Սկիզբը՝ այստեղ:
Իրան–Իսրայել հակամարտության էսկալացիան եւ ամերիկյան քաղաքականության ճգնաժամը
Սահմանափակ բախումների փուլից դեպի ինտենսիվ ռազմական դիմակայության փուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե՝ «Ես զորքեր չեմ տեղակայում ոչ մի տեղ», առաջին հայացքից թվում է ռազմական զսպվածության գիծ։ Սակայն նույն ելույթում Թրամփը հավելում է. «Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ կլինի», ինչպես նաեւ հաստատում է, որ Պենտագոնին անհրաժեշտ է շուրջ 200 միլիարդ դոլար՝ Իրանի դեմ պատերազմը շարունակելու համար։ Այս հակասական գնահատականները բացահայտում են ամերիկյան ռազմավարական հաղորդակցության ներքին հակասությունը։
Կարդացեք նաև
Մյուս կողմից, Reuters-ի տեղեկությունը, ըստ որի՝ քննարկվում է Իրանում հազարավոր զինվորների տեղակայման տարբերակը, փաստացի հակասում է նախագահի հրապարակային դիրքորոշմանը։
Այս ամենը տեղեկատվական դաշտում ստեղծում է մի իրավիճակ, երբ քաղաքական հայտարարություններն ու գործնական ծրագրերը, կամ նպատակները չեն համընկնում։ Նման հակասությունները հատկապես վտանգավոր են պատերազմական պայմաններում, երբ վստահությունն ու կանխատեսելիությունը առանց այն էլ զրոյական վիճակում են։
Միեւնույն ժամանակ, Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների դեմ հարվածների արդյունքում 13 զինծառայողների զոհվելը ցույց է տալիս, որ հակամարտությունն արդեն անցել է սահմանափակ բախումների փուլից դեպի ինտենսիվ ռազմական դիմակայության փուլ։ Այս հանգամանքը լրացուցիչ դրդապատճառ է՝ ճնշելու ԱՄՆ վարչակազմին, ստիպելով վերանայել իր ռազմավարությունը։
Թրամփի հայտարարությունները պետք է դիտարկել որպես քաղաքական-հաղորդակցական մանեւր, այլ ոչ թե իրական ռազմավարական դիրքորոշում։ Զորքերի տեղակայման բացահայտ ժխտումը նպատակ ունի նվազեցնել ներքին քաղաքական ընդվզումը եւ խուսափել «ագրեսորի» համբավից, սակայն ռազմական բյուջեի կտրուկ մեծացումը վկայում է հակառակի մասին։ Այս հակասությունը կարող է կասկածներ առաջացնել ԱՄՆ-ի միջազգային վստահելիության մասով՝ հատկապես դաշնակիցների շրջանում, որոնք արդեն իսկ դժվարանում են հասկանալ Վաշինգտոնի իրական մտադրություններն ու նպատակները։
Բացի այդ, ամերիկյան ռազմավարության անորոշությունը հնարավորություն է ընձեռում Իրանին կառուցել սեփական քարոզչական նարատիվը՝ ներկայացնելով ԱՄՆ-ին որպես ոչ հետեւողական, ոչ վստահելի եւ անկանխատեսելի ուժ։
Բացի այդ, ներքին քաղաքական դաշտում այս մոտեցումը կարող է հանգեցնել հասարակական բեւեռացման։ Ռազմավարական տեսանկյունից սա վկայում է որոշումների կայացման համակարգի ճեղքվածքների մասին, որտեղ քաղաքական հռետորաբանությունը չի համընկնում ռազմական պլանավորման հետ։ Արդյունքում, ԱՄՆ-ը, կարծես, հայտնվել է մի իրավիճակում, երբ իր գործողությունները ընկալվում են ոչ թե որպես հստակ ռազմավարության արտահայտություն, այլ որպես իրավիճակային արձագանքների շարք։ Սա երկարաժամկետ հեռանկարում թուլացնում է ԱՄՆ-ի գլոբալ դիրքերը։
«48 ժամում բացել Հորմուզը». վերջնագրային դիվանագիտության վերածնունդ
Թրամփի հայտարարությունը՝ «եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը, ԱՄՆ-ը կհարվածի եւ կոչնչացնի նրա էլեկտրակայանները», դասական վերջնագրային քաղաքականության օրինակ էր։ Այս մոտեցումը հիմնված է ուժի ցուցադրության եւ արագ ճնշման մեխանիզմների վրա։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային հանգույց է, եւ դրա փակումը անմիջապես ազդեց նավթի եւ գազի գների վրա։ Հետեւաբար, այս հայտարարությունը ունի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական եւ քաղաքական նպատակներ։ Այն ուղղված է ինչպես Իրանին, այնպես էլ միջազգային շուկաներին եւ դաշնակիցներին։
Սակայն նման վերջնագրերը հաճախ ունենում են հակառակ ազդեցություն՝ խթանելով հակառակորդի դիմադրությունը եւ մեծացնելով էսկալացիայի ռիսկը։ Էլեկտրակայանների թիրախավորումը կարող է դիտարկվել որպես լայնածավալ պատերազմի սկիզբ, ինչը կբարդացնի հետագա դիվանագիտական գործընթացները։
Վերջնագրային քաղաքականությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը վերադառնում է «ուժի դիվանագիտության» մոդելին, որտեղ բանակցությունները երկրորդական են դառնում ռազմական ճնշման նկատմամբ։ Այս մոտեցումը կարճաժամկետ կտրվածքով կարող է ստիպել հակառակորդին գնալ որոշ զիջումների, սակայն երկարաժամկետում այն նվազեցնում է վստահության մակարդակը եւ սահմանափակում բանակցային հնարավորությունները։
Իրանի դեպքում նման սպառնալիքները կարող են ոչ թե թուլացնել, այլ ընդհակառակը, ուժեղացնել ներքին համախմբումը՝ արտաքին սպառնալիքի դեմ։ Բացի այդ, այս քաղաքականությունը բացասաբար է ազդում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա, որոնք կարող են չցանկանալ ներգրավվել բարձր ռիսկայնությամբ գործողությունների մեջ։
Արդյունքում, էսկալացիայի նման մակարդակը նաեւ մեծացնում է պատահական բախումների հավանականությունը, ինչը կարող է վերաճել ավելի թեժ ու լայնամասշտաբ պատերազմի։ Այսպիսով, վերջնագրային դիվանագիտությունը, թեեւ ազդեցիկ գործիք է՝ Միացյալ Նահանգների կատարմամբ, սակայն տվյալ դեպքում դառնում է բարձր ռիսկային եւ սահմանափակ արդյունավետությամբ ռազմավարություն։
«Պարզ ռազմական գործողությո՞ւն», թե՞ «մեզ Հորմուզը պետք չէ»
Թրամփի հայտարարությունը՝ «Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն», հակասում է նրա նախորդ դիրքորոշմանը՝ «մեզ այն հարկավոր չէ»։ Այս հակասությունը բացահայտում է ռազմավարական մտածողության բացակայությունը։
Նման հայտարարությունները կարող են պայմանավորված լինել տարբեր լսարանների համար տարբեր ուղերձներ հղելու նպատակով։ Սակայն միջազգային հարաբերություններում նման հակասությունները հաճախ ընկալվում են որպես թուլության կամ անորոշության դրսեւորում։ Այս իրավիճակը բարդացնում է նաեւ դաշնակիցների դիրքորոշումը, քանի որ նրանք ստիպված են կողմնորոշվել ոչ հստակ ձեւակերպված ռազմավարության պայմաններում։
Հռետորաբանական անհետեւողականությունը կարող է թուլացնել քաղաքական հաղորդակցության արդյունավետությունը եւ նվազեցնել վստահությունը Թրամփի վարչակազմի նկատմամբ։ Թրամփի հակասական հայտարարությունները ցույց են տալիս, որ ռազմավարական առաջնահերթությունները հստակ ձեւակերպված չեն, կամ էլ՝ փոփոխվում են իրավիճակից դրդրված։
Իսկ սա հնարավորություն է տալիս Իրանին օգտագործել այդ հակասությունները իր օգտին՝ ամրապնդելով նաեւ տեղեկատվական պատերազմը։ Բացի այդ, ներքին քաղաքական դաշտում այս հակասությունները կարող են օգտագործվել Թրամփին ընդդիմացողների կողմից՝ վարչակազմին էլ ավելի ուժգնորեն քննադատելու առումով։ Արդյունքում, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, կարծես, դառնում է ավելի ռեակտիվ, ինչը որոշակիորեն սահմանափակում է նրա ազդեցությունը գլոբալ գործընթացների վրա։
5 օրով հետաձգվում են Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս Truth սոցիալական ցանցում գրեց, թե ԱՄՆ-ն եւ Իրանը վերջին օրերին ունեցել են արդյունավետ բանակցություններ, եւ 5 օրով հետաձգում է Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները։ «Ես ուրախ եմ հայտնել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ՝ Մերձավոր Արեւելքում մեր թշնամական գործողությունների լիակատար եւ վերջնական կարգավորման վերաբերյալ։ Հաշվի առնելով այս խորքային, մանրամասն եւ կառուցողական քննարկումների ոճն ու տրամադրությունը, որոնք շարունակվելու են ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ բոլոր ռազմական հարվածները՝ պայմանով, որ ընթացող հանդիպումներն ու քննարկումները հաջող ընթանան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփը նշել է, որ կիրակի օրը տեղի ունեցած քննարկումները շարունակվելու են, եւ եթե բանակցությունները շարունակվեն արդյունավետ, ապա շատ շուտով կարող է կնքվել համաձայնագիր։ ԱՄՆ նախագահը նաեւ հավելել է, որ իր Մերձավոր Արեւելքի հարցերով ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ փեսան՝ Ջարեդ Քուշները, մասնակցել են այդ բանակցություններին։ Թրամփի այս հայտարարությունը փաստորեն հաջորդում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ավելի վաղ արված նախազգուշացմանը, որ եթե ԱՄՆ նախագահն իրականացնի Իրանի էներգետիկ համակարգը «ոչնչացնելու» իր սպառնալիքը, ապա իրենք կհարվածեն Իսրայելի էլեկտրակայաններին եւ այն օբյեկտներին, որոնք էներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին Պարսից ծոցի տարածաշրջանում։
Իրանում «ռեժիմի փոփոխությունը» փաստացի արդեն ընթացքի մեջ է, նշել է ԱՄՆ նախագահը՝ միաժամանակ զգուշացնելով, որ եթե ԱՄՆ-ի կողմից կապ հաստատած իրանցի ներկայացուցիչների հետ բանակցությունները հաջողություն չունենան, ապա ռմբակոծությունները կշարունակվեն։ Թրամփը հստակեցրել է, որ բանակցությունները չեն ընթանում Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ, այլ այն անձանց հետ, որոնց նա բնութագրել է որպես «շատ խելամիտ», եւ հավելել է, որ հակամարտության ընթացքում արդեն այնքան բարձր պաշտոնյաներ են սպանվել, որ «ինքնաբերաբար տեղի է ունենում ռեժիմի փոփոխություն»։ Նա լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա «պարզապես կշարունակեն ռմբակոծել որքան ուզեն»։
Թեհրանը հերքեց, թե որեւէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ
Մարտի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքեց, որ վերջին 24 օրերի ընթացքում որեւէ բանակցություն է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ։ Պետական IRNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով նախարարության խոսնակին, հաղորդեց, որ վերջին օրերին բարեկամ երկրները հաղորդագրություններ են փոխանցել, ըստ որոնց՝ ԱՄՆ-ը խնդրել է բանակցություններ սկսել պատերազմն ավարտելու նպատակով, սակայն Իրանը չի արձագանքել այդ առաջարկին։
«Թրամփը կորցնում է վերահսկողությունը». Reuters
Reuters-ի գնահատականը, ըստ որի՝ Թրամփը «չունի վերահսկողություն ո՛չ հակամարտության ընթացքի, ո՛չ էլ ելքի վրա», կարեւոր ցուցիչ է միջազգային ընկալումների տեսանկյունից։
ՆԱՏՕ գործընկերներին «վախկոտներ» անվանելն, իրականում, ի ցույց է դնում դաշնակցային հարաբերությունների ճգնաժամը։ Միեւնույն ժամանակ, էներգետիկ շուկաների անկայունությունը եւ Իրանի շարունակվող հարվածները վկայում են, որ ԱՄՆ-ի ռազմավարությունը, խոշոր հաշվով, չի հասնում իր նպատակներին։
Վերահսկողության կորուստը ռազմավարական ձախողման առանցքային ցուցիչ է։ ԱՄՆ-ը հայտնվում է մի իրավիճակում, երբ նրա գործողությունները չեն բերում կանխատեսելի արդյունքների։ Դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը սահմանափակում է կոլեկտիվ գործողությունների հնարավորությունը։
Էներգետիկ ճգնաժամը լրացուցիչ ճնշում է ստեղծում միջազգային մակարդակում՝ մեծացնելով ԱՄՆ-ի նկատմամբ դժգոհությունը։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այս իրավիճակը կարող է վնաս հասցնել վարչակազմի հեղինակությանը։ Ընդհանուր առմամբ, այս զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է եկել ԱՄՆ-ի նախնական հաշվարկներից եւ վերածվել է առավել բազմաշերտ ճգնաժամի։
Թրամփի վարչակազմը քննարկում է, թե ինչպիսին կլինեն բանակցություններն Իրանի հետ. Axios
Պատերազմի երեք շաբաթից անց Թրամփի վարչակազմը սկսել է նախնական քննարկումները հաջորդ փուլի եւ Իրանի հետ խաղաղության բանակցությունների հնարավոր ընթացքի վերաբերյալ, օրերս հաղորդել էր Axios-ը։ Ուրբաթ օրը Թրամփը հայտարարեց, թե քննարկում է պատերազմը «դադարեցնելու» հարցը, չնայած ԱՄՆ պաշտոնյաները նշել էին, որ մարտական գործողությունները, ենթադրաբար, կշարունակվեն եւս երկու-երեք շաբաթ։ Նշվում էր, թե Թրամփի խորհրդականներն այդ ընթացքում ցանկանում են դնել դիվանագիտության հիմքերը։ Աղբյուրներին հղում կատարող լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը մասնակցում են պոտենցիալ դիվանագիտության վերաբերյալ քննարկումներին։
Պատերազմն ավարտելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Հորմուզի նեղուցի վերաբացումը, Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների խնդրի լուծումը եւ Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների եւ տարածաշրջանում միջնորդների աջակցության վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի կնքումը։
Ըստ հրապարակման՝ վերջին օրերին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ուղիղ շփումներ չեն եղել, չնայած Եգիպտոսը, Կատարը եւ Մեծ Բրիտանիան հաղորդագրություններ են փոխանակել, հայտնել են ԱՄՆ մի պաշտոնյա եւ թեմային ծանոթ երկու այլ աղբյուրներ։ Եգիպտոսը եւ Կատարը ԱՄՆ-ին եւ Իսրայելին տեղեկացրել են, որ Իրանը հետաքրքրված է բանակցություններով, բայց շատ խիստ պայմաններով։ Իրանի պահանջները ներառում են հրադադար, ապագայում պատերազմի չվերսկսման երաշխիքներ եւ փոխհատուցում։ «Մենք կարծում ենք, որ մենք դանդաղեցրել ենք Իրանի տնտեսական աճը»,- ասել է ԱՄՆ պաշտոնյաներից մեկը, որը կարծում է, որ իրանցիները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանը կատարի վեց պարտավորություն։
Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին շաբաթ օրը Հնդկաստանի իր գործընկերոջը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորումը կպահանջի, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը դադարեցնեն Իրանի վրա հարձակումները եւ պարտավորվեն չվերսկսել դրանք ապագայում։ Ինչ վերաբերում է Թրամփին, նա ուրբաթ օրը հայտարարել է, որ դեմ չէ բանակցություններին, բայց ներկայումս հետաքրքրված չէ Իրանի հրադադարի պահանջները բավարարելով։
Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, որ հնարավոր է համաձայնության գալ սառեցված ակտիվները Իրանին վերադարձնելու հարցով։ «Նրանք դա անվանում են ռեպարացիա։ Գուցե մենք դա անվանում ենք սառեցված գումարների վերադարձ։ Կան բազմաթիվ տարբեր եղանակներ, որոնցով մենք կարող ենք օգտագործել բառերը՝ քաղաքականապես լուծելու այն, ինչ նրանք պետք է լուծեն իրենց համակարգի ներսում համաձայնության հասնելու համար»,- ասել է աղբյուրը։
Թրամփի թիմն այժմ փորձում է պատասխանել երկու հիմնական հարցի՝ ո՞վ է Իրանում բանակցությունների համար լավագույն բանակցողը, եւ որ երկիրն է լավագույն միջնորդը։ ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ նրանք փորձում են պարզել, թե ով է իրականում որոշումներ կայացնում Իրանում։ Չնայած Օմանը միջնորդել է միջուկային բանակցությունների վերջին փուլում, ԱՄՆ-ը փնտրում է մեկ այլ միջնորդ։ Իդեալական տարբերակում՝ Կատարն է, օմանցիների հետ փոխադարձ անվստահության պատճառով։ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ կատարցիները Գազայում ապացուցել են իրենց վստահելի միջնորդ լինելու հանգամանքը։ Կատարական կողմը պատրաստ է օգնություն ցուցաբերել կուլիսներում, սակայն նրանք չեն ցանկանում լինել գլխավոր միջնորդ, հայտնել են երկու աղբյուրներ։ Աղբյուրները նշել են, որ Թրամփի խորհրդականները ցանկանում են պատրաստ լինել Իրանի հետ բանակցությունների մեկնարկին մոտ ապագայում։
Այսպիսով, ըստ վերոնշյալ հրապարակման՝ Միացյալ Նահանագները կարող է սկսել քննարկել Իրանի հետ բանակցությունները՝ չնայած ռազմական գործողությունների շարունակմանը։ Սա վկայում է ռազմավարական շրջադարձի մասին, միեւնույն ժամանակ ապացուցելով, որ ԱՄՆ-ը փորձում է դուրս գալ ստեղծված փակուղուց։
Գլոբալ տնտեսական ճգնաժամի խորացում. Financial Times
Աշխարհի 20 խոշորագույն ավիաընկերությունները մոտ 53 միլիարդ դոլարի կորուստ են կրել այն պահից, երբ սկսվեց ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ պատերազմն Իրանի դեմ, հաղորդում է Financial Times-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ ավիացիոն ոլորտը հայտնվել է ամենալուրջ ճգնաժամի մեջ COVID-19 համավարակից ի վեր, քանի որ պատերազմը խաթարել է Պարսից ծոցի խոշոր օդանավակայանների աշխատանքը եւ դադարեցրել թռիչքները։ Ավիաընկերությունների ղեկավարները ահազանգում են հնարավոր վառելիքի պակասի մասին, քանի որ պատերազմը շարունակվում է արդեն չորրորդ շաբաթը։ Ավիավառելիքի արժեքը, որը կազմում է ավիաընկերությունների ծախսերի մոտ մեկ երրորդը, պատերազմի սկսվելուց հետո կրկնապատկվել է, ինչը կարող է հանգեցնել ավիատոմսերի թանկացման, գրում է պարբերականը։
Այսպիսով, պատերազմի տնտեսական հետեւանքները խորացնում են միջազգային ճնշումը ԱՄՆ-ի ուղղությամբ եւ ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է եկել տարածաշրջանային շրջանակներից՝ դառնալով գլոբալ խնդիր։ ԱՄՆ քաղաքականությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ, որն արդեն միջազգային մամուլում բնութագրվում է՝ ռազմավարական ոչ հստակությամբ, դիվանագիտության ձախողմամբ եւ հրապարակային հակասություններով։
Մինչդեռ Իրանը, չնայած ռազմական ճնշմանը, կարողանում է պահպանել իր դիրքերը՝ օգտագործելով ասիմետրիկ գործիքներ։ Նկատելի է, որ Իրանին հաջողվում է հավասարակշռել ուժերի հարաբերակցությունը, չնայած ստացած բավական ծանր, կործանարար հարվածներին։
«Մենք հաղթել ենք Իրանի հետ պատերազմում», «նրանք համաձայնվել են, որ երբեք միջուկային զենք չեն ունենա». Թրամփ
«Մենք հաղթել ենք այս պատերազմում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով. «Նրանք մեզ խոշոր գումար արժեցող մեծ նվեր մատուցեցին։ Նվերը տեղ հասցվեց այսօր։ Այն կապված էր նավթի եւ գազի հետ։ Մենք ճիշտ մարդկանց հետ գործ ունենք։ Իսկապես ռեժիմի փոփոխություն տեղի ունեցավ. սա ռեժիմի փոփոխություն է, քանի որ բոլոր առաջնորդները խիստ տարբերվում են նրանցից, ում հետ մենք սկսել ենք։ Հիմա մենք Իրանի հետ բանակցություններ ենք վարում։ Իրանցիները դա անում են Մարկոյի, Ջեյ Դիի եւ ուրիշների հետ։ Մյուս կողմը համաձայնագիր է ցանկանում, իսկ ո՞վ չէր ցանկանա։ Գործնականում այն ամենը, ինչ նրանք ունեին, ոչնչացվել է։ Բայց երբ թերթեր ես կարդում, կարելի է կարծել, թե մենք հավասար վիճակում ենք։ Մենք ազատորեն թռչում ենք Թեհրանի վրայով եւ կարող ենք անել այն, ինչ ուզում ենք։ Նրանք համաձայնության են եկել, որ երբեք միջուկային զենք չեն ունենա։ Նրանք 100 հրթիռ արձակեցին «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի վրա, եւ բոլորն էլ ծովն ընկան։ Նրանք դա պատերազմ են անվանում, ես դա ռազմական գործողություն եմ անվանում, շատ հաջողված»։
Թրամփի մեկնաբանությամբ՝ ԱՄՆ-ը բանակցում է Իրանում «ճիշտ մարդկանց հետ», իսկ Իրանում «շատ են ցանկանում գործարք կնքել»։ Ավելին, Թրամփը վստահեցրել է, թե՝ ԱՄՆ-ն «հսկայական առաջընթաց» ունի Իրանում։
ԱՄՆ-ը եւ տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են արդեն հինգշաբթի օրը Իրանի հետ բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնելու հնարավորությունը, սակայն դեռեւս սպասում են Թեհրանի պատասխանին, Axios-ին հայտնել են քննարկումներին ծանոթ երկու աղբյուրներ: Ըստ աղբյուրի՝ Թրամփը շահագրգռված է պատերազմը դադարեցնելով, սակայն Հորմուզի նեղուցի վրա Իրանի վերահսկողությունը բարդացնում է ցանկացած հնարավոր ելքի ռազմավարություն: ԱՄՆ-ն Իսրայելին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու իր 15 կետանոց ծրագիրը եւ հայտարարել, որ Իրանը համաձայնել է բազմաթիվ կարեւոր կետերի: Նման համաձայնագրի որեւէ իրական ապացույց դեռեւս չկա:
Ըստ իսրայելական աղբյուրների՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մտահոգված է, որ Թրամփը կարող է գործարք կնքել, որը զգալիորեն կշեղվի Իսրայելի նպատակներից, կներառի զգալի զիջումներ եւ կսահմանափակի Իսրայելի՝ Իրանին հարվածելու կարողությունը:
The New York Times-ի տվյալներով էլ՝ ԱՄՆ-ն Իրանին ուղարկել է Մերձավոր Արեւելքում պատերազմը դադարեցնելու ծրագիր։ Միեւնույն ժամանակ, NYT-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը Մերձավոր Արեւելք է ուղարկել 2000 դեսանտային-օդաչու, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն Իրանին ուղարկել էր պատերազմը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.03.2026


















































