Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 4 տարիների ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր նախաձեռնությունները մերժվել են. «Հետք»

Մարտ 23,2026 22:40 Share

8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավելի քան 4 տարիների ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների և խմբակցություններում չընդգրկված պատգամավորների ներկայացրած գրեթե բոլոր նախաձեռնությունները մերժվել են։ Օրենսդրական նախաձեռնություններից բացի՝ իշխող մեծամասնությունը մերժում է նաև ընդդիմադիր պատգամավորների առաջարկությունները։

Ըստ ԱԺ կայքում հրապարակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 19-ի դրությամբ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 2418 օրենք, հայտարարություն, նախագիծ, ընտրել անկախ մարմինների անդամներ։ Դրանցից 2272-ը օրենսդրական նախաձեռնություններ են։

Այդ նախաձեռնություններից միայն 6-ն են հեղինակել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։

«Հետքն» ուսումնասիրել է ընդդիմադիր և անկախ պատգամավորների նախաձեռնությունները։ Ճշգրիտ և ամբողջական վիճակագրություն, թե քանի նախաձեռնություն է ներկայացվել, և դրանք ինչ ճակատագիր են ունեցել, ոչ խմբակցությունները, ոչ անկախ պատգամավորները չեն վարում։

Թեև նրանք տրամադրել են իրենց տվյալները, պաշտոնական աղբյուրների և խմբակցությունների ներկայացրած վիճակագրության համադրմամբ պարզ է դարձել, որ դրանք ամբողջական չեն։ Ներկայացված վիճակագրությունը կազմվել է տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման արդյունքում։

Ինչպես ձևավորվեց 8-րդ գումարման Ազգային ժողովը

8-րդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել է 2021 թվականին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Ընտրություններն անցկացվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի պայմաններում։

Պատերազմում պարտություն կրելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով լայնամասշտաբ բողոքի ակցիաներ իրականացրին ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի համախոհները։

Սակայն, արտահերթ ընտրություններով Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին ստացավ սահմանադրական մեծամասնություն, երկրորդ և երրորդ տեղերում էին Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը և Սերժ Սարգսյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։

Պատգամավորների 107 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ․ 71 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, 29 մանդատ՝ «Հայաստան» խմբակցություն, 7 մանդատ՝ «Պատիվ ունեմ» խմբակցություն։

2021 թվականի դեկտեմբերին «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս եկավ Իշխան Զաքարյանը, 2024-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից դուրս եկավ Գեղամ Նազարյանը։ Նույն թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Այս չորս պատգամավորները մանդատները վայր չդրեցին և շարունակում են գործել որպես խմբակցություններում չընդգրկված՝ անկախ պատգամավորներ։

Այս իրադարձություններից հետո խմբակցություններն ունեցան մանդատների հետևյալ բաշխվածությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 69 պատգամավոր, «Հայաստան»՝ 28 պատգամավոր, «Պատիվ ունեմ»՝ 6 պատգամավոր, խմբակցություններում չընդգրկված 4 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցություն

Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ քաղաքական ուժը «Հայաստան» խմբակցությունն է՝ 28 պատգամավորով։ Խմբակցության տրամադրած և ԱԺ կայքում առկա տեղեկություններով, խմբակցությունը և նրա պատգամավորները 2025 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ներկայացրել են 53 նախաձեռնություն։

Այդ նախաձեռնություններից ընդունվել է միայն 6-ը, մերժվել է 26 նախաձեռնություն, հեղինակի կողմից հետ է վերցվել 21 նախաձեռնություն։ Նշենք, որ խմբակցության տրամադրած վիճակագրության մեջ նույն նախագծի լրամշակված տարբերակները ներկայացված են որպես առանձին նախաձեռնություններ, սակայն մենք դրանք հաշվարկել ենք որպես մեկ նախաձեռնություն։ Իսկ մեկ նախաձեռնությունից բխող այլ օրենսդրական փոփոխությունների նախագծերը ընդունել ենք որպես առանձին նախաձեռնություններ։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031