Մամուլի շենքը հնարավոր է հյուրանոց դառնա, այն էլ ցածր սեգմենտին ծառայող էժան հյուրանոց: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն եւ PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացրել են Մամուլի շենքի վերանորոգման նախագիծը։ Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է PROSPECT24 ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանի հետ:
Մեր հարցին՝ ինչո՞ւ որոշվեց, որ շենքը հարմար է հենց հյուրանոցի համար, հատկապես որ հարեւանությամբ բարձրակարգ հյուրանոց է գործում, PROSPECT24 ՓԲԸ-ի տնօրենը այսպես է արձագանքում. «Դրանք տարբեր սեգմենտների համար աշխատող հյուրանոցներ են: Կարող է մի քանի մետր հեռավորությամբ էլ հյուրանոց լինի, որը նույն ձեւով աշխատի: Տվյալ կառույցի լավագույն օգտագործման հնարավորությունն է ուսումնասիրվել, բացահայտվել… Երբ ուսումնասիրում էինք, որ մամուլի շենքը լիներ բիզնես կենտրոն, այդ ժամանակ առաջանում էր հարց՝ որտե՞ղ պետք է լինեն կայանատեղիները, կա՞ նման հնարավորություն: Բիզնես կենտրոնը աշխատանքի եւ աշխատողների ավելի մեծ ծավալ էր ունենալու, այդ ժամանակ մեքենաների կայանատեղիի անհրաժեշտություն էր լինելու, ինչը տարածքը չունի, իսկ Արշակունյաց փողոցը ծանրաբեռնված է մեքենաների հոսքով:
PROSPECT24-ի ուսումնասիրության արդյունքում եկել ենք եզրակացության, որ Մամուլի շենքը կարող է լինել ավելի ցածր սեգմենտի համար ծառայող հյուրանոց: Այդ իմաստով կառույցը համապատասխանում է միջազգային նորմատիվներին՝ չափերով, սենյակների հնարավորություններով, խորությամբ: Բայց թե վաղը ինչ կլինի, ներդրողն է որոշելու: Գուցե հետագայում կառույցը կրկին դառնա բիզնես կենտրոն, բայց ցանկացած դեպքում պետք է այնտեղ ամրացման աշխատանքներ կատարվեն: Մենք շենքը տվել ենք ստուգման, արվել է լիցենզավորված կազմակերպությունների կողմից սեյսմիկ ստուգում, նախագծողներ, ճարտարապետներ են աշխատել, այսինքն` ամեն բան ուսումնասիրել եւ հասկացել ենք, որ վերջիվերջո այդպես չի կարող մնալ, գնալով ավելի շատ է քայքայվելու, պետք է ամրացնել, ու եկել ենք այն համոզման, որ ավելի էժան ու հարմար կլինի, որ հյուրանոց դառնա: Մոտակայքում կան թանկ հյուրանոցներ, մի քիչ վերեւ էլ «Մարիոթն» է գտնվում:
Սա կլինի ավելի էժան հյուրանոց, որը ներդրողին ձեռնտու կլինի, բայց չեմ բացառում, որ հյուրանոցում կլինեն նաեւ բիզնես հատվածներ, որտեղ մարդիկ գրասենյակներ ունենալու հնարավորություն կունենան, դա ներդրողի որոշելիքն է: Մենք առաջարկում ենք, տալիս ենք մեր փաթեթը լիցենզավորված ընկերություններին գնահատման, լիցենզավորված ընկերությունները գնահատում են, այնուհետեւ փաթեթը վերադարձնում ենք պետական գույքի կառավարման կոմիտեին, որը նա փաթեթով կներկայացնի աճուրդի կամ մրցույթի: Դա որեւէ մեկի պատվերով կամ պահանջով չի արվում, այլ արվում է բացահայտելով այդ շենքի, անշարժ գույքի հնարավորությունները»:
Կարդացեք նաև
Վարդան Ալեքսանյանը հավելեց, որ ունեն համագործակցության հուշագիր պետական գույքի կառավարման կոմիտեի հետ, որի շրջանակներում աշխատում են խնդրահարույց գույքերի հետ:
«Պատկերացրեք՝ պետությունը պրոբլեմատիկ պետգույքը տալիս է գնահատման, ընդունենք, այն գնահատվում է 3 մլրդ, բայց պետությունը չի ցանկանում այդ արժեքով վաճառել, մտածում է՝ ափսոս է, կարելի է ավելի թանկ վաճառել: Խնդիրներով հանդերձ, պետության շահը պահելով՝ փորձում ենք հասկանալ, թե ինչ պետք է արվի, որ կառույցին ավելի արժեք տալը հիմնավորվի: Օրինակ, եթե հողատարածք ենք վաճառում, դուք հետաքրքրվում եք, ձեզ ասում են՝ 2 հարկ են տալու ATЗ-ն, դուք կարող եք հետագայում կառուցել 2 հարկ, ընկերությունն աշխատում է, գնահատվում է հողատարածքը այդ չափանիշներով X գումար, բայց երբ վերցնում ես, ուսումնասիրում ես, դրա վրա անում ես էսքիզային նախագիծ, բացահայտում ես հնարավորությունները, համայնքին ենք տալիս, համայնքը դրա վրա տալիս է 8 հարկի ATЗ, հողատարածքի արժեքը բարձրանում է: Մենք տալիս ենք ներդրումային փաթեթը, բիզնես խորհրդատվական ընկերությունը դրա վրա հաշվարկներ է անում, տալիս է դրա ֆինանսական մասը, թե ինչքան ներդրում կարելի է անել եւ ինչքան շահույթ կարելի է ակնկալել: Գնահատող ընկերությունը հաշվի է առնում փաթեթը, տվյալ գույքի հնարավորությունները եւ տալիս է լիարժեք արժեք, ու այդ պարագայում գույքի արժեքը լինում է ավելի բարձր՝ ի շահ պետության: Հիմա նույնը կատարվել է անմխիթար վիճակում գտնվող Մամուլի շենքի հետ»,- օրինակներով պարզաբանեց PROSPECT24-ի տնօրենը:
Վարդան Ալեքսանյանին հարցրինք՝ Մամուլի շենքը կառուցվել է խորհրդային տարիներին, անհատույց տրամադրված է եղել լրատվամիջոցներին, որոնց վտարել են այդ շենքից, արդյոք այդ փաստը ստվեր չի՞ գցի նախագծի վրա, քանի որ հանրային ընկալման մեջ դա ամեն դեպքում Մամուլի շենք է եւ ոչ թե հյուրանոց: «Չեմ կարող ասել… Ինձ համար որպես երեւանցի՝ շատ հարցեր կան նույն Հանրապետության հրապարակի շենքերի հետ կապված, որոնց մեծ մասն ունի սեփականատերեր, դրանք գրչի մի հարվածով տրվել են կոնկրետ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, եւ պետությունը չի կարողանում այդ ամենը ոչ կառավարի, ոչ հետ բերի: Մամուլի շենքի հետ կապված էլ կարծում եմ՝ նորմալ կլինի, կարող է վաղը ներդրողը հաշվի առնելով, որ դա մամուլի շենք է եղել, ինչ-որ մի հարկ տրամադրի մամուլի աշխատակիցներին: Օրինակ, ես որպես բիզնեսմեն՝ նման մի բան կանեի, մամուլի հետ կապված մարդկանց կհրավիրեի աշխատելու, հետաքրքիր կլիներ… Հիմա դա կախված է ներդրողից, ներդրումներից»,-ասաց մեր զրուցակիցը:
Հարցրինք նաեւ, թե ինչու է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն հենց PROSPECT24 ՓԲԸ-ի հետ համագործակցում այս նախագծի շուրջ: «Նախ առաջինը՝ PROSPECT24-ում ներգրաված են ոլորտի 3 ընկերություններ, այսինքն` միջազգային չափանիշներին համապատասխան եւ լիցենզավորված, միակ եվրոպական լիցենզիայով ճարտարապետական գրասենյակը, երկրորդը 30 տարվա փորձ ունեցող մեծ բիզնես-խորհրդատվական ընկերություն է, եւ անշարժ գույքի վաճառքով զբաղվող «Դիգնիսի» ընկերությունը, որը աշխատում է 130 կառուցապատողի հետ… 3 կազմակերպությունները միասին ստեղծել են PROSPECT24-ը, որը զբաղվում է փաթեթներով, նախագծերով, կոնցեպտների մշակումներով, առաջարկություններով եւ այլն: Պետգույքի կոմիտեն մրցույթ էր հայտարարել, որին պետք է մասնակցեին այն կազմակերպությունները, որոնք կարող էին փաթեթներ ստեղծել, որպեսզի պետությունը գույքերը փաթեթավորված եւ իր համար շահավետ վաճառի: Մենք մասնակցեցինք (ուրիշ մասնակից չկար) մրցույթը շահեցինք, կնքվեց հուշագիր: 3 փաթեթ ենք արել, չորրորդն ենք անում, երբ վերջնական փաթեթը ներկայացնում ենք, պետգույքի կոմիտեն դնում է շրջանառության, ու գերատեսչությունների հաստատելուց հետո լինում է աճուրդ»,-հայտնեց Վարդան Ալեքսանյանը:
PROSPECT24 -ի կայքից տեղեկանում ենք, որ 2025թ․ հունվարի 24-ին Պետական գույքի կառավարման կոմիտեն եւ «Դիգնիսի» ՍՊԸ-ի կողմից իրականացվող PROSPECT24 նախագիծը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ օտարման ենթակա պետական գույքի ներդրումային փաթեթների կազմման նպատակով: Ըստ նույն աղբյուրի, PROSPECT24 նախագիծը, որն իրականացվելու է «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի համատեղ ջանքերով, ընտրվել է երկփուլ մրցութային գործընթացի արդյունքում՝ համապատասխանելով ծրագրի պահանջներին եւ չափանիշներին:
Նշենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ հուշագրի ստորագրումից 4 օր առաջ՝ հունվարի 20-ին էլ «Դիգնիսի» ՍՊԸ-ի (տնօրեն՝ Վարդան Ալեքսանյան) եւ «Իմ քայլը» հիմնադրամի միջեւ էր կնքվել համագործակցության հուշագիր, եւ Աննա Հակոբյանն էլ տեսանյութ էր հրապարակել տեղեկացնելով, որ այդ հուշագրով «Դիգնիսի»-ն նպատակ ունի աջակցել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին։ PROSPECT24 ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Ալեքսանյանը նաեւ այն հաջողակ տղամարդկանցից մեկն է, որը 2024թ 1 մլն դրամ մուտքավճար էր վճարել՝ մասնակցելով Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին: Ըստ մամուլի հրապարակումների, Ալեքսանյանն անցնում էր մի քրեական գործով, որի հետ կապված նրա նկատմամբ անգամ հայտարարված է եղել հետախուզում։
Վարդան Ալեքսանյանը դեռ 2010 թվականից մեղադրվում էր խարդախության եղանակով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից գումարներ հափշտակելու մեջ։ Քրեական գործը 2020 թվականից գտնվում է դատարանում և քննությունը շարունակվում է ։ Համաձայն քրեական գործի՝ Ալեքսանյանը ներկայացել է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքում գտնվող «Մուսալեռ» հուշահամալիրի հարևանությամբ գտնվող հողատարածքների սեփականատեր և վաճառել է այդ հողատարածքները՝ չունենալով դրանց սեփականատերերի համաձայնությունը։
2010 թվականին նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել: 2018 թվականի հունիսի 21-ին Վարդան Ալեքսանյանը Վրաստանում հայտնաբերվել և կալանավորվել է։
2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ Վարդան Ալեքսանյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որը 2023-ի նոյեմբերին փոխարինվել է գրավով։
«Բի-Էս-Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի ղեկավարը Սամվել Գեւորգյանն է: Նա եւս «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցած կազմակերպություն է: Մասնավորապես «Իմ քայլը» հիմնադրամը են «Բի-Էս-Սի»-ն համատեղ իրականացրել են «Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը, որի նպատակն է աջակցել սկսնակներին՝ փորձառու գործարարների ուղղորդմամբ։
Khachaturian Architects ստուդիայի կայքում կարդում ենք, որ իրենց թիմում Մոսկվայի, Միլանի ճարտարապետներ, դիզայներներ ու շինարարներ են, ղեկավարն էլ Աշոտ Խաչատուրյանն է՝ Ճարտարապետների պալատի անդամ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































