Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է 100%-ոց պատերազմի»․ Ռուբեն Ռուբինյան

Մարտ 25,2026 14:16 Share

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու 200 մլն դոլարը մուծվեն ՀՀ պետական բյուջե։ Թող իրենք դադարեցնեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին։ Դատախազությունն իրենցից պահանջում է վերադարձնել ապօրինի ձեռք բերված 200 մլն դոլարը, թող առանց երկարացնելու բերեն՝ մուծեն»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հայ ժողովրդին սպառնում ու ասում, թե պատերազմ կլինի, եթե ՔՊ-ն չընտրվի, Ռուբինյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում սպառնալիք, երբ ինչ-որ մեկը մյուսին ասում է՝ եթե դու չանես սա, ես կանեմ կամ չեմ անի սա, քո համար վատ կլինի։ Երբ մենք ասում ենք, որ եթե ՀՀ-ն որդեգրի այն քաղաքականությունը, որն ընդդիմադիրներն առաջարկում են, դա անխուսափելիորեն բերելու է պատերազմի, այստեղ սպառնալիքի հետ որեւէ աղերս չկա։ Մենք ասում ենք՝ այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է զրոյի, որովհետեւ Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը վարում է։ Եվ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, դա բերելու է ակնհայտ եւ 100 տոկոսանոց պատերազմի։ Ո՞րն է այստեղ սպառնալիք։ Երբ մեկ տարի առաջ վարչապետը բառացիորեն ասում էր՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, այդ նույն ընդդիմադիրները եւ մամուլը ասում էին՝ չէ, լինելու է պատերազմ։ Հետեւաբար՝ խոսքը սպառնալիքի եւ շանտաժի մասին չէ, խոսքը հետեւյալի մասին է՝ հունիսի 7-ին մեր քաղաքացիները ունենալու են ընտրություն այն քաղաքականությունների միջեւ, որոնք առաջարկում են ուժերը։ ՔՊ-ն առաջարկում է պահել էս խաղաղությունը, ոչ թե նոր բան անել, այլ հակառակը՝ նոր բան չանել։ Եթե իրենք անեն էն, ինչ իրենք հայտարարում են, այսինքն՝ վիճարկեն սահմանազատման սկզբունքները, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքները, ԹՐԻՓՓ-ը, ապաշրջափակման սկզբունքները, էս խաղաղությունը չի լինի»։

Ռուբեն Ռուբինյանի խոսքով․ «Այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, երբ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործողությունը եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորն էր եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ռոբերտ Քոչարյանի ուզածն այն է, որ այդ նույն երաշխավորի աչքերի եւ հայացքի ներքո ինչպես իրենք լուծարեցին ԼՂՀ-ն, այնպես էլ լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք դա թույլ չենք տալու նրանց անել։ Ինչպե՞ս թույլ չենք տալու, ժողովրդի քվեով»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031