ՀՀ դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես տեղեկացավ, որ Առինջի կառուցապատման աղմկահարույց գործով ստուգողական գործողություններ են ընթանում․ «մակուլատուրան ստուգվում է»։
Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կառուցած թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2025 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։ Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։
Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։
Տեղեկացնենք, որ սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով․ մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Կոնջորյանի տան կոռուպցիոն թեմայի վերաբերյալ հարցին ագրեսիվ պատասխան էր տվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին՝ ասելով, թե «մակուլատուրան տպում, բերում եք Կառավարություն, տարեք իրավապահներին տվեք»։ Տրված են, և իրավապահները մակուլատուրան ուսումնասիրում են։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































