«Ավելի շատ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան ինչ-որ տարբեր մարդկանց»,- այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց Արշակ սրբազանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող աղմկահարույց տեսագրությանը։
Անդրադառնալով իր և Վեհափառ հայրապետի հարաբերություններին՝ նա ասաց, որ ամենայն հայոց կաթողիկոսի և արքեպիսկոպոսի միջև հարաբերությունները չեն կարող այլ կերպ լինել, քան հայրապետի ու եկեղեցականների հարաբերությունը։
Ինչ վերաբերում է իր կողմից թմրամիջոցի իրացման գործին, որով այսօր դատական նիստ էր նշանակված, Արշակ սրբազանն ասաց․ «Ծիծաղ է հարուցում։ Պատկերացրեք՝ 2018-ին քրեական գործ է հարուցվել, այդ գործը քննվել ու կարճվել է։ Հետո 2025-ին վերստին բացվել է, այն ժամանակ ինձ էլ են հարցաքննել։ Չեմ հիշում՝ ինչ հիմքով են կարճել, այն ժամանակ որպես վկա եմ եղել։ 2025-ին վերաբացվեց, ու պարզվեց՝ մեղադրյալը ես եմ։ Տեսանք՝ սա ուղեկցվում է եկեղեցու դեմ տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ»։
Արշակ սրբազանը նաև նկատեց, որ ակնհայտ է՝ աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող գործողությունների խորքում, բայց, ըստ նրա, նախընթաց դարաշրջաններում էլ են եղել այդպիսի ասպեկտներ եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում։
Կարդացեք նաև
«Ես խորապես ցավում ու ափսոսում եմ իրենց համար։ Իրենցից յուրաքանչյուրի հետ որոշակի շփում եմ ունեցել ու ճանապարհ եմ անցել։ Ու իմ մղձավանջային երազներում չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Համոզված եմ, որ իրենք էլ իրենց համար այդպիսի ապագա չէին կարող կանխագուշակել»,- իշխանական օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող հոգևորականներին անդրադառնալով՝ ասաց Արշակ սրբազանը։
Հարցին՝ իշխանությունների կողմից հետ քայլ, նահանջ եկեղեցու դեմ արշավից տեսնո՞ւմ է, Արշակ սրբազանն այսպես արձագանքեց․ «Չգիտեմ, հիմա խոսվում է հիբրիդային հարձակումների մասին։ Եկեղեցու դեմ իրականացվող գործողություններն են հուշում հիբրիդային պատերազմի մասին։ Մի օր վարչական լծակներ են օգտագործում, մի ուրիշ օր՝ մի ուրիշ բան, այսօր կառավարությունը որոշում կայացրեց»։
Հիշեցնենք, որ այս գործով Արշակ սրբազանին մեղադրանք է ներկայացվել, որ 2018 թվականին անհայտ անձին հանձնարարել է «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































