Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր արվեստագետները բովանդակային խնդիր չունեն, խնդիրը միայն նյութական, տեխնիկական բազան է . Սոնա Հարությունյան

Մարտ 24,2026 18:37 Share

«ՀայԱրտ» կենտրոնում բացվել ու մինչեւ ապրիլի 20-ը կգործի «The Echo։ Հայ եւ ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» խորագրով հայ-ավստրիական խմբակային ցուցահանդեսը, որին ներկայացված են 22 ավստրիացի և 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ կատարված տարբեր տեխնիկաներով, այդ թվում՝ գեղանկարչություն եւ գեղարվեստական տպագրություն։

Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ այս համատեղ նախագիծը նպատակ ունի խթանելու ոչ միայն Հայաստանի եւ Ավստրիայի միջև միջմշակութային կապերը, այլ ստեղծելու հարթակ, որտեղ հայ և ավստրիացի երիտասարդ արվեստագետները հնարավորություն կունենան երկխոսելու և մասնագիտական կապեր ստեղծելու։

Նա տեղեկացրեց, որ «The Echo» ցուցահանդեսն ունի նախապատմություն․ սա պատասխան ցուցահանդեսն է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» խորագրով ցուցահանդեսների շարքի, որոնք տեղի են ունեցել 2025թ-ին՝ ավստրիական Քլագենֆուրթ եւ Ինսբրուք քաղաքներում։

Անդրադառնալով հայ եւ ավստրիացի արվեստագետների աշխատանքների բովանդակային եւ տեխնիկական նախապատվություններին ու տարբերություններին՝ տիկին Հարությունյանը նկատեց․ «Ավստրիացի արվեստագետները ավելի հմուտ եւ ազատ են, որովհետեւ իրենց տեխնիկական հնարավորությունները՝ հաստոցների հզորությունը, նյութերի բազմազանությունն ավելի մեծ են։ Մեր արվեստագետները բովանդակային խնդիր չունեն, մեր խնդիրը միայն նյութական, տեխնիկական բազան է, նույն՝ թղթի կամ ներկերի որակը»։

Ցուցահանդեսի խորագիրը՝ «The Echo»-ն, ըստ Հարությունյանի, ոչ միայն Ավստրիայում տեղի ունեցած ցուցադրությունների արձագանքն է Հայաստանում, այլ երկու երկրների միջեւ արդեն հաստատված երկխոսության արձագանքը, որը շարունակական է լինելու արվեստի ոլորտում։

Հավելենք, որ «The Echo»-ն իրականացվում է համատեղ ջանքերով՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեի և «Xylon Austria» նախաձեռնության, «Նոթբուրգա» պատկերասրահի հետ համագործակցությամբ, որոնց ներկայացուցիչներն այս օրերին ժամանել էին Հայաստան՝ ցուցահանդեսի բացմանը։ Ավելի քան տասնամյակ գործող «Xylon Austria» կառույցը համագործակցում է միջազգային մի շարք կարևոր կազմակերպությունների և արվեստագետների հետ։

«Xylon Austria» միավորման անդամ և հայ-ավստրիական միջմշակութային համագործակցության նախաձեռնող ու իրականացնող Մանֆրեդ Էգգերը հիշում է՝ Սոնա Հարությունյանի հետ այս նախագծի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել դեռ 2023թ-ին՝ Գեղարվեստական տպագրության Երեւանյան միջազգային 4-րդ բիենալեի շրջանակներում, որից հետո որոշել են, որ հայ եւ ավստրիացի արվեստագետների համատեղ ցուցադրությունը պետք է ոչ միայն ցանկալի լինի, այլ իրականություն դառնա։ Արդյունքը շատ սպասեցնել չտվեց՝ իրականացվեցին 3 ցուցահանդեսներ, որից 2-ը՝ Ավստրիայում, իսկ 3-րդն արդեն Հայաստանում։

Աննա Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031