44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով այսօր տասնյակ քաղաքացիներ, անհետ կորած զինվորների հարազատներ ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:
-Այս իշխանությունները երկար տարիներ այն ամենը, ինչ չեն ուզել հրապարակել, կոծկել են հույժ գաղտնիության անվան ներքո: Այս հանձնաժողովը, որ ստեղծվել էր, ասում էին՝ լույս է սփռելու բոլոր հանցագործությունների վրա, ձերբակալություններ են լինելու, քրեական գործեր, դատական ակտեր, դրանից հետո բոլորը լռեցին,- այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքից դժգոհեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը:
Նրա համար խիստ անհասկանալի է՝ զեկույցում ինչն է հույժ գաղտնի. «Մենք կորցրել ենք մի ամբողջ 2-րդ հանրապետություն, մեր հայրենակիցներն այնտեղից բռնի ուժով տեղահանվել են, հազարավոր կյանքեր ենք կորցրել: Սա աղետ է: Մեր պետականությունը սարքել են «բռոշկա», կպցրել են դոշերին: ՀՀ-ն իր մեծությամբ ու հզորությամբ ոչ մեկ չի կարող դոշին ման տալ, դրա տակ կխեղդվեք: «Բռոշկա» եք սարքել, կպցրել այն «բռոշկեն», որ ասել են անեք՝ թուրքերն են ասել:
Կարդացեք նաև
Դուք այսօր չեք խոսում, թե ինչ եք բացահայտել: Ի վերջո, այս պատերազմի պատասխանատուները պե՞տք է լինեն: Ինձ համար պարզ է, կասկած չունեմ, որ այս իշխանություններն են ամենի պատասխանատուն, բայց հանրությանը ներկայացնում են՝ նախկիններն են մեղավոր, դե ցույց տվեք, որ իմանանք: Առջեւում ընտրություններ են, միգուցե այդ պատերազմի հանցագործներից շատերը ուզում են վերընտրվել կամ ընտրվել, ցույց տվեք հանրությանը»:
Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները եւ զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած՝ սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































