Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում «հայելային» զուգահեռ էր արել՝ Արցախից տեղահանվածների և Հայաստանից հեռացած ադրբեջանցիների հարցերը նույն հարթության վրա դնելով. «Ամեն անգամ, երբ մենք այդպես ենք ասում, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում. երբ ասում ենք «վերադարձ», ի՞նչ վերադարձ, Ադրբեջանն էլ նույն ձևով նույն բանն է առաջ քաշում, այդ թեմաները զարգանալու են, բախվելու են իրար ու դառնալ պատերազմ»։
«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Եթե Ադրբեջանն ասեր՝ գիտե՞ք, Խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, կարո՞ղ է ես ու դուք ասեինք՝ չեն ապրել: Ապրել են, օրինակ, 1989 թվականի վերջին խորհրդային մարդահամարի տվյալներով՝ մոտ 80-86 հազար թիվն է նշվում: Մենք էլ կասեինք՝ Խորհրդային Ադրբեջանում ապրել են հայեր՝ Բաքվում, Սումգայիթում և այլն: Բայց խոսակցությունն այս մասին չէ. Ադրբեջանն ասում է՝ ձեր պետությունն ու ձեր հողն իմն են»:
Սա գնահատելով իբրեւ զավթողական հայեցակարգ՝ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, թե սա միայն քաղաքական հայտարարություն չէ, սա անգամ հանրակրթական դպրոցներում է դասավանդվում. «Ադրբեջանցի երեխան հինգերորդ դասարանում առաջին անգամ անցնում է պատմություն, բացում է դասագիրքն ու բառացի գրած է. «Հայկական ԽՍՀ-ն ձևավորվել է ադրբեջանական հողերի վրա»։
Կարդացեք նաև
2025-ի նոյեմբերին Իլհամ Ալիեւը հրահանգել էր ակադեմիկոսներին «ստեղծել ավելի շատ գիտական աշխատանքներ, հանրամատչելի նյութեր, որպեսզի այս իրողությունները (որ Հայաստանի տարածքում բնակվող հայերը չունեն իրենց բնակության վայրերի նկատմամբ պատմական իրավունք) տարածվեն նաև Ադրբեջանից դուրս: Սա կնպաստի նաև մեր ՀՀ վերադարձին, որ դա լինի տրամաբանական և արդարացի»:
Ադրբեջանի հարցերով փորձագետն այս ելույթն այսպես է մեկնաբանում. «Ինչո՞ւ է ինքն այդպիսի բան ասում։ Ասում է. «Գնացեք ու բան գտեք, որ ապացուցեք, որ այդ հողը մերն է»։ Ինքը չի ասում՝ ինչ-որ մեկը վերադառնա կամ չվերադառնա: Ինքն ասում է՝ այդ հողը մերն է։ Հենց այստեղ է, որ հայկական կողմի, Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն քննություն չի բռնում, որովհետև նա փաստացի իր հայտարարություններով, «հայելային» անհարկի համեմատություններով լեգիտիմացնում է Ադրբեջանի ղեկավարի ասածը։ Արցախ բառը մենք չենք հորինել, մենք չենք գնացել տուն ու մտածել, հորինել այդ բառը»:
Փաշինյանը հայտարարել էր, որ երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, չի կարող լինել պաշտոնյա, որը կշարունակի այդ մասին խոսել. «Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում»: Տաթեւիկ Հայրապետյանի գնահատականով՝ նա, ըստ էության, արգելում է «Արցախ» բառի կիրառումն ու «դրա հետ կապված փաստական նյութերի ներկայացումն ու շրջանառությունը միջազգային դերակատարների համար։ Ընդ որում, դրա մասին փաստագրված նյութեր ունեն նաև միջազգային տարբեր իրավապաշտպան կառույցներ. այնպես չի, որ միայն ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ունի այդ տվյալները։ Ինչ վերաբերում է այս ամբողջ գործընթացին, ապա սա ավելի շատ ոչ թե Արցախի թեման փակելու հարց է, որովհետև Արցախի թեման փակել են: Այնպես է փակել, որ դրա մասին խոսակցություն չի էլ կարող լինել. ամեն դեպքում, այդ թեմայի հետ կապված քննարկում այսօր դժվար է ծավալել. տեղի ունեցածը չես կարող դնել հարցականի տակ: Սակայն այս գործունեությամբ դու մաքրում ես Ալիևին բոլոր այն քայլերից ու գործողություններից, որոնք փաստացի ցեղասպան բնույթ ունեն, այդ թվում՝ նաեւ էթնիկ հենքով ատելության տարածումն ու այլն»:
Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին անընդհատ պնդում է. «Խոսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերաբանակցելու և այդ թվում՝ ուժային եղանակով պարտադրելու մասին, սա միանշանակ և աներկբա նշանակում է ոչ միայն դուռը բացել պատերազմի համար, այլև անխուսափելի դարձնել: Եթե նույնիսկ գնանք ամենալավատեսական կանխատեսումով, վերաբացել հաստատված խաղաղությունը՝ նշանակում է վերափոխելու հնարավորություն ստեղծել այն ամբողջ բովանդակությունը, որը մենք բանակցային պրոցեսի արդյունքում ի վերջո ֆիքսել ենք»: ՀԱԿ փոխնախագահի Լևոն Զուրաբյանի դիտարկումն է, որ «Եթե խաղաղություն բերած լիներ, ուրեմն այդ խաղաղությունը կախված չէր լինի Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ելքից»:
Իսկ Տաթեւիկ Հայրապետյանը սա գնահատեց այսպես՝ «Ալիեւով սպառնալ հայ հանրությանը, որ եթե «Քաղաքացիական պայմանագրին» չընտրեք՝ պատերազմ է լինելու»: Եվ հավելեց. «Փաստացի գործ ունենք մի ղեկավարության հետ, որը իրեն ու մեր պետությունն ամբողջությամբ կախվածության մեջ է դրել Բաքվից, և ասում է՝ եթե Ադրբեջանի թույլտվությամբ կամ հրահանգով, այսպես չանեք, այնպես չանեք, պատերազմ է լինելու։
Ի վերջո, եթե Ադրբեջանում հսկայական ռեսուրս, գումար, դրվում է մեր դեմ զավթողական հայեցակարգի իրագործման և դրա՝ դեռևս խոսույթի մակարդակով ակտիվ տարածման վրա, նշանակում է՝ իրենք ունեն այդ նպատակը մեր հետ կապված։ Եվ երբ մենք տարբեր փաստերով ապացուցում ենք Ադրբեջանի հեռահար նպատակները Հայաստանի նկատմամբ, թիրախավորվում ենք որպես պատերազմի քարոզիչներ, որպես սպառնալիքների մասին խոսողներ՝ ինչպես եք դուք ռիսկ եք անում խաղաղության դարաշրջանում սպառնալիքների մասին խոսել… Հիմա եկել՝ խաղաղության դարաշրջանը հաստատել են, ամեն ինչ զիջել են, ամեն ինչ տվել են, Ալիեւի հետ խաղաղության մրցանակների են արժանանում, ու եկել ասում են՝ վայ, գիտե՞ք, որ մենք հանկարծ գնանք, պատերազմ է լինելու։ Որևէ հետախուզական տվյալ, որևէ բան դուք ունե՞ք։ Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը համաձայնեցին Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ խաղաղության պայմանագրի հետ կապված, Ադրբեջանը սկսեց մասսայական հարձակում, որը բերելու էր էսկալացիայի, և դա կանխվեց ամերիկյան կողմի միջնորդությամբ։
Այսօր դու ունես ամերիկյան կողմի միջնորդությունը, բայց դու շարունակում ես կատարել Բաքվի պատվերները, ենթադրաբար իբրև խաղաղություն ապահովելով։ Դու չես ապահովում խաղաղություն, դու ստեղծում ես իրավիճակ, երբ մենք գտնվում ենք Ադրբեջանի ղեկավարից բառացի, ուղիղ կախվածության մեջ»:
Հաղորդումն ամբողջությամբ
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































