«Ձեր ընտանիքի անդամները որտե՞ղ են ապրում, արդյոք նրանք Հայաստանում են»,- հարցը խորհրդարանում տվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի թեկնածու Ներսես Երիցյանին։
Ներսես Երիցյանի թեկնածությունը՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում, առաջարկել է ՀՀ կառավարությունը։
«Բոլորն այստեղ են, աղջիկս ուսանում է Բոստոնի բժշկական համալսարանում, ուսման ծախսերն ամբողջությամբ համալսարանն է հոգում»,- եղավ պատասխանը։
Թագուհի Թովմասյանը նաեւ հետաքրքրվել էր Երեւանի քաղաքապետարանի հետ նոր ստեղծվող հանձնաժողովի հարաբերությունների մասին, քանի որ տեղեկություն ունի, որ քաղաքապետարանը չի ցանկանում համագործակցել հանձնաժողովի հետ։ Նաեւ հարցրեց՝ անձնական տվյալների պաշտպանության հարցում այս հանձնաժողովի գործունեությունը որքա՞ն է նպաստելու։
Կարդացեք նաև
Ներսես Երիցյանն ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցում են, մեկ ամիս առաջ քննարկել են համատեղ աշխատանքի ընթացքը․ «Բոլոր գերատեսչությունների հետ կան բանավեճեր, քանի որ փոփոխությունը բարդ գործընթաց է եւ նրանց ժամանակ է պետք տալ»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայտնի փաստ է, նախկին վարչապետներից մեկն ասում էր՝ եթե ուզում եք գեղեցիկ, սիրուն հեքիաթների, պատմությունների մասին լսել, կանչեք Ներսես Երիցյանին, ինքը ներկայացնում է։ Բայց երբեք չկայացնեք այն որոշումները, որ Ներսես Երիցյանը պիտի կայացնի»,- Արծվիկ Մինասյանն ասաց։
«Ես հավատացած եմ, ինքը ցավում է դրա համար»,- արձագանքեց Ներսես Երիցյանը՝ հստակ չպատասխանելով դահլիճից հնչած հարցին, թե ո՞վ է եղել այդ վարչապետը։
«Ձեր այս ֆանտազիան ի՞նչ արժե, ով է վճարողը։ Ձեր ֆանտազիաների արդյունքում է, որ կապիտալի շուկան գրեթե զրոյական վիճակում ունենք, ձեր ֆանտազիաներից է չոր նավահանգիստը, մեկ այլ ֆանտազիայի արդյունք էր պարտադիր կուտակային համակարգը, որի դեմ մեզ էին միացել եւ պայքարում էին դահլիճում նստած շատ ու շատ ՔՊ-ականներ։ Այդ ֆանտազիաների ձախողումներ են արձանագրված՝ Հյուսիս-Հարավը եւ այլն,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ներսես Երիցյանը հակադարձեց՝ ֆանտազիա չունեք, այդ պատճառով չեք կարողանում հասարակությանն առաջնորդել եւ առաջ տանել։ Հյուսիս-Հարավի մասով ասաց՝ մի քանի սերնդի ծրագիր է, մի մասը կիրառվում է, մյուսն էլ կլինի, պարտադիր կուտակային համակարգը, վստահեցրեց, արդյունավետ գործող է եւ երեք միլիարդ դոլարից ավել խնայված կուտակումներ կան։ Կապիտալի շուկան էլ ասաց՝ «սատկած» վիճակում էր, ինքը տասը տարի Հայաստան բերեց ՆԱՍԴԱՔ-ին, իսկ չկարողացան պահել եւ զարգացնել, քանի որ օրենսդրական խնդիրներ եղան։
«Ի վերջո, դուք նաեւ էկոնոմիկայի նախարար եք եղել, որի երազանքն էր՝ փակել էկոնոմիկայի նախարարությունը»,- հակադարձեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ նա խոսեց արված բաների մասին՝ վերագրելով իրեն, որոնք համակարգային հարցեր են եւ անգամ այս դահլիճում նստածներից շատերն են դրանց մասնակիցը եղել։
«Տեսնում եք, այդտեղ էլ եմ ձախողել»,- հեգնեց Ներսես Երիցյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































