Նիկոլական դատախազությունը եւ քննչական մարմինները հսկայական ժամանակ ու մարդկային ռեսուրս են ծախսում՝ համացանցում վիրավորանքներ, «բռնության» եւ «սահմանադրական կարգը տապալելու» կոչեր գտնելու ու դրանց համապատասխան ձեւով արձագանքելու համար: Ի դեպ, այդ «սուրբ գործին» լծված են նաեւ այլ պետական հիմնարկների՝ օրինակ, ԵՊՀ-ի կամ Հանրային ռադիոյի ղեկավարները: Եվ եկեք արձանագրենք, որ այդ բոլոր գործընթացները սկսվեցին հենց Փաշինյանի ժամանակ՝ «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում:
«Ատելության խոսքի» դեմ պայքարն ընթանում է խիստ ընտրողական ձեւով: Երբ նման ձեւով խոսում են իշխանության ներկայացուցիչները կամ քարոզիչները՝ դա պետական մարմինների կողմից որեւէ ուշադրության չի արժանանում: Օրինակ, կաթողիկոսին քարով խփելու եւ այդպես սպանելու կոչ անողը որեւէ, նույնիսկ՝ տուգանքի ձեւով պատասխանատվության չի ենթարկվել: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի տարով կդատապարտվեր այն քաղաքացին, որը նման կոչ կաներ՝ վարչապետի հետ կապված:
Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ իշխանությունն իր կողմնակիցներին ասում է՝ հայհոյեք, սպառնացեք, վիրավորեք՝ մենք տեր ենք: Թե՛ համակարգի պահանջների, թե՛ սեփական օրինակի առումով ամեն ինչ գալիս է իշխանությունից, նրա բարձրագույն ներկայացուցիչներից: Եթե վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրենն է խոսում այդպիսի լեզվով (լուսանկարում), ես կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց այդ ՊՈԱԿ-ից է գալիս, այնտեղից է համակարգվում ատելության խոսքը, հայհոյանքներն ընդդիմադիրների եւ լրագրողների հասցեին:
Շատերն ասում են՝ խնդիրը Փաշինյանի, ՔՊ-ի եւ նրանց աճեցրած ու հովանավորած հայհոյախոսների դաստիարակության, մտավոր մակարդակի եւ մշակութային պատկերացումների մեջ չի, այլ՝ նրանց քաղաքականության մեջ: Եվ իսկապես: Պետականորեն հետապնդել «ոչ յուրայինների» կողմից հնչեցված սպառնալիքները, վիրավորանքները կամ այդպես ընկալվող խոսույթը եւ, մյուս կողմից, խոսել այդ լեզվով, խրախուսել յուրայինների մոտ այդ լեզուն՝ դա արդեն դուրս է գալիս անհատական հատկանիշների ոլորտից ու դառնում է քաղաքականություն:
Կարդացեք նաև
…ՔՊ-ական պատգամավորները խոսում են իրենց ավագ գործընկերներին «ռադ անելու» մասին: Որքան գիտեմ, վերջերս իշխող կուսակցությունը էթիկայի վարքականոն էր ընդունել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


















































