Փաշինյանի հիմնական սնուցիչը, պատկերավոր ասած՝ «էներգիայի աղբյուրը», լսարանն է: Ու կապ չունի, թե պայմանական լսարանն իրեն ինչպես է վերաբերվում՝ արհամարհում է («փաշինյաներեն»՝ առ է համարում), անտարբե՞ր է, աստվածացնո՞ւմ է (մեղա, մեղա), թե՞ հայհոյում է: Կարևորը՝ կոնտենտն է ու լսարանը:
Բայց միայն լսարանը քիչ է:
Ու ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, թե՛ հատկապես հիմա ու այս վերջին տարիներին պարզապես ամենօրյա ռեժիմով օրակարգ է ձևավորում, օրակարգ է գեներացնում, օրակարգ ու լրահոս է լցնում: Ինչպե՞ս: Փաշինյանը ուտում է, «չելենջ» է անում, սկանդալ է սարքում, խաբում է, սուտը՝ ստի վրա է ասում, անընկալելի ու հատկապես վիճահարույց արտահայտություններ անում, գոռգոռում, ձեռքերը թափահարում, անգամ՝ ձևական ու կեղծավոր «ներողություն» խնդրում, պարում, թմբուկ զարկում և այլն, և այլն: Հա, ու որքան բովանդակազուրկ, այնքան՝ լավ:
Ու նրա այդ դրսևորումներն ու ինքնադրսևորումներն ուղեկցվում են անպայման ինչ որ շրջանակների մեղադրելով: Կարևոր չէ, թե հատկապես որ շրջանակներին: Մի օր դա կլինեն «նախկինները», մեկ այլ անգամ՝ Եկեղեցին, մի ուրիշ անգամ՝ Ռուսաստանը, «մութ ուժերը», պատմական կերպարները, վերջապես՝ «հպարտ քաղաքացին»:
Կարդացեք նաև
Ու ընդդիմադիրները, հասարակության՝ ադեկվատ շրջանակները անդրադառնում են նրա ասածներին, հակադարձում են, երբեմն՝ նաև ոչ մեջբերելի, բայց դրսևորվածին համարժեք արտահայտություններով: Կարճ ասած՝ արձագանքում են: Ու ստացվում է այնպես, որ այդ եղանակով էլ է Փաշինյանն օրակարգի «առաջին էջում»: Դե, ինչ-որ տեղ բնական է, մարդիկ, առհասարակ, ոչ միայն բանական, այլև հուզական են: Հնարավոր չէ, որ տարբեր թեմաների շուրջ չարձագանքեն: Արձագանքում են, չարձագանքել չեն կարող, ու ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողում է:
Բայց կա մեդալի նաև հակառակ կողմը: Ու այնպես չէ, որ միայն Փաշինյանը տեխնիկական զինանոց ունի: Երբ ուսումնասիրում ես ընդդիմության հիմնական դերակատարների առավել նկատելի դրսևորումները, ակնհայտ է դառնում, որ նախ՝ նրանք լիովին կարող են ոչ միայն օրակարգ ձևավորել, այլև կարող են ձևավորել ոչ «կրկեսային», այլ բովանդակությամբ բազմապատիկ նշանակալի ու իսկապես լուրջ օրակարգ: Երկրորդ՝ այն դեպքերում, երբ օրակարգ են ձևավորել ընդդիմադիրները, ինքը՝ Փաշինյանն ու իր ՔՊ քարոզիչները անպայման անդրադարձել են, արձագանքել են, ոմանք նույնիսկ հիստերիկ դրսևորումներ են ունեցել:
Ի՞նչ հետևություններ են բխում վերը նշված դիտարկումներից:
Նախ՝ ընդդիմության հիմնական խնդիրը այս փուլում պետք է լինի օրակարգ ձևավորելը (ավելի ճիշտ՝ օրակարգն ու լրահոսն իրենցով անելը): Մեծ հաշվով, հիմնական ընդդիմադիր ուժերը ձևակերպված առաջարկություններ (օրակարգային կարևոր բաղադրիչներ) ունեն՝ լինեն դրանք Սամվել Կարապետյանի առաջարկությունները, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը թե, ասենք, «Հայաքվեի» ներկայացրած մոտեցումները: Թվարկված բոլոր ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն ունեն ամենակարևորը՝ ասելիք: Փաշինյանն ու ՔՊ-ն չունեն այդ ասելիքը: Ընդդիմադիրները հասարակությանն ունեն առաջարկելու բաներ: Իսկ Փաշինյանը ոչինչ չունի առաջարկելու՝ ընտրակաշառքից ու պատերազմից բացի:
… Մի խոսքով, պարզապես, պետք է ստիպել, անել այնպես, որ իշխանություններն ստիպված լինեն հակադարձել, անդրադառնալ, նույնիսկ հարձակվեն ընդդիմության վրա: Ամենօրյա ռեժիմով: Նման պայմաններում նախ՝ Փաշինյանն ու իր արբանյակ «մեկ-երկու հոգին» զուտ ֆիզիկապես չեն հասցնելու այդ ամենի ետևից: Երկրորդ՝ գնալով ավելի դյուրագրգիռ ու հիստերիկ են դառնալու: Այսինքն, պետք է սեփական օրակարգը ձևավորել այնպես, որ իշխանությունն ստիպված լինի անդրադառնալ ընդդիմության առաջադրած թեզերին, մոտեցումներին, գաղափարներին, գործողություններին, ակցիաներին ու մեղադրանքներին, այլ ոչ թե հակառակը:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
















































