Էստրոգենն այն կարևոր հորմոնն է, որն առանցքային դեր ունի կանանց սեռական և վերարտադրողական առողջության հարցում։ Այն կարող է նպաստել նաև սրտի, ոսկորների առողջությանը, տրամադրության կարգավորմանը և ունենալ հակաքաղցկեղային ազդեցություն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, քանի որ, թեև այն իգական հորմոն է համարվում՝ ավելի բարձր մակարդակով պարունակվելով կանանց օրգանիզմում, բայց և կարևոր է նաև տղամարդկանց առողջության համար։
Ֆիտոէստրոգենները սննդի միջոցով ստացվող էստրոգենի բուսական ձևերն են։ Դրանց ազդեցության վերաբերյալ հետազոտությունները դեռ շարունակվում են։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս բուսական նյութերը կարող են նմանակել կամ ուժեղացնել բնական հորմոնի օգտակար ազդեցությունները։
Էստրոգենի մակարդակը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Որոշ դեպքերում այդ փոփոխությունները կառավարելու համար անհրաժեշտ է լինում բուժում, օրինակ՝ հորմոնալ փոխարինող թերապիա։
Սննդի մեջ առկա ֆիտոէստրոգենները կարող են աջակցել էստրոգենի բնական գործառույթներին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս նյութերը կարող են նպաստել առողջական մի շարք վիճակների դեպքում՝
Կարդացեք նաև
- Կանանց մոտ դաշտանադադարի ախտանշանների թեթևացում
Տարիքի հետ կանանց մոտ էստրոգենի մակարդակը նվազում է, ինչը հանգեցնում է օրգանիզմում այնպիսի փոփոխությունների, որոնք բերում են դաշտանադադարի (մենոպաուզա)։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիտոէստրոգենները կարող են օգնել թեթևացնել այս վիճակին բնորոշ ախտանշանները, օրինակ՝ տաք ալիքների հաճախությունը, հեշտոցային չորությունը։
- Ոսկորների ամրության պահպանում
Էստրոգեններն օգնում են պահպանել ոսկրային խտությունը՝ նվազեցնելով օստեոպորոզի վտանգը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սննդի մեջ պարունակվող ֆիտոէստրոգենները կարող են նպաստել այս ազդեցությանը և երկար ժամանակով բարելավել ոսկրերի առողջությունը։
- Կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիտոնյութերը կարող են օգնել խոլեսթերինի մակարդակի կարգավորմանը։ Լավ խոլեսթերինի մակարդակի պահպանումը օգնում է զերծ պահել զարկերակները ճարպային կուտակումներից՝ նվազեցնելով սրտային հիվանդությունների և կաթվածի վտանգը։
- Կարող են նվազեցնել քաղցկեղի ռիսկը
Հետազոտությունների համաձայն՝ էստրոգենի և ֆիտոէստրոգենների ավելի բարձր մակարդակները կապված են կրծքագեղձի քաղցկեղի վտանգի նվազեցման հետ։
Ըստ որոշ տվյալների՝ ֆիտոէստրոգենները նաև կարող են ոչնչացնել շագանակագեղձի քաղցկեղի բջիջները․ այս տվյալները գիտնականները շարունակում են ուսումնասիրել՝ դրանց կիրառությունը քաղցկեղի կանխարգելման կամ բուժման մեջ հասկանալու համար։
Էստրոգեն պարունակող մթերքներ
Սննդի մեջ առկա ֆիտոէստրոգենների հիմնական տեսակներն են․
- լիգնաններ,
- իզոֆլավոններ,
- ռեսվերատրոլ,
- ֆլավոնոիդներ, օրինակ՝ կվերցետին։
Այս բոլոր նյութերն ունեն հակաօքսիդանտային հատկություններ։ Սա նշանակում է, որ առողջության հնարավոր օգուտներից բացի՝ դրանք պայքարում են բջջային մակարդակի վնասների դեմ, որոնք կապված են բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների հետ։
Ֆիտոէստրոգեններով հարուստ մթերքներ են՝
1. Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը լիգնանների ամենահարուստ սննդային աղբյուրն են։ Հետազոտողները կարծում են, որ դրանք կարող են նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի վտանգը։ Դրանք կարելի է ավելացնել տարբեր ուտեստների, հացի, թխվածքների, սմուզիների և մածուկների մեջ։
2. Սոյա
Սոյան պարունակում է մեծ քանակությամբ իզոֆլավոններ, որոնք կարող են նմանակել էստրոգենի ազդեցությանը և նվազեցնել ինչպես կրծքագեղձի, այնպես էլ շագանակագեղձի քաղցկեղի վտանգը։ Սոյան նաև հարուստ է վիտամիններով և հանքանյութերով և կարող է նպաստել սրտի առողջությանը՝ որպես կարմիր և մշակված մսի այլընտրանք։ Սոյայի սննդատեսակներն են՝ տոֆու, տեմպե, էդամամե և սոյայի կաթ։
3. Դեղձ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաբաթական երկու չափաբաժին դեղձ կամ նեկտարին ուտելը կարող է նվազեցնել կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի վտանգը։ Նման ազդեցություն նկատվել է նաև հապալաս և ելակ օգտագործելիս։
4. Սխտոր
Սխտորի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել խոլեսթերինը, իջեցնել արյան ճնշումը և կանխել թրոմբերի առաջացումը՝ պայքարելով սրտային հիվանդությունների հիմնական ռիսկային գործոնների դեմ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սխտորը կարող է ազդել էստրոգենի մակարդակի վրա և հնարավոր է՝ օգնել տարիքի հետ կապված ոսկրային կորուստը նվազեցնելու հարցում։
5. Կարմիր գինի
Կարմիր գինին հարուստ է ռեսվերատրոլով, որը ֆիտոէստրոգեն է։ Գիտնականները կարծում են, որ այն կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների վտանգը՝ կարգավորելով խոլեսթերինի մակարդակը։ Որոշ ուսումնասիրություններ նաև ցույց են տվել, որ կարմիր գինու ֆիտոէստրոգենները կարող են դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը, հատկապես դաշտանադադարն անցած կանանց մոտ։
6. Քունջութի սերմեր
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քունջութի սերմերը կարող են ազդել էստրոգենի մակարդակի վրա և ունեն ուժեղ հակաօքսիդանտային ազդեցություն։
7. Խաչածաղկավոր բանջարեղեն
Դրանք են՝
- բրոկկոլին,
- բրյուսելյան կաղամբը,
- կաղամբը։
Պարունակում են ֆիտոէստրոգեններ և ունեն հակաքաղցկեղային և հակաբորբոքային ազդեցություն։ Այս բանջարեղենով հարուստ սննդակարգը կապված է բազմաթիվ քրոնիկական հիվանդությունների, այդ թվում՝ սրտային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։
8. Ընկուզեղեն
Քեշյուն, նուշը, գետնանուշը և պիստակը ֆիտոէստրոգենների լավ աղբյուր են և օգտակար են սրտի առողջության համար։ Դրանք հեշտ են ներառվում սննդակարգում, սակայն քանի որ ունեն բարձր կալորիականություն և ճարպ են պարունակում, խորհուրդ է տրվում օգտագործել օրական սահմանափակ քանակով։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ WebMD



















































