Լրահոս
Օրվա լրահոսը

Պառլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսեւորումն է մեր ընկալմամբ. կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում. նախարար

Մարտ 23,2026 15:13 Share

«Ես չեմ ուզում որակումներ տալ եւ դրա իրավունքն էլ չունեմ, բայց եթե չեմ սխալվում, հաջորդիվ վարչապետը հրապարակում է արել այդ միջադեպի հետ կապված եւ կարող եք, օրինակ, մեջբերել վարչապետի հրապարակումը»,- այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպին, երբ նա բղավում էր Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա՝ վերջինիս երեխայի ներկայությամբ եւ մատ թափ տալիս կնոջ վրա:

Լրագրողի հարցին՝ դուք ի՞նչ կանեիք, եթե ձեր երեխայի ներկայությամբ ձեր վրա բղավեին, հետո ներողություն խնդրեին, կներեի՞ք, Գալյանը պատասխանեց. «Ես կմտածեի ինչ անել եւ նույնն էլ խորհուրդ եմ տալիս այդ կնոջը։ Ես չեմ կարող որեւէ որակում տալ այն երեւույթի մասին, որը տեղի է ունեցել, եւ գնահատականը միջադեպին տվել է հենց վարչապետը, ավել որեւէ բան չեմ կարող ասել»։

Անդրադառնալով Սահմանադրության նախագծին՝ նախարարը շարունակեց. «Ստանձնել եմ պարտականություն պատրաստել տեքստը ու մաս առ մաս ներկայացնել խորհրդին: Այդպես էլ անում ենք, խորհրդում քննարկումները շարունակվում են: Մեզ համար տեքստը պատրաստ է, իրավական մասը ամբողջությամբ պատրաստ է, քաղաքական համատեքստն է մշակվում: Դրույթներ հրապարակելու ենք, որ հանրության զգացողությունները շոշափենք, կարծիքներ հավաքենք, փոփոխենք, քննարկենք խորհրդի հետ: Հրապարակումը չի նշանակելու, որ աշխատանքները ավարտվում են, նշանակելու է՝ նոր տեմպով են շարունակվելու»:

Լրագրողի հարցին, ինչքանով է ճիշտ մինչեւ նախագծին խորհրդի քվեարկությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իրենք՝ քաղաքական թիմը, կողմ են, որ Սահմանադրության նախագծում չլինի Անկախության հռչակագրին հղում, արդյոք այդ հայտարարությամբ չի՞ ազդի խորհրդի կարծիքի վրա, Գալյանն այսպես արձագանքեց. «Թող չազդվեն… քաղաքական հայտարարություն է, վարչապետը իրավունք ունի հայտարարել այն, ինչ ճիշտ է գտնում, խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն հայտնել իրենց կարծիքը»:

Գալյանը նաև տեղեկացրեց, որ նոր սահմանադրությամբ կառավարման կարգի փոփոխություն չի նախատեսվում. ըստ նրա. «Պառլամենտարիզմը ժողովրդավարության լավագույն դրսեւորումն է մեր ընկալմամբ»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031