Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում տեղի ունեցած սպանության դեպքով իրականացվում է թերի ու միակողմանի քննություն. ահազանգ

Մարտ 26,2026 12:16 Share

2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության, հրաձգության դեպքի մասնակից Տիգրան Մաթեւոսյանի հարազատները շարունակում են պահանջել արդար եւ ամբողջական քննություն՝ պնդելով, որ գործը քննվում է թերի եւ միակողմանի։

Հիշեցնենք, որ դեպքի հետեւանքով զոհվել են 46-ամյա Արտակ Մաթևոսյան-ը եւ 15-ամյա Ռուբեն Ռուբենյանը։ Եվս մի քանի անձ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։

Գործով մեղադրյալ Տիգրան Մաթեւոսյանի ազգականը՝ Արթուր Խաչատրյանը, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ արդեն շուրջ մեկուկես տարի շարունակ բարձրաձայնվում է արդար քննության անհրաժեշտության մասին, սակայն, ըստ նրանց, գործով մի շարք կարեւոր հանգամանքներ անտեսվել են։

Ըստ Խաչատրյանի՝ Տիգրան Մաթևոսյանը դեպքի հենց սկզբում ճանաչվել է տուժող, տեղափոխվել հիվանդանոց՝ ստացած վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային։ Սակայն տուն վերադառնալուց երկու օր անց ստացել է մեղադրյալի կարգավիճակ, տեղափոխվել է կալանավայր: Ըստ Խաչատրյանի՝ հաշվի չի առնվել, որ վնասվածքների հետեւանքով Տիգրանն ունեցել է գիտակցության կորուստ եւ չէր կարող մասնակցել որևէ գործողության։

Ըստ նրա՝ ներքին գաղտնալսումների արդյունքում լսվում է, որ դեպքի վայրում եղել է երեք զենք, մինչդեռ վարույթում ներգրավված է միայն մեկը։ Հարազատների հարցին՝ մյուս երկու զենքերի գտնվելու մասին, քննիչը պատասխանել է՝ չկա կրակված պարկուճ, չկա զենք։ Սրանից բացի քննիչը, ըստ Խաչատրյանի, հայտնել է նաեւ, որ մյուս զենքով կրակել է 10-ամյա տղա՝ Առնակը, որը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել տարիքով պայմանավորված: Տիգրան Մաթեւոսյանի ազգականները այս վարկածին էլ չեն հավատում:

Խաչատրյանի խոսքով՝ տեսանյութերում հնարավոր է նկատել երկրորդ զենքի առկայություն, ինչը պատշաճ կերպով չի ուսումնասիրվել։ Բացի այդ, ըստ նրա, դեպքի վայրից կրակված պարկուճները հավաքող անձ է եղել, որը երբեւէ չի ներկայացել քննչական մարմիններին, իսկ քննիչը հայտարարել է, որ չի կարողանում նույնականացնել այդ անձին։

Խաչատրյանը հարցնում է՝ եթե հնարավոր չէ նույնականացնել պարկուճ հավաքողին, ապա ինչպես են նույնականացվել մյուս անձինք եւ կազմվել մեղադրական եզրակացություններ նրանց գործողությունների վերաբերյալ։

Նա նաեւ հավելեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք կարեւոր հանգամանքներ չեն ընդունվել քննիչի կողմից՝ պատճառաբանությամբ, թե «քննությունն ավարտված է»։

Խաչատրյանը պնդում է՝ սպանված 15-ամյա Ռուբեն Ռուբենյանի երեք ընկերներն էլ են վկայել, որ դեպքի օրը նա որեւէ կոնֆլիկտ չի ունեցել Տիգրան Մաթեւոսյանի հետ։

Հիշեցնենք, որ ըստ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին, ժամը 20:20-ի սահմաններում, Արտաշատից Ոստան տանող ճանապարհին։ Նախնական տվյալներով՝ երկու տղամարդ, զավակների հետ կապված վիճաբանության ընթացքում, որսորդական հրացաններով կրակել են միմյանց ուղղությամբ։

Դեպքի հետևանքով երկու անձ մահացել է, ևս չորսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Կան ձերբակալվածներ, և քրեական վարույթի շրջանակում քննչական գործողությունները շարունակվում են։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031