Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ այն ատեն, որ Բաքվում պատանդ կպահվին, երկու ժողովուրդներու միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա: Թուղթ ստորագրելը շատ տեղ չի հասցներ. Հրայր Պալեան. «Ազգ»

Մարտ 27,2026 10:56 Share

«Ազգն» առաջին անգամ է զրույցի հրավիրում հակամարտությունների կարգավորման փորձագետ, բանակցող եւ միջնորդ Հրայր Պալեանին, որ 35-ից ավելի տարիներ ուսումնասիրել, մասնագիտացել է Միջին Արեւելքի, Աֆրիկայի, Բալկանների, Արեւմտյան Եվրոպայի,Կովկասի, Կենտրոնական Ասիայի  հակամարտությունների հանգուցալուծման հարցերում, բազմամյա փորձ է կուտակել աշխատելով ՄԱԿ-ում, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ում, ղեկավար պաշտոններ զբաղեցրել Ժնեւի «Իրավունքի եւ հակամարտությունների կարգավորման Կովկաս կենտրոնում», Սարաեւոյի Միջազգային ճգնաժամային խմբում, Ատլանտայի Քարտերի կենտրոնում, որի ղեկավարն է եղել 2008-2022-ին:

– 30 տարվա մեր դիվանագիտությունը (նույնը երեւի Ադրբեջանինը) սնուցում էին հայ կադրային դիվանագետները, որ աշխատել էին ԽՍՀՄ ԱԳՆ-ում,  բայց նաեւ սփյուռքից էին ներգրավվել՝ Ժիրայր Լիպարիտյանին եւ Վարդան Օսկանյանին նկատի ունեմ: Նրանց մասնակցությունը ՀՀ անկախութւյան ճարտարապետության մեջ, նաեւ ԼՂ հակամարտության լուծման գործընթացում պիտի որ արդյունավեր լիներ: Ո՞րն էր մեր դիվանագիտության գլխավոր սխալը, ինչի՞ց չօգտվեցինք:

-Առաջին 10 տարիներու ընթացքին բանակցություններուն մասնակցող հայ դիվանագետները Սովետ Միության արտադրած դիվանագետներն էին, նաեւ նրանք, որ նշեցիք: Բայց այդ 10 տարվա ընթացքին մեծ թիվով շատ կոմպետենտ հայ դիվանագետներ թրծվեցան աշխատանքի ընթացքին: Չեմ պնդեր, որ այս ամբողջ դիվանագիտական ձախողության պատճառը անոնց Սովետական բեքգրաունդն է: Այդ չէ հարցը: Հարցն ավելի խորքային է, զանազան պատճառներ կան, օրինակ՝ մաքսիմալիզմի հարցը: Մաքսիմալիզմն ինքնին կրնա ըլլալ, որ հարց չծագեցնե: Բայց երբ կողմերեն մեկը մաքսիմալիստական դիրքորոշում կորդեգրե, ադիկա պիտի այլընտրանք ունենա, պիտի մտածե՝ ինչպե՞ս կրնա այս հակամարտությունը կարգավորել: Ադրբեջանի պարագային իրենց այլընտրանքը ուժի գործադրումն էր, եւ շատ մեթոդիկ ձեւով պատրաստվեցան այդ ուժի գործադրման: Ադրբեջանը միջոցներն ալ ուներ պատրաստվելու՝ 18 հազար զինվոր պատրաստեց Թուրքիո մեջ՝ իր զինվորական այլընտրանքն ավելի հզորացնելով, իսկ մենք ի՞նչ ըրինք, ի՞նչ այլընտրանք ունեինք, երբ մաքսիմալիստական դիրքորոշում որդեգրեցինք: Կըսեինք, թե ժամանակը մեր օգտին կաշխատի: Ընդհակառակը, ժամանակը մեր դեմ աշխատեցավ: Ոչ մեկ քայլ ըրինք պատրաստվելու, ադրբեջանական կողմի պատրաստություններուն դիմադրելու: Մեր միջոցներն ավելի համեստ էին, բայց  կարող էինք պատրաստվել: Այլընտրանք չունեինք, երբ մաքսիմալիստական դիրքորոշում առինք: Մեր դիրքը շատ խոցելի էր, վտանգավոր վիճակի մեջ էինք, փոքր սխալ մը կրնար մեզի համար շատ լուրջ հետեւանքներ ունենալ: Հիմա ինչպես որ եղավ՝ Ղարաբաղը կորսնցուցինք, վերադառնալը չափից ավելի դժվար է, եթե ոչ՝ անկարելի:

Պարոն Պալեան, կարո՞ղ էր (է) դա խաղաղության բանակցությունների ժամանակ արծարծման հարց դառնալ:

-17 կետե բաղկացած խաղաղության համաձայնագիր մը պատրաստված է, որ նախաստորագրվեցավ անցյալ օգոստոսին Վաշինգթընի մեջ, եւ կսպասվի, որ նաեւ կստորագրվի՝ չգիտես երբ, հստակ ժամանակ չիկա: Այդ համաձայնագրին մեջ բացթողնված շատ հարցեր կան: Առանց անոնց լուծման, այդ համաձայնագիրը այն թուղթեն ավելի արժեք պիտի չունենա: Այսինքն՝ հակամարտող երկու երկրներուն էլիտները (վերնախավերը) կրնան թուղթ ստորագրել, բայց այդ ստորագրությամբ ժողովուրդները չէ, որ խաղաղություն կհաստատեն իրարու միջեւ: Մինչեւ այն ատեն, որ առկա հարցեր կան, մանավանդ շատ զգայուն հարցեր, այդ խաղաղությունը արմատ չի նետեր երկու ժողովուրդներու միջեւ: Առկա հարցերեն առաջինը 19 պատանդներու հարցն է, Արցախի ղեկավարները, որ տակավին կգտնվին Բաքուի բանտերուն մեջ: Մինչեւ այն ատեն, որ այդ մարդիկ հոն պատանդ կպահվին, երկու ժողովուրդներուն միջեւ խաղաղություն հաստատելն անկարելի պիտի ըլլա: Թուղթ ստորագրելը շատ տեղ չի հասցներ: 2-րդ՝ Հայաստանի տարածքեն մոտ 240 քկ Ադրբեջանի տիրապետության տակ կգտնվի, Ադրբեջանի գրաված հողերն են անոնք: Ինծի համար պատճառաբանություն չէ, թե սահմանները դեռ չեն ճշտված. պարապ խոսք է ատիկա: Սահմանները հստակորեն ճշտված էին արդեն 1991-ի Ալմաթիի համաձայնագրով եւ մինչ այդ խորհրդային սահմանները երկու երկրի սահման էին: Անհեթեթ պատճառաբանություն է, երբ Ադրբեջանը կպնդե, որ հստակ չեն անոնք: Երբ այսպիսի հարցեր կան երկու ժողովուրդներու միջեւ, այն համաձայնությունը, որ պիտի ստորագրվի վերջիվերջո, շատ արժեք պիտի չունենա:

Ո՞րն եք համարում այս պահին մեր պետության համար անձնասպանություն:

– ՀՀ-ն այսօր պարտված պետություն է: Գրքիս մեջ կա նաեւ հետեւյալը՝ ոչ միայն չէինք պատրաստված, այլեւ շատ անխելք, անիմաստ, անտեղի հայտարարություններով, գործունեություններով ա՛լ ավելի դրդեցինք դիմացինները՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան:

Մինչեւ ընտրությունները մեր առաջին պահանջը ո՞րը պիտի լինի:

-Պատանդներու վերադարձը՝ անմիջապես եւ առանց պայմանի: ՀՀ 240 քառ կմ-ից ՝ բարձունքներից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրս գալը եւ վերջ տրվի «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթին: Հաջորդ կետը, որ պետք է դրվի, TRIPP-ի հարցն է: Ճանապարհը, երկաթուղագիծը, որ պետք է կառուցվի, ինտերնետի գիծը, գազուղին եւ այլն Սյունիքի վրայով, ասոր փոխադարձ իրավունքները կան, որ TRIPP- ին մեջ խոսված են, բայց ոչ մեկ սահմանում տրված է  Հայաստանի իրավունքներուն: Ադրբեջանի տարածքի վրայով ՀՀ իրավունքն է շրջագայելու, Մեղրիի եւ Երեւանի միջեւ՝ Նախիջեւանի վրայով, օրինակ ՀՀ-ի կապը Ռուսաստանի հետ կարող է ըլլալ նաեւ Ադրբեջանի վրայով: Ասիկա ոչ թե որպես «բարի կամեցողության» հարց պետք է ըլլա, այլ փոխադարձ՝ ՀՀ-ի իրավունքը՝ սահմանված համաձայնագրերուն մեջ:  Ոչ թե միայն խոսվի Ադրբեջանի՝ Մեղրիի վրայով Նախիջեւան անցնելու իրավունքի մասին:

Ո՞րն է, որտե՞ղ է մեր տարածաշրջանում խաղաղ մնալու բանալին:

-Հայաստանն այսօր չափից ավելի դժվար կացությամբ տարածաշրջանի մը մեջ է: Երթալով ավելի կդժվարանա: Պատերազմն Իրանի դեմ 100 անգամ կբարդացնե ՀՀ-ի իրավիճակը: ՀՀ-ն խելամիտ ձեւով մոտենալով միջազգային այս հարցերուն պետք է կարգավորե իր հարաբերությունները իր դրացիներուն հետ: Կարգավորել չի նշանակեր տարբերություններ չունենալ դրացիներուն հետ: Կարելի է Հայաստանի հարաբերությունը կարգավորել Թուրքիո հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ միեւնույն ժամանակ հետապնդել նաեւ ուրիշ հարցեր: Այսինքն՝ դիվանագիտկան հարաբերությունն ու առկա հարցերու լուծումը չեն հակասեր իրարու:

Բայց մեր գլխավոր հարցը միշտ մնում է այն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որն ընդունելու որեւէ նշան ցույց չի տալիս:

-Եթե իսկապես կուզենք, Թուրքիան ալ կփափագի, որ երկու երկիրների միջեւ խաղաղություն հաստատվի, նախ պիտի դիվանագիտական հարաբերությունը կարգավորի, սահմանները բացի, ՀՀ-ի շրջափակումը վերացնե: Անկե վերջն է, որ կարող ենք երկխոսության նստիլ Թուրքիո հետ՝ առկա այլ հարցեր լուծելու, ներառյալ՝ Ցեղասպանության հարցը: Պետք է  խոսվի, թե ի՞նչ կնշանակե Թուրքիո՝ իր հանցանքը ցեղասպանությունն ընդունիլը, ի՞նչ հետեւանքներ կրնա ունենալ: Պետք է խոսվի՝ առանց idie՛e fixe  (մտասեւեռում) ունենալու, նախապայման պետք չէ ըլլա: Բայց պետք չէ նաեւ մոռցվի: Չձեւացնենք, որ այս հարցերը վերցված են մեջտեղեն՝ պարզապես գորգին տակն ավլելով: Նույնը՝ Ադրբեջանի հետ: Դիվանագիտական հարաբերություն ստեղծել եւ վերջ տալ անմիջական ու երկարամյա հարցերուն: Անմիջականը՝ պատանդներն են, սահմանները, վերադարձի իրավունքն է: Որո՞ւ վերադարձի իրավունքի մասին կխոսինք, ի՞նչ կնշանակե: Երբ դիվանագիտական հարաբերությունները հաստատվին, անմիջական հարցերը սեղանին վրա կարգավորվին, կարելի է բոլոր հարցերու մասին խոսիլ: Բայց Հայաստանը չի կրնար դիմանալ տարածաշրջանի մեջ այսօրվա պայմաններուն, եթե հարաբերությունները չհաստատվին, սահմանները չբացվին:

Ո՞րն է ամենակարեւոր դասը, որ չպիտի կրկնենք:

-Գիրքը գրելու պատճառը հետեւյալն էր. Ղարաբաղի հարցը եղավ, Ղարաբաղը կորսնցուցինք՝ վերջնական, թե ժամանակավոր, չեմ գիտեր, բայց պատերազմի հետ կորսնցուցինք՝ շատ պատճառներով, ներառյալ՝ մե՛ր ստեղծած պատճառներով, մեր բաց թողած կարելիություններով: Գրքի վերնագրին «բաց թողնված հնարավորություններեն» մեկը 1997-ի սեպտեմբերին Մինսկի խմբի համանախագահներու կողմե առաջարկված ֆորմուլան էր, որ թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի ղեկավարության մեկ մասը մերժեցին ընդունիլ: Ասիկա հսկայական բաց թողնված առիթ էր, որ փախցուցինք: Կրնայինք ժամանակավորապես կարգավորել Ղարաբաղի իրավիճակը, դե ֆակտո անկախությունը ընդունիլ տալ միջազգային համայնքին, ապա հանգիլ անկախության ճանաչման: Ինչը եղավ Կոսովոյի պարագային: Ճիշտ նույն բովեն անցավ, ժամանակավորապես ընդունվեցավ կարգավիճակը, կարգավորվեցավ դե ֆակտո անկախությունը միջազգային հանրության կողմե 10 տարիեն ավելի, վերջը անկախությունը ճանչվեցավ: Մենք հսկայական առիթը փախցուցինք: Լեւոն Տեր- Պետրոսյանը ճիշտ էր այդտեղ, այդ առաջարկը պետք էր ընդունեինք:

Տեր-Պետրոսյանը հիմա ի՞նչ կարծիք ունի: Խոսե՞լ եք իր հետ: Իսկ մյուս ղեկավարներն ընդունո՞ւմ են, որ իրենք սխալվել են:  Ի վերջո հայ ժողովրդից որեւէ նախագահ, վարչապետ ներողություն չի խնդրել, նաեւ՝ այս պարտության համար:

-Գրեթե բոլորին հետ խոսած եմ, կխոսիմ ամենուն հետ: Սովորություն ունինք՝ մեր սխալները չընդունելու բնավ: Չենք փորձեր վերլուծել, թե ինչո՞ւ կորսնցուցինք: Նույնիսկ չենք վերլուծել, թե ինչո՞ւ հաղթեցինք Ղարաբաղի առաջին պատերազմին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031