Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում․ Տիգրան Աբրահամյան

Մարտ 24,2026 17:19 Share

«Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պատերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է: Իշխանությունն ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր՝ ամեն գնով՝ զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ, թվացյալ՝ կարճաժամկետ, խաղաղություն ապահովելու սկզբունքը:

«Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, քաղաքական ուժը, որի պաշտոնավարման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիայի և հարձակումների է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ:

Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց՝ պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորումն է առ այն, որ սահմանին առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար:

Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո՝ գործողների վերարտադրման պարագայում, չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի կամ նոր պատերազմի:

Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար: Իրական խաղաղության բանաձևը՝ պետական շահերն ապահովող, անվտանգության և դիվանագիտությամբ անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն է, որի ճկունությունը մի կողմից փոխզիջում է ենթադրում, մյուս կողմից՝ ապահովում անհրաժեշտ անվտանգության բարձիկները:

Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում: Մեր հասարակություն հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից»:

Ըստ Տիգրան Աբրահամյանի, հանրությունը հոգնել է իշխանությունից եւ նրա հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031