Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնահովիտում հայտնաբերված կոթողը՝ թվագրվող 5-7-րդ դարերով, կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը

Մարտ 26,2026 16:08 Share

«Լեռնահովիտի բացառիկ կոթողը հայտնություն սերունդների համար» ժամանակավոր ցուցադրության բացում 

Մարտի 24-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Լեռնահովիտի բացառիկ կոթողը․ հայտնություն սերունդների համար» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը ներկայացնում է 2025թ. Լոռու մարզի Լեռնահովիտ համայնքում հայտնաբերված բացառիկ քառանիստ կոթողը` թվագրվող 5-7-րդ դարերով։

Քառանիստ կոթողի հիմնական առանձնահատկությունը հստակ, մանրամասն և ճշգրիտ քանդակված հորինվածքներն են` սուրբ զինվորը, Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ և Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։

Ցուցադրության բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին և Լեռնահովիտ համայնքի բնակիչներին` արագ արձագանքելու և մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու համար։ Նա նշեց, որ կոթողը կհամալրի Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը։

Կոթողի ինքնատիպ քրիստոնեական պատկերագրությունը ներկայացրեց պեղումների ղեկավար, պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Շնորհակալական խոսքով հանդես եկավ Լեռնահովիտ համայնքի բնակչուհի Նվարդ Գալստյանը, որը մինչ թանգարան տեղափոխելը պահպանել էր կոթողը։

Միջոցառմանը ներկա էին նաև Լեռնահովիտի համայնքապետարանի ներկայացուցիչները։

Կոթողի հետախուզական պեղումներն իրականացվել են 2025թ. նոյեմբերին` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից` պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Հայաստանի պատմության թանգարան 

Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը։

Թանգարանը ՀՀ ազգային նշանակության մշակութային կենտրոններից մեկն է, կրել է անվանափոխություններ. Ազգային թանգարան (1921-1922 թթ), Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935 թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003 թ.):

Կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15. 289 առարկա)։

Պահպանում է ավելի քան 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու։ Թանգարանն իր հավաքածուները համալրում է հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։

Արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը` նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը։

2025 թվականից թանգարանի երեք մասնաճյուղերն են հանդիսանում Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը, Կոտայքի երկրագիտական թանգարանը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։

 Հայաստանի պատմության թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031