությունը էլի…»։

Արցախցի. «Մեզ չեք թողնելու, որ մենք մեր Արցախում ապրե՞նք։ Դուք չեք թողել արդեն, բայց դուք չեք կարող մեզ զրկել մեր՝ Արցախ վերադարձից։ Ուզում եմ՝ չշարունակենք։ Ցանկություն չունեմ։ Մենք… ուշանում ենք։ Թե չէ, հենց տեսանք ձեզ, կիջնեինք»։

Փաշինյան. «Չէ, ես կշարունակեմ։ Քանի որ ես ձեզ լսեցի, դուք էլ ինձ պետքա լսեք։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ 2023 թվականին էդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ ես սահմանները փակել եմ, որ ժողովուրդը Ղարաբաղից չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեմ։ Հիմա էկել եք ստեղ, ասում եք «Վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք»։ Բա, մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք էնտեղ մնաք, բա ընչի՞ չեք մնացել»։

Արցախցի. «Ինձ հետ մատ թափ տալով մի խոսացեք եւ ընդհանրապես բարձր ձայնով մի խոսացեք…»։

Փաշինյան. «Ոչ, ես ձեզ հետ տենց կխոսեմ։ Ու էս քարտեզի մասին որեւէ մեկդ տենց քամահրանքով չխոսաք»։

Արցախցի. «Մեծ քարտեզի մասին՝ գումարած 12 հազար քառակուսի կիլոմետր»։

Փաշինյան. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ Ղարաբաղ եմ տվել»։

Արցախցի. «Փախածներո՞վ։ Եթե մեկ-երկու ղարաբաղցի, արցախցի եք գտել, ովքեր ձեզ իշխանահաճություններ են անում, էդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները նման կարծիք ունեն»։

Փաշինյան. «Տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ էսօր քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում…»։

Արցախցի. «Որովհետեւ ուրիշ ճար չունեն։ Մինչեւ էդ էլ մենք կապույտ անձնագրեր ունեինք Հայաստանի Հանրապետության, որը անձնագիր էր, այլ ոչ թե ճամփորդական փաստաթուղթ։ Մարդիկ եթե նորից քաղաքացիություն են վերցնում, դա նշանակում է, որ ուրիշ ճար չունեն…»։

Փաշինյան. «Ես մենակ մի բան եմ խնդրում. էդ պանդխտության բանը պետքա հանել, պետքա հանդարտվել։ Էդ երեխան ապրելուա Հայաստանում, պետք չի էդ երեխայի մեջ պանդխտության գեն մտցնել։ Ուրիշ բան չեմ ասելու։ Հանգիստ եղեք»։

Արցախցի. «Երեխան հիմա էլ է իր հայրենիքում ապրում, որովհետեւ իր հայրենիքը՝ Արցախն ու Հայաստանը միասնական են, 30 հազար քառակուսի կիլոմետրին գումարած էն 12 հազար քառակուսի կիլոմետրը»։

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ․-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Մերուժան Մոսիյանը եղել է Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Այս պատմությունը Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթի հայկական տարբերակն է: Փոքրիկն ու իր հերոս մայրիկը շփփացրին Նիկոլի քիթ-մռթին. «Բայց չէ՞ որ նա մերկ է»:

  2. Եզակի հայ մարդ, հրաշալի հայ մայր, երանելի հայ դուստր:

    Շնորհակալություն, մեր հիանալի լրագրողներին լուրը հասցնելու համար:

    «Ի դեպ, զրույցի ընթացքում, թեև կինը խնդրում էր, որ չտեսանկարահանեին իրեն և որդուն, այդուհանդերձ տեսանկարահանումը շարունակվում էր»… բռնապետի, ֆեոդալի իրավունքով:

  3. Հայ մարդ says:

    Հայ կնոջ հրաշալի ոգեղենության անկրկնելի դրսևորում է։ Հստակ երևաց, թե ինչպես է ազգային արժեքներ կրող համարձակ հայ կինը ջախջախում ալիևից վախեցած, ճղճղացող, ազգային նկարագրից զուրկ, օտարահպատակ իշխանավորին։

  4. Չեմ կարողանում հանգստանալ` ոնց որ մաքուր ջուր խմես, սարի օդ շնչես, աչքդ գեղեցիկ տեսնի… մի տեսակ վերակենդանացա:
    Այս սովորական տեսք ունեցող արցախցի կինը ունի հանճարեղ խոսք, առյուծի սիրտ ու սարերի հովի մեղմություն:
    Իսկապես արտակարգ ժողովուրդ ենք` հերոսից հերոսուհի է ծնվել: Ու բալիկն էլ ուշադիր ունկնդրում է, դաս է անում:
    Հը, ի՞նչ գործի են 44-օրյաի մեր հերոսների հարազատները: Սենց են պահում զոհվածին ապրողների մեջ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031