Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը տրվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Ֆրանկոֆոնիկ տաղարան» խորագրով համերգով։
Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը, ֆրանկոֆոն երկրների դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք։
Ազդարարելով Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, որն ամրագրված է նաև ՀՀ Կառավարության հնգամյա ծրագրում։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում. Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակության շուրջ 4000 մասնակցի»։
Կարդացեք նաև
Այս տարվա միջոցառումները միավորվում են խորհրդանշական խորագրի շուրջ՝ «Հայաստան – Ֆրանկոֆոնիա. լեզու, մշակույթ, խաղաղություն և համերաշխություն»։
Այս ուղերձը, ըստ նախարարի, լիովին արտացոլում է այն արժեքները, որոնք միավորում են ֆրանկոֆոն համայնքը և որոնց հավատարիմ է նաև Հայաստանը։
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ ֆրանսերենը միայն լեզու չէ. այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության և համերաշխության տարածք է։
«Մեր երկիրը շարունակաբար զարգացնում է կրթական, մշակութային և գիտական համագործակցությունը ֆրանկոֆոն գործընկերների հետ՝ նպաստելով ֆրանսերենի տարածմանը, երիտասարդության կրթությանը, մշակութային փոխանակումների ընդլայնմանը և գիտության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը»,- ելույթում ընդգծել է նախարարը։
Նա փաստել է՝ այս տարի ընդլայնվել է ֆրանկոֆոն միջոցառումների և՛ ծավալը, և՛ աշխարհագրությունը. կազմակերպվում են աննախադեպ մեծ քանակի՝ ավելի քան 1150 միջոցառումներ Երևանում և բոլոր մարզերում։ Երկամսյակը հագեցած է լինելու բազմաբնույթ նախաձեռնություններով՝ համերգներով, ցուցահանդեսներով, կինոդիտումներով, գիտաժողովներով և կրթական ծրագրերով, որոնք կնպաստեն ֆրանկոֆոն մշակույթի ավելի լայն ճանաչմանը Հայաստանում և նոր կապերի ստեղծմանը։
Ժաննա Անդրեասյանը հատկանշական է համարել, որ միջոցառումների մեկնարկը նշվում է երաժշտությամբ. «Այսօրվա համերգը՝ «Ֆրանկոֆոնիկ տաղարան» համերգային ծրագիրը, ներկայացվում է հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի կատարմամբ։ Երաժշտությունը, ինչպես և լեզուն, ունի մարդկանց միավորելու բացառիկ ուժ։ Այն համամարդկային լեզվով միավորում է մարդկանց և ստեղծում մշակութային երկխոսության յուրահատուկ միջավայր։ Վստահ եմ, որ այս երկամսյակը կդառնա նոր գաղափարների, ստեղծարար համագործակցության և բարեկամության ամրապնդման հարթակ։ Թող այն ևս մեկ անգամ ընդգծի, որ լեզուն, մշակույթը և արվեստը կարող են դառնալ խաղաղության և համերաշխության ամուր հիմք»,- եզրափակել է խոսքը նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կազմակերպիչներին, գործընկեր կառույցներին և արվեստագետներին կարևոր նախաձեռնության իրականացման համար։
Ելույթներով հանդես են եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան, ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Էրիկ դե Մույնքը։
Համերգի ընթացքում հնչել են ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ. գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան, մենակատարներ՝
Թերեզա Ոսկանյան. երգեհոն
Գալինա Ցոլակյան. սոպրանո (միջազգային մրցույթների դափնեկիր)։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն



















































