Գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանը, որն անցնում է ենթադրյալ կաշառքի գործով, մեղադրվում է խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար տալու մեջ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ իրեն պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով, այսօր ցուցմունք տվեց դատարանին։
Նա ասաց, որ մետաղական կոնստրուկցիաներով շինություն է կառուցել՝ առանց շինթույլտվության։ Քաղաքաշինական կոմիտեից մերժումներ է ստացել։
Ըստ գործարարի, հետագայում դրական եզրակացություն ունենալու համար Հենրիկ Գասպարյանի հետ հանդիպումներ է ունեցել տարբեր վայրերում, ճարտարապետը նրան պարզաբանել է օրենքները։ Այնուհետ ստացել է դրական եզրակացություն քաղաքաշինական կոմիտեից։
Սևակ Գոմցյանը նշեց, որ որոշվել է մետաղական կոնստրուկցիայով՝ այսինքն քանդովի-հավաքովի կառույցը հետագայում քանդել, նորը կառուցել։
Կարդացեք նաև
«Սակայն հետագայում, որպեսզի շենքը քանդվի, չկառուցվի, ռեսուրսներ չոչնչացվեն, որոշել է այդ միջոցներն ուղղել քաղաքի խնդիրների համար։ Սկզբում քննարկվել է քաղաքային բյուջե հանգանակություն կատարելու տարբերակը, վերջում կանգնել ենք եկեղեցուն օգնություն տրամադրելուն, քանի որ ինչ-որ կիսատ գործեր կային, դրա վրա ենք կանգնել»,- դատարանին տված ցուցմունքում ասաց գործարարը։
Հենրիկ Գասպարյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար է պատրաստ ծախսել, Սևակ Գոմցյանը պատասխանել է՝ 2 միլիոն դրամ։ Հենրիկ Գասպարյանը խոստացել է հարցը քննարկել քաղաքապետի հետ ու իրեն պատասխանել։
«Հետագայում ասել է՝ եկեղեցու համար անհրաժեշտ է 4 միլիոն դրամ, ես տվել եմ իմ համաձայնությունը»,- ասաց Սևակ Գոմցյանը։
«Խոստացել եմ գումարը վճարել երկու փուլով, որովհետև մտավախություն եմ ունեցել, որ ճարտարապետը հնարավոր է պաշտոնից ազատվի կամ փոփոխություն տեղի ունենա քաղաքապետարանում։ Ես ամեն ինչին համաձայնել եմ, մտածել եմ, որ եկեղեցին պատկանում է համայնքին, ոչ մեկի սեփականությունը չէ, պատկանում է հավատավոր ժողովրդին։
Սա է իմ ցուցմունքը, ավելացնելու ոչինչ չունեմ, խնդրում եմ հարցեր չտալ, հրաժարվում եմ պատասխանել»,- ասաց գործարարը։
Դատախազը նշեց, որ Սևակ Գոմցյանը նախաքննական ցուցմունքում այլ տեղեկություններ է հայտնել, այլ հանգամանք է նշել գումարը երկու փուլով վճարելու պատճառաբանության վերաբերյալ։
Ու քանի որ հակասություններ կային նախաքննական և դատարանին տված ցուցմունքների միջև, որոշվեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը։
Վարդան Ղուկասյանն ասաց․ «Առաջին անգամ եմ տեսնում իրեն, Գոմցյանների հետ շատ մոտ եմ, հիմա որ եղբայրը ունի հսկայական գործարան, հողատարածքները իմ ժամանակ են տրամադրվել»։
Դատարանը Վարդան Ղուկասյանին ասաց՝ խոսել նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































