Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բախվում է վտանգավոր եղանակային երևույթներից բխող աճող ռիսկերի. Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար

Մարտ 22,2026 22:11 Share

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացած «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) ազգային ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովի ընթացքում տեսաուղերձով հանդես է եկել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

«Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ազգային ճանապարհային քարտեզի վավերացման աշխատաժողովի տեսաուղերձի տեքստը։

Պրոֆ. Սելեստե Սաուլո

Գլխավոր քարտուղար

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն

Երևան, Հայաստան – 17 մարտի 2026 թ.

Մեծարգո հյուրեր,

Հարգելի գործընկերներ և գործընկեր կազմակերպություններ,

Ինձ համար մեծ հաճույք է այսօր ողջունել ձեզ Հայաստանի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության ազգային ճանապարհային քարտեզի հաստատման աշխատաժողովի կապակցությամբ։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը՝ ցուցաբերած առաջնորդության համար՝ նախարարությունների ակտիվ ներգրավմամբ և ազգային պատասխանատվությամբ։ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնությունը պահանջում է կառավարության մակարդակով համապարփակ հանձնառություն՝ հիմնված ամուր գիտական և տեխնիկական վերլուծության վրա։

🖇Հայաստանը բախվում է վտանգավոր եղանակային երևույթներից բխող աճող ռիսկերի։ Վերջին տարիներին առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղները կործանարար ազդեցություն ունեցան համայնքների, ենթակառուցվածքների և մարդկանց ապրուստի միջոցների վրա։

Ուստի վաղ նախազգուշացման համակարգերում ներդրումներ կատարելը միաժամանակ մարդասիրական հրամայական է և տնտեսական տեսանկյունից հիմնավորված ընտրություն։

✅Կցանկանայի ընդգծել, որ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության շրջանակներում աջակցության դիմումը ներկայացվել է Հայաստանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» (Հայհիդրոմետ) կողմից, որը ցուցաբերել է ուժեղ տեխնիկական առաջնորդություն և հանձնառություն՝ երկրի վաղ նախազգուշացման կարողություններն ուժեղացնելու ուղղությամբ։

Սա արտացոլում է ազգային օդերևութաբանական ծառայությունների կարևոր, սակայն երբեմն ոչ լիովին գնահատված դերը վաղ նախազգուշացման համակարգերում։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ հայտնաբերման, դիտարկման, մոնիթորինգի, վերլուծության և կանխատեսման կարողությունների ամրապնդման գործում, որոնք արդյունավետ վաղ նախազգուշացման համակարգերի հիմքն են։

Սակայն բոլորս գիտենք, որ վաղ նախազգուշացումն ավելին է, քան կանխատեսումը։ Այն պահանջում է միջոցառումների ամբողջական շղթա՝ ռիսկերի իմացություն, մոնիթորինգ և կանխատեսում, նախազգուշացումների տարածում և գործողությունների պատրաստվածություն։

«Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության բոլոր չորս սյուների շրջանակներում Հայաստանը ցուցաբերել է այդ բազմոլորտային մոտեցում։

Ուրախ ենք տեսնել, որ «Վաղ նախազգուշացում բոլորի համար» ազգային ճանապարհային քարտեզը համահունչ է Հայաստանի ազգային ռազմավարություններին, հատկապես Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության մասին նոր օրենքի իրականացման գործընթացին։ Այդ համահունչությունը ցույց է տալիս, թե ինչպես կարող են տեխնիկական գնահատումները նպաստել կոնկրետ ինստիտուցիոնալ և օրենսդրական արդյունքների ձևավորմանը։ Այն նաև ցույց է տալիս, թե ինչպես կարող են գլոբալ նախաձեռնությունները ուժեղացնել ազգային առաջնահերթությունները։

Հարգելի´ գործընկերներ,

Վաղ նախազգուշացումները մարդկանց մասին են։ Դրանք այն մասին են, որ գյուղացին ժամանակին տեղեկանա մոտալուտ ջրհեղեղի մասին, որ ընտանիքը կարողանա անվտանգ տարհանվել մինչև սողանքի առաջացումը, իսկ արտակարգ ծառայությունները պատրաստված լինեն մինչև փոթորկի հարվածը։ Վաղ նախազգուշացումները գիտելիքը պաշտպանության վերածելու մասին են։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանին այս պատասխանատվությունը ստանձնելու համար։ Ձեր համատեղ առաջնորդության և համագործակցության շնորհիվ այս ճանապարհային քարտեզը կարող է վերածվել Հայաստանի ժողովրդի համար ավելի արդյունավետ դիմակայունության և պաշտպանության երաշխիք։

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին՝ հիդրոօդերևութաբանական ծառայությունների ամրապնդման գործում և ապահովել, որ նախազգուշացումները հանգեցնեն գործողությունների։

Եկեք առաջ շարժվենք վճռականությամբ, համագործակցությամբ և առանց հապաղելու, քանի որ աճող կլիմայական ռիսկերի աշխարհում վաղ նախազգուշացումները այլևս շքեղություն չեն․ դրանք կենսարար անհրաժեշտություն են։

Շնորհակալություն։

 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031