Լրահոս
Օրվա լրահոսը

Ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն ու կվերագործարկվեն ՀՀ տարածքում եւ կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կգործեն մեր երկրի լիարժեք իրավազորության ներքո. Միրզոյան

Մարտ 23,2026 18:09 Share

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ մարտի 23-ի նիստում քննարկվել է Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

2025 թվականի գլխավոր թեման եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատումը: Դրան զուգահեռ համաձայնեցվել են եւ հանրահռչակվել այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենում տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հավելել. «Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կկառուցվեն, կգործարկվեն ու կվերագործարկվեն ՀՀ տարածքում եւ կապ կհաստատեն Ադրբեջանի հետ, կմնան ու կգործեն մեր երկրի լիարժեք իրավազորության շրջանակում եւ ներքո»: Զեկուցողի խոսքով խաղաղությունը կշարունակի գործել, քանի դեռ այն շահավետ կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի համար:

Նախարարը խոսել է նաեւ ԹՐԻՓ նախագծի մասին՝ նշելով, որ այն ներդրումային, տրանսպորտային նախագիծ է: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ընդգծելով, որ առկա է բավականին դինամիկ, դրական եւ խոստումնալից երկխոսութուն:

Ըստ Կառավարության ներկայացուցչի՝ հաշվետու ժամանակահատվածում ռազմավարական գործընկերություն է հաստատվել Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, ինչպես նաեւ Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ Գերմանիայի հետ՝ երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ:

Նշվել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը: Զեկուցողը տեղեկացրել է, որ Եվրոպական միության հետ ընդլայնվել է համագործակցությունը պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում, տրվել է անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկ, ստորագրվել եւ ուժի մեջ է մտել «ՀՀ եւ ԵՄ միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում ՀՀ մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը:

Նախարարը խոսել է ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ուղղությամբ գրանցված առաջընթացի մասին: Նա նշել է, որ այս տարի մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Նաեւ տեղի կունենա ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը:

Արարատ Միրզոյանը հիշեցրել է, որ 2025 թվականին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություններ է հիմնել Կիպրոսում, Օմանում եւ Հունգարիայում:

Նախարարը ներկայացրել է մի շարք երկրների հետ գործակցության մակարդակը, ապա պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031