Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ փորձում են էլի պատերազմով վախեցնել… Մենք 44 օրյա պատերազմն էլ կկրեինք, եթե տղերքին չդավաճանեին. Արսեն Ղուկասյան

Մարտ 24,2026 17:28 Share

-ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամ պետք է լինեի, անունս որոշված էր, որ պետք է լիներ, առաջին նիստը եղավ, խաբար էլ չեղա, որ նիստ է լինելու, արանքում շատ գեղեցիկ ձեւով ֆուկ արեցին: Որովհետեւ գիտեին՝ չեմ լռելու, պահանջելու եմ, խոսելու եմ,- այսօր ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ սայլը տեղից չի շարժվում, պատերազմի մեղավորներն այդպես էլ պատասխանատվություն չեն կրում:

-Տեսնում ենք, էլի, դավաճաններն այնտեղ դավաճանել են, այսօր եկել՝ պաշտոններ են զբաղեցնում: Անունները գիտեմ, բայց չեմ կարող անուններ տալ: Հա, Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով, էլ ուրիշ ո՞վ է դատվել, թող մեկին ցույց տան՝ ով է դատվել: Էլ ոչ մի ակնկալիք չունեմ՝ ո՛չ Նիկոլի իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, 6 տարի տեսել եմ՝ ոչ մեկը ոչինչ չի անում,- ասաց Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ այսօր տասնյակ քաղաքացիներ, 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած զինվորների հարազատներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով ԱԺ շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:

Արսեն Ղուկասյանի խոսքով՝ տարիներ շարունակ սպասել են, որ իմանան՝ ով էր ի վերջո պատերազմի կորուստների համար մեղավոր:

«Մեր տղերքի զոհվելու մեղավորներն ովքե՞ր էին: Իմ ախպերը, որ զոհվել է, էդ «բարդակը», որ տիրել է, ո՞վ է դրա մեղավորն եղել: Էդ «բարդակը» զինվորը չէր շինել, «բարդակ» շինողները հրամանատարներն էին: Թող ասեն՝ էսինչ մեկը դատվեց, էսինչ սխալ գործողությունների համար. անհետ կորածներն էլ, զոհերն էլ էսինչ սխալ գործողության հետեւանք են եղել: Քննիչ հանձնաժողովն ի՞նչ էր քննում, թող ասեն՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ: Հավի ճուտ չենք տվել, առյուծ տղերք ենք տվել: 18-20 տարեկան հալներով 44 օր երեք բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ փորձում են էլի պատերազմով վախեցնել, թե պատերազմ եք ուզում, պատերազմ եք ուզում… Մենք այդ պատերազմն էլ կկրեինք, եթե տղերքին չդավաճանեին»,- հավելեց Արսեն Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ 2025թ. սեպտեմբերին հանձնաժողովն ավարտել է աշխատանքները եւ զեկույցն ուղարկել ԱԺ նախագահին։ Սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարած՝ սեպտեմբերի 30-ին կամ հաջորդ օրվա լիագումար նիստին զեկույցը այդպես էլ չհրապարակվեց։ Հակառակը՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ զեկույցը լիագումարի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031