ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Առցանց «Առավոտում» (Aravot.am) «Վեդու 75-ամյա բնակիչը գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում» վերնագրով հրապարակման վերաբերյալ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի դիմումի կապակցությամբ
Ա. ՓԱՍՏԵՐ
- ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը փետրվարի 28-ին ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանի դիմումը, որով վերջինս խնդրել է աջակցել 2026 թ․ փետրվարի 16-ին Aravot.am կայքում հրապարակված «Վեդու 75-ամյա բնակիչը գրառման համար հայտնվել է իրավապահների թիրախում» վերնագրով նյութից իր անվան հետ կապված սխալ տեղեկության ուղղմանը կամ հեռացմանը։
- Դիտորդ մարմինն ուսումնասիրել է հրապարակված նյութը, դիմողի բողոքի բովանդակությունը, առցանց «Առավոտի» խմբագրության պատասխանն ու լրացուցիչ պարզաբանումները, ինչպես նաև լրատվամիջոցի կողմից ներկայացված՝ իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունները։
- 2026 թ․-ի փետրվարի 16-ին Aravot.am կայքում հրապարակվել է լուր հետևյալ ձևակերպմամբ՝ «Aravot.am-ի տեղեկություններով՝ ֆեյսբուքի հերթական օգտատեր, Վեդու բնակիչ 75-ամյա մի կին է իրավապահների ուշադրության տակ հայտնվել ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ անելու համար»։
- Նյութում նշվել է, որ համապատասխան գրառումը կատարվել է «Նարե սոսե» օգտատիրոջ էջում հրապարակված Թագուհի Ղազարյանի լուսանկարի տակ։
- Դիտորդ մարմնին դիմողը՝ Թագուհի Ղազարյանը, նշել է, որ իր տեղեկություններով Քննչական կոմիտեում նման քրեական վարույթ նախաձեռնված չէ, ինչպես նաև մատնանշել է, որ հրապարակման մեջ իր անձը ներկայացնելիս, նշվել է Ազգային ժողովի մեկ այլ հանձնաժողով, որին ինքը չի անդամակցում։
- Առցանց «Առավոտի» խմբագրությունը Դիտորդ մարմնին մարտի 2-ին հայտնել է, որ նյութը հիմնված է ոստիկանության տվյալների վրա։ Խմբագրությունը նաև ընդունել է պատգամավորի՝ հանձնաժողովի վերաբերյալ սխալը և հրապարակման մեջ կատարել համապատասխան ուղղում՝ ներողություն հայտնելով վրիպակի համար։
- Առցանց «Առավոտի» լրացուցիչ ներկայացված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ս․թ․ մարտի 9-ին եւ ՀՀ ներքին գործերի նախարարության հաղորդակցության եւ հանրային իրազեկման վարչությունից՝ ս․թ․ մարտի 16-ին ստացված պատասխաններով հաստատվել է, որ նշված գրառման վերաբերյալ փետրվարի 12-ին իսկապես նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բ. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր
Կարդացեք նաև
- Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։
2.2. Հնարավորինս խուսափել տեղեկատվության խորհրդապահական աղբյուրներ օգտագործելուց, լրատվության աղբյուրը գաղտնի պահելու խոստումից առաջ միշտ պարզել շարժառիթները, սակայն եթե տեղեկությունն այնուամենայնիվ տրվում է աղբյուրի գաղտնիության պայմանով, որեւէ պարագայում չբացահայտել այն։
6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։
Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրելով ներկայացված նյութերը՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրում է․
- Լրատվամիջոցը հրապարակման մեջ չի պնդել, թե քրեական վարույթ արդեն նախաձեռնվել է, այլ նշել է, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդումը փոխանցվել է քննչական մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։
- Նյութում առկա է եղել տեխնիկական անճշտություն՝ պատգամավորի՝ ԱԺ հանձնաժողովի անդամակցության վերաբերյալ, որը խմբագրությունը հետագայում ուղղել է և հրապարակման մեջ նշել կատարված շտկման մասին։
- Դիտորդ մարմինը նկատում է, որ բողոք ներկայացնող կողմը, հավանաբար, նյութը մեկնաբանել է որպես արդեն նախաձեռնված քրեական վարույթի մասին հաղորդում, մինչդեռ հրապարակման մեջ նման պնդում չի արվել։
- ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կարևորում է, որ լրատվամիջոցները նմանատիպ դեպքերում հնարավորինս արագ արձագանքեն ստացված դիմումներին և ճշտումների անհրաժեշտության դեպքում ապահովեն դրանց օպերատիվ ուղղումը, ինչը, տվյալ դեպքում, առցանց «Առավոտի» խմբագրությունն իրականացրել է։
Ընդսմին, Դիտորդ մարմինը եկել է հետևյալ եզրակացության․
- հրապարակումը հիմնված է իրավապահ մարմիններից ստացված տեղեկության վրա,
- նյութում քրեական վարույթի նախաձեռնման մասին հաստատական պնդում չի արվել,
- հրապարակման մեջ առկա տեխնիկական անճշտությունը լրատվամիջոցը հետագայում ուղղել է։
Այս հանգամանքների համադրությամբ՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը լրագրողական էթիկայի սկզբունքների խախտում չի արձանագրում։
Ընդունվել է 2026թ. մարտի 23-ին,
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ
Ampop.am-ի հիմնադիր խմբագիր
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Մարգարիտա ՄԻՆԱՍՅԱՆ
«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ
Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ
Factor TV-ի գործադիր տնօրեն
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 100-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին:
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին


















































