«Այն, ինչ ես ներկայացրի իմ նախորդ ասուլիսում, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն՝ ադրբեջանական ներխուժումներին, ճիշտ էր: Եվ դա հաստատվեց նաեւ անկախ լրատվամիջոցների ու լրագրողների հետաքննություններով: Մենք ապացուցեցինք, որ Նիկոլ Փաշինյանը, «Քաղաքացիական պայմանագիրը», այս իշխանությունը ստում է եւ գաղտնի ու թաքուն են պահել այս ներխուժումների վերաբերյալ փաստերը»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության կենտրոնական գրասենյակում ասուլիսն այսպես սկսեց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, որը ներկայացնում էր իրենց՝ խաղաղության հասնելու ուղիների, անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագիրը:
«Բազմաթիվ են մեր հասարակությունում իրավացի հարցերը, որ քննադատելուց, խնդիրները ներկայացնելուց զատ՝ պետք են նաեւ լուծումներ: Հիմա ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք պետք է մեզ բերեն իրական խաղաղություն: Մենք ունենք հաստատված 6 քայլ:
1-ին՝ մեր պաշտոնավարման առաջին իսկ օրը վարչապետին առընթեր ստեղծվելու է հատուկ ռազմական բարեփոխումների հանձնաժողով, որին կտրվի 6-ամսյա մանդատ, որպեսզի ներկայացնի հստակ ծրագիր: Հանձնաժողովը կունենա նաեւ ընթացիկ վերահսկողության գործառույթ:
Կարդացեք նաև
2-րդ՝ հանձաժողովին կտրվեն հստակ ժամկետներ եւ հաշվետվողականություն, եւ նրա մանդատը կլինի ցույց տալ, թե ինչպես կարող ենք ունենալ զսպման լիարժեք կարողություններ մեր պաշտոնավարման առաջին տարվա ավարտին, ինչպես հասնել ռազմական հավասարակշռության մեր հարեւանի հետ: Գլխավոր հարցերից է լինելու՝ ինչպես բարեփոփել եւ արդիականացնել մեր բանակը, որպեսզի ունենանք մոբիլ բանակ, որը կունենա կարողություն՝ տեղերում ակնթարթային որոշումներ կայացնելու համար:
3-րդ՝ պետական ներդրումներն անվտանգության բնագավառում: Մինչեւ այս հանձնաժողովի կողմից ծրագրի ներկայացումը՝ անհապաղ փոփոխություն կարվի օրենքում, եւ օրենքի մակարդակով կամրագրվի, որ բանակի եւ մեր պաշտպանական ծախսերի ֆինանսավորումը չի կարող լինել ՀՆԱ-ի 8%-ից ցածր: Սա նշանակում է, որ մեր պաշտոնավարման հաջորդող տարուց սկսած՝ բանակի բյուջեն կավելանա 1 մլրդ ԱՄՆ դոլարով:
Դրանից բացի այս գումարից 500 մլն դոլարը կուղղվի ռազմաարդյունաբերական ծախսերին եւ ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, տեղական կազմակերպությունների զարգացմանը խթանելու նպատակով՝ դրանք կուղղվեն այդ կազմակերպություններին»,-ասաց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավարը:
Արման Թաթոյանը, ի թիվս այլնի, հավելեց, որ իրենց անհապաղ քայլերից է լինելու համապարփակ անվտանգության համակարգի ներդրումը եւ իրագործումը. «Սա նշանակում է, որ ճգնաժամային իրավիճակներում մեր երկրում կհաստատվի համակարգ, որի դեպքում երկիրն ամբողջությամբ սկսում է աշխատել պաշտպանության համար: Կառավարությունը, պետությունը, մասնավոր հատվածը, տնտեսությունը, քաղաքացիները՝ հստակ ունենալով դերաբաշխումներ, աշխատում են հանուն երկրի պաշտպանության: Սա չի նշանակում, որ բոլորը զենք են վերցնում եւ գնում են բանակ, այլ նշանակում է, որ յուրաքանչյուրը հստակ գիտի իր դերը, որն իրականացնելու է եւ ոչ թե զբաղվելու է ինքնագործունեությամբ կամ պետության կառավարման քաղաքականության բացակայության պատճառով ստիպված է լինելու ուղիներ որոնել, որպեսզի օգնի մեր բանակին… »:
Արման Թաթոյանի ասուլիսն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































