Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն ունեցող տղամարդը, թիկնազորով շրջապատված՝ բղավելով, հատուկ ու մատ թափ տալով խոսել է արցախցի կնոջ հետ. Զարուհի Հովհաննիսյան

Մարտ 23,2026 14:59 Share

«Ատելության խոսքը, անհանդուրժողականությունը հնչում է հենց այն անձի կողմից, որը պիտի երաշխավորը լիներ, օրինակ` հանդիսանար հանդուրժողականության, միգուցե նաեւ դիտարկեր այդ խնդիրը ավելի լայն տեսածիրում: Մասնավորապես երեկվա օրինակը մեզ տալիս է այսպիսի ազդակ. բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը մի քանի հիմքով՝ խտրականություն դրսեւորելով, անհանդուրժողականություն եւ ատելության խոսք է հնչեցրել՝ նախ Արցախից բռնի տեղահանված անձի նկատմամբ, որակումներ է կատարել՝ ասելով «փախածներ»:

Երկրորդն այնպիսի մի դրսեւորում էր, որը կարելի է դիտարկել գենդերային բռնության ծիրում, երբ իշխանություն ունեցող տղամարդը բարձր ձայնով, բղավելով, հատուկ ժեստիկուլյացիայով եւ մատ թափ տալով խոսում է կնոջ հետ, ի դեպ՝ նաեւ անպաշտպան կնոջ հետ, որովհետև ինքը թիկնազորով պաշտպանված է այդ տարածքում, եւ դա նաեւ անհավասարություն է ստեղծում՝ իշխանության դիրքերից խոսելու եւ ճնշում գործադրելու իր կարծիքն արտահայտող կնոջ վրա»,- Մեդիա կենտրոնում կայացած «Պայքար ատելության խոսքի դեմ. իրավական կարգավորու՞մ, թե՞ քաղաքական գործիք» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ արցախցի կնոջ միջադեպին: Փաշինյանն իր հետ չհամաձայնող հերոսի դուստր Արմինե Մոսիյանին ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»:

«Եթե դիտարկենք միջադեպը, կինը որեւէ վիրավորական արտահայտություն չի անում, այլ հրաժարվում է ընդունել այն, ինչ մեկնում է Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից՝ դա ճիշտ է, թե սխալ, եւ հատկապես, եթե դա մեկնում են երեխային, երեխայի իրավունքների տեսանկյունից՝ ծնողը միշտ կարող է պաշտպանել երեխային կամ հետ պահել ցանկացած քաղաքական մանիպուլյացիայից: Երրորդ հիմքը երեխաների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքն է եւ սա առաջին անգամը չէ»,- Զարուհի Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանի խոսքով, նախորդ շաբաթ եւս դիտարկել էին, որ երեխաներին ՔՊ-ականները ներքաշում են նախընտրական արշավի մեջ. «Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս երեխաներին, որոնք ընտրական իրավունք չունեն՝ արդյոք ում եք պատրաստվում ընտրել»:

Կրկին խոսելով մետրոյի միջադեպի մասին՝ Զարուհի Հովհաննիսյանը փաստում է, որ տվյալ պարագայում երեխան ականատես է եղել բռնության ակնհայտ դրսեւորումների եւ դարձել անպաշտպան հանրային տարածքում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի ձեւակերպմամբ. «Կարելի է ընդհանրացնել եւ ասել, որ ոչ պաշտոնական քարոզարշավը էթիկական եւ էսթետիկական խնդիրներ ունի, ու քաղտեխնոլոգները պետք է զբաղվեն դրանով»:

Հավելենք, որ Արդարադատության նախարարությունը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի նոր իրավական փաթեթ․ ըստ այդմ՝ կսահմանվի քաղաքացիական և վարչական պատասխանատվություն։ Իշխանությունները դա ներկայացնում են որպես անհրաժեշտ քայլ՝ հասարակությունը ատելության խոսքից պաշտպանելու համար, մինչդեռ մեդիա դաշտում և փորձագիտական շրջանակներում հնչում են մտահոգություններ, որ նման կարգավորումները կարող են օգտագործվել նաև որպես ճնշման գործիք։

Բանախոսների տեսակետը թեմայի վերաբերյալ՝ քննարկման ամբողջական տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Media Center/Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031