ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Կայսրությունը այլ բան էր պլանավորել։ Նիկոլ Փաշինյանը 2018-ից 2020 թվականներին պիտի որոշեր «հանձնել» կա՛մ Հայաստանը, կա՛մ Ղարաբաղը (եւ արդյունքում՝ երկուսը միասին)։
Առաջին տարբերակում Հայաստանը չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը՝ Ղարաբաղի շուրջ անորոշությունը եւս մի քանի տարով ձգելու դիմաց։ Հեղափոխությունը՝ իշխանության վերադարձը ժողովրդին փոզմիշ էր լինելու, եւ ամեն ինչ վերադառնար ի շրջանս Կայսրության։
Երկրորդ տարբերակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարելու էր, որ պետք է անել այն, ինչ գրված էր բանակցային վերջին փաթեթում՝ Ղարաբաղի աստիճանական բայց ամբողջական վերադարձ Ադրբեջանին։ Սրա դեմ միանգամից ըմբոստանալու էին 2020-ից ցայսօր ըմբոստացած բոլոր ինստիտուտները՝ ԱԳՆ-ից եւ ԳՇ-ից մինչեւ ՀԱԷ, եւ ժողովուրդը՝ ճնշված «Նիկոլը եկել է հողերը հանձնելու համար» իրականացած մարգարեության տակ՝ երես էր թեքելու իր Հեղափոխությունից, եւ ամեն ինչ կրկին վերադառնար ի շրջանս Կայսրության։
Ի հեճուկս բոլոր սցենարների՝ 2020 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը կայացրեց կռվելու որոշում։ Նա համոզված էր, որ եթե համազգային ջանք գործադրվի եւ զինվորի թիկունքից չասեն «հողերը հանձնած են», ապա բեկումը եւ այնուհետեւ հաղթանակը հնարավոր են։ Նիկոլ Փաշինյանը կոչեց տասնյակ հազարավոր զինվորների եւ կամավորների կռվել՝ իմանալով, որ այդ մարդկանց մի մասը զոհվելու է։ 3833 մարդու ընդհատված կյանք մնաց նրա մտքի, սրտի, ուսերի վրա ծանրացած։
Կարդացեք նաև
Մենք պարտվեցինք պատերազմում, բայց կռվելու մասին որոշումը, պարզվեց, մեր պետության անկախացման ճանապարհն էր՝ Կայսրության գծած սցենարներից դուրս գալու ճանապարհը։ Իհարկե հաջորդիվ Կայսրությունը նոր սցենարներ մոգոնեց՝ այժմ դա «երաշխավորված խաղաղության» սցենարն է, բայց սա արդեն մուլտֆիլմի սցենար է՝ համեմատած այն դժոխքի հետ, որի միջով մենք անցանք։


















































