Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպաստների գործով» դատապարտվածը դիմել էր ՍԴ

Մարտ 27,2026 14:00 Share

Յուրա Ղազարյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Լուսինե Գրիգորյան) դիմել էր անհատական դիմումով Սահմանադրական դատարան, խնդրելով 1998 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 33 -րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի եւ 63 -րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի պահանջներին հակասող եւ անվավեր:

Նա ներկայացրել էր իր` թիվ ՀԿԴ /0143/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը, որը առիթ էր դարձել դիմելու ՍԴ: Դիմումատուն նշել էր, որ 2022 թ. մայիսի 10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար Լ. Ստեփանյանի որոշմամբ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 38 -311.1-ին հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 312.1-ին հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 62219622 քրեական գործը եւ այն ընդունվել է վարույթ:

Դիմումատուն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի ավագ սոցիալական աշխատողն էր, ում նշված քրեական գործով մեղադրանք էին առաջադրել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալուն օժանդակելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ (դատարանում առկա 10 հատորանոց գործի նյութերի համաձայն՝ 1.026.000 ՀՀ դրամ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ ակնհայտ է, որ 1.026.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն ստանալը չի կարող համարվել խոշոր չափ, քանի որ այն գերազանցում է մեղսագրվող արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը-Ռ.Մ.)։

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. հունվարի 16-ի դատավճռով վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում՝ 4 տարի 4 ամիս ժամկետով եւ տուգանք՝ 309.000 ՀՀ դրամ: Պաշտպանական կողմը թիվ ՀԿԴ /0143/01/22 քրեական գործով 2024 թվականի նոյեմբերի 11-ին կայացված դատավճռի դեմ ներկայացրել է դատական վերանայման բողոքը, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել է մասնակի:

Նշենք, որ այս գործով Յուրա Ղազարյանի դատապարտման հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրվել են որպես արտավարութային փաստաթուղթ ապացույց ճանաչված «Ներքին դիտում» եւ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ -հետախուզական միջոցառումների արդյունքները:

ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փաստացի ընդունել է, որ մարմինը չի ունեցել անձի պաշտոնական կարգավիճակի մասին տվյալներ, կասկածանքի շեմն օպերատիվ փուլում «բավականին ցածր» է, եւ այդ ցածր շեմով հնարավոր է եղել առերեւույթ եզրակացնել, թե առկա է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու կասկած: Դատարանն առանց տարանջատման Յուրա Ղազարյանի մեղադրանքի հիմքում է դրել 2021 թ. սեպտեմբերի 15-ից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների բոլոր արդյունքները:

Ուստի, ըստ Վերաքննիչ դատարանի` առաջին ատյանի դատարանի կողմից խախտվել է պատշաճ ապացուցման քրեադատավարական սկզբունքը, որն ազդել է վարույթի ելքի վրա, ինչն էլ հիմք է դատական ակտը բեկանելու համար:

Վճռաբեկ դատարանը Յ.Ղազարյանի պաշտպան Լ.Պինգոլցյանի բողոքը վարույթ չի ընդունել: Վճռաբեկ դատարանը բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի եւ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման պատճառաբանությունների համադրված վերլուծության հիման վրա գալիս է հետեւության, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական օրենքի խախտում, կամ քրեադատավարական օրենքի էական խախտում, որը կարող էր ազդել վարույթի ելքի վրա, իսկ հակառակի մասին բողոք բերած անձի փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով եւ եզրահանգումներով։

Սահմանադրական դատարանի դատական կազմը նույնպես մերժեց գործի քննությունը, արձանագրելով. դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ /0143/01/22 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031