Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի տագնապը 2008-ի և 2014-ի կրկնության վտանգի գիտակցումն է, այս անգամ՝ Սամվել Կարապետյան-Լեւոն Տեր-Պետրոսյան դաշինքի տեսքով. Սամվել Աբրահամյան

Մարտ 24,2026 14:26 Share

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյան

Կարճ անդրադարձ հրատապ լուծում պահանջող խնդրին

Թեման, որի մասին կխոսեմ, ծավալուն է և բազմաշերտ։ Բայց կանդրադառնամ ընդամենը մեկ, գիտականորեն հիմնավորված շատ կարևոր ասպեկտի՝ ընտրողի վարքագծին։

Սկզբում հարցեր․

1, 1998 թվականի հրաժարականից հետո և մինչև 2007 թվականի սեպտեմբերի 21-ը (շուրջ 10 տարի) առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լռել է։ Փոխարենը 12 հեռուստաալիք և գրեթե ամբողջ մամուլը 10 տարի ամենօրյա ռեժիմով վարկաբեկել և քարկոծել են նրան՝ իր դեմ տրամադրելով ողջ հասարակական կարծիքը։ Սակայն ընդամենը մեկ դահլիճային ելույթով և մեկ հանրահավաքով առաջին նախագահը հօդս ցնդեցրեց ռեժիմի 10 տարվա չարչարանքը և կարողացավ իր շուրջը համախմբել քաղաքական դաշտի և հասարակության պատկառելի մասը՝ դառնալով 2008-ի նախագահական ընտրությունների առանցքային դերակատարը։ Ինչո՞ւ նա հաջողեց։

2, 2014 թվականին ձևավորվեց Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ-ՀԱԿ) համագործակցությունը, իսկ այնուհետև դաշինքը։ Ու թեև Կոնգրեսն այլևս չուներ նախկին կշիռը և թվում էր, թե իշխանությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը, այնուամենայնիվ դաշինքը ընդամենը մի քանի ամսում լայն աջակցություն ստացավ ժողովրդի կողմից և իշխանափոխությունը օրերի հարց էր (դրա չհաջողելու պատճառների քննությունը այս թեմայից դուրս է)։ Ինչո՞ւ այս դաշինքը այդպիսի էֆեկտ ունեցավ։

3, Այս օրերին իշխանական ողջ պրոպագանդան թիրախավորում է չորս անձի՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին և ․․․ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Առաջին նախագահը չի մասնակցելու ընտրություններին, չի գլխավորելու ՀԱԿ-ի ընտրական ցուցակը, այսինքն չի լինելու Փաշինյանի մրցակիցը։ Ինչո՞ւ է նիկոլական քարոզչությունը այդքան ռեսուրս ծախսում նրան վարկաբեկելու վրա։

Այս հարցերի պատասխանը կգտնենք ամերիկացի սոցիալական հոգեբան Ջո Չենգի և էվոլյուցիոն տնտեսագետ Ջոզեֆ Հենրիխի՝ առաջնորդության մեխանիզմների և ընտրողի վարքագծի հետազոտությանը նվիրված համատեղ աշխատությունում։ Նյութը չծանրաբեռնելու համար, կարճ ներկայացնեմ նրանց, ինչպես նաև այլ հետազոտողների գլխավոր եզրահանգումը․ կա առաջնորդության հասնելու երկու իրարից անկախ, բայց հավասարապես կենսունակ ուղի՝ ուժը և ինտելեկտը։

Թույլ սոցիալական ինստիտուտներ ունեցող հասարակություններում (ինչպիսին մերն է), առավելևս եթե երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, առկա են արտաքին սպառնալիքներ, անկայունություն, հասարակական բևեռացվածություն, զանգվածային ընտրողի համար ընտրություն կատարելու գլխավոր չափորոշիչը ուժն է (առաջնորդի կերպարը, խարիզման, բնավորությունը, կամքը, վճռականությունը, ֆինանսական և տնտեսական կարողությունները)։ Մինչդեռ ինտելեկտը (ծրագիրը, ռազմավարական հաշվարկը, գիտելիքը, հմտությունը, փորձը) թեև կարևոր, բայց երկրորդական գործոն է դիտվում։

Միևնույն ժամանակ, նշված երկու գործոնների կոմբինացիան (համատեղումը) էապես ավելացնում է հաջողության հասնելու հնարավորությունները՝ ապահովելով մաքսիմալ կայունություն և երկարաժամկետ արդյունք։ Ահա այս էմպիրիկ մոդելի հիման վրա ձևակերպեմ վերը նշված երեք հարցերի պատասխանները մեկական տողով․

  1. 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը ուժի և ինտելեկտի մեկտեղման մարմնավորում էր՝ իդեալական առաջնորդ
  2. 2014 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ-ՀԱԿ) դաշինքը ուժի և ինտելեկտի միավորում էր
  3. Այսօր Փաշինյանի տագնապը 2008-ի և 2014-ի կրկնության վտանգի գիտակցումն է, այս անգամ՝ Սամվել Կարապետյան-Լեւոն Տեր-Պետրոսյան (Ուժեղ Հայաստան-ՀԱԿ) դաշինքի տեսքով, որը կարող է զանգվածային ընտրողի համար անդիմադրելի ուժի ցուցիչ դառնալ։ Առավելևս, եթե այն վերաճի լայն համախմբման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031