Կամ՝ ինչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեն գերմանական եւ հայկական դուալ կրթական համակարգերը
Մարտի 16-20-ը Հայաստանի միջին մասնագիտական կրթական հաստատությունների, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները եւ փորձագետները եվրոպական գործընկեր կազմակերպությունների հետ միասին հյուրընկալվեցին Գերմանիայի Օֆենբախ քաղաքում գտնվող INVOLAS GmbH- Մասնագիտական կրթության, աշխատաշուկայի եւ սոցիալական քաղաքականության ինստիտուտում, որտեղ մեկնարկեց «Էրազմուս+» ծրագրի «Մոկ հավատարմագրման ներդնում՝ աջակցելու հայաստանյան ՄԿՈՒ (մասնագիտական կրթության եւ ուսուցման) հաստատություններում որակի ապահովմանը» (QA4VET) կարողությունների զարգացման նախագծի շրջանակում կազմակերպված միջազգային աշխատաժողովը: Աշխատաժողովի նպատակն էր՝ զարգացնել ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները՝ մշակելու եւ ներդնելու որակի ապահովման արդյունավետ համակարգեր: Մասնակիցներն ուսումնասիրեցին որակի ապահովման գերմանական փորձը, հավատարմագրման մեխանիզմները, ինչպես նաեւ թվային եւ «կանաչ» առաջնահերթությունների ներդրումը ՄԿՈՒ ոլորտում:
Կարդացեք նաև
Ծրագիրը ներառում էր փորձագիտական զեկույցներ, քննարկումներ, պանելային քննարկումներ եւ ճանաչողական այցեր՝ նորարարական մոտեցումներ կիրառող գերմանական կրթական հաստատություն: Մասնավորապես, աշխատաժողովի մասնակիցները շրջեցին Ֆրանկֆուրտի Philipp-Holzmann-Schule ՄԿՈՒ հաստատությունում, որտեղ նրանց ներկայացվեց, թե ինչպես է հաստատությունը զարգացնում թվային եւ կանաչ կարողությունները կրթական ծրագրերի շրջանակում՝ որպես մասնագիտական կարողությունների բաղադրիչ, ինչպես են տեխնոլոգիաները կիրառվում անմիջապես մասնագիտության մեջ։
Կրթության քաղաքականության եւ կառավարման հայկական կենտրոն ՀԿ-ի նախագահ Արայիկ Նավոյանի ձեւակերպմամբ, ընդհանրապես «Էրազմուս +»-ը լավ հնարավորություն է ոչ միայն փորձառություն ձեռք բերելու, այլեւ անհատական զարգացման, մտածողության փոփոխության, եվրոպական երկրներում արժեհամակարգային բաղադրիչների ուսումնասիրության համար. «Էրազմուս +»-ը նաեւ հրաշալի հնարավորություն է մարդկանց համար, որպեսզի տեսնեն աշխատանքի այլ մոտեցումներ եւ կարողանան դրանք տեղայնացնել ՄԿՈՒ հաստատություններում: Ինչ վերաբերում է այս աշխատաժողովին, բավականին օգտակար քննարկումներ եղան, որոնք նպաստում են մասնագիտական գործիքակազմի, մոտեցումների ուսումնասիրությանը, դրանց հնարավոր տեղայնացմանը Հայաստանում:
«Էրազմուս +»-ը եւ բարձրագույն կրթության համակարգում, եւ ՄԿՈՒ ոլորտում հնարավորություն է ընձեռում տեսնել, թե ինչպես են Եվրոպայում ապահովում բուհերի եւ ՄԿՈՒ հաստատությունների ինքնավարությունը, բայց միեւնույն ժամանակ նրանք աշխատում են պետության կողմից (մասնավորապես ՄԿՈՒ ոլորտում) նախանշած ուղղություններով: Գերմանիայում կան հստակ չափանիշներ, ոլորտային շրջանակներ, որոնք նաեւ կանոնակարգում են ՄԿՈՒ համակարգի դերակատարների գործունեությունը»:
Արայիկ Նավոյանն «Առավոտի» հետ զրույցում հավելեց. «Գերմանիայում ՄԿՈՒ շրջանավարտների վերջնական ատեստավորումն իրականացվում է պալատների միջոցով՝ գործատուների ներգրավմամբ, կարծում եմ՝ այս փաստը կարելի է դիտարկել Հայաստանում փորձելու համար: Ուրիշ հարց է, որ մենք ունենք բավական թույլ զարգացած գործատուների համակարգ՝ բացառությամբ մի քանի ոլորտային ուղղությունների: Թերեւս, այդ մասով կարելի է ուժեղացնել միջնաժամկետ կտրվածքով գործատուների՝ որպես սոցիալական գործընկեր հանդես գալու հնարավորությունը: Ծրագրի արդյունավետության տեսանկյունից կարեւոր է օտար լեզուների իմացությունը: Եթե բարձրագույն կրթության համակարգում ունենք որոշակի կարողություններ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերենի իմացությամբ, ապա ՄԿՈՒ ոլորտում պատկերը բավարար չէ: Մյուս կողմից, վերջին տարիներին այդ առումով զգացվում է մոտիվացիա՝ շնորհիվ «Էրազմուս +» ծրագրերի, մարդիկ ավելի շահագրգիռ են լեզուներ սովորելու, ԿԳՄՍ նախարարությունն էլ դերակատարություն ունի՝ որոշակի պաշտոններ ունեցող աշխատակիցների համար պարտադիր պայման է որեւէ եվրոպական օտար լեզվի իմացությունը:
Փաստենք նաեւ, որ երկար տարիներ «Էրազմուս +»-ը եղել է միակ ծրագիրը, որ հնարավորություն է տվել վերապատրաստումներ անցնելու, եւ այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ մարդիկ կարողացել են դրսում մասնակցել եւ իրենց փորձի փոխանակումն ապահովել, արդեն իսկ մեծ ձեռքբերում է»:
ՈԱԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Ռուբեն Թոփչյանը զուգահեռներ տանելով գերմանական եւ հայկական իրականությունների միջեւ՝ նշեց. «Այստեղ նախարարությունն օգնում է դուալի ժամանակ, հիմնարկը վճարում ուսանողի գումարը, որ երեխան գնա եւ մասնակցի, մեզ մոտ գործատուն չի վճարում, քոլեջն էլ չի կարող, որովհետեւ բավարար գումարներ չկան: Մեզ մոտ երեխան շահագրգիռ է արագ մասնագետ դառնալու, այստեղ 4 օր անցկացնում են գործատուի մոտ, 1,5 օր՝ քոլեջում: Ստացվում է, իրենց մոտ երեխան մեծ մասը սովորում է գործատուներից՝ անմիջապես տեսնելով, թե ինչպես են այդ աշխատանքը կատարում, քոլեջում էլ ընդհարական առարկաներն են դասավանդվում, հիմնարար գիտելիքն է տրվում, ինչը բավականին հաջող տարբերակ է: Լավ կլիներ, որ մեզ մոտ էլ այդպես լիներ, ուղղակի մեր գործատուն միշտ չէ, որ պատրաստ է դասավանդման:
Գերմանիայում գործատուն ռեսուրս է տրամադրում, որ իր աշխատողը կարողանա սովորեցնել: Մեզ մոտ գործատուն չի ցանկանում ռեսուրսներ ներդնել, բայց դա էլ իր պատճառներն ունի, օրինակ, որ մեր գործատուները խոշոր չեն, երկարաժամկետ հեռանկարը չեն դիտարկում, իսկ այստեղ գործատուի պարտականությունները մեծ են, համաշխարհային են, չի կարող գործը կանգնեցվել: Մյուս կողմից՝ մեր քոլեջներում որակի համակարգն ավելի շատ են ընկալում, քան այստեղ, որովհետեւ իրենց մոտ հավատարմագրումը պարտադիր չէ, իսկ Հայաստանում պարտադիր է: Մերոնք ավելի լավ են հասկանում որակի ապահովման դերը, չնայած այստեղ էլ նախարարությունն է շահագրգիռ քայլեր անում, որակի նշան է շնորհում ՄԿՈՒ հաստատություններին…»:
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ եւ ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց հատկապես այցելությունը Ֆրանկֆուրտում գտնվող Philipp-Holzmann-Schule մասնագիտական հաստատություն. «Դուալի համակարգը պատկերացրինք, թե ինչ ձեւով են աշխատում, դուալի հիմնական իմաստը հասկացանք, որովհետեւ Հայաստանում այն մի փոքր այլ կերպ է ընկալվում»:
Մեր հարցին՝ ինչու են Հայաստանում ավելի շատ ուզում գնալ բուհեր, քան ՄԿՈՒ հաստատություններ, Ռուբեն Թոփչյանը պատասխանեց, որ կրթական համակարգում նախկինում ընդգծված է եղել ինժեներ գաղափարը, եւ ծնողը միշտ ցանկացել է, որ իր երեխան ավելի բարձր պաշտոն զբաղեցնի, դրա համար անտեսել են միջին մասնագիտական կրթությունը: Նրա խոսքով, այժմ պատկերը փոխվել է, քանի որ ավելի շահավետ է գնալ միջին մասնագիտական հաստատություն՝ կոնկրետ գործատուի մոտ անհրաժեշտ կարողություն ձեռք բերելու համար: Ռուբեն Թոփչյանը նաեւ կարեւորեց այն, որ քոլեջը պետք է երեխային սովորեցնի թվային մտածել:
Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի տնօրեն Վարուժան Գասպարյանը գոհ է, որ Էրազմուս+ QA4VET ծրագրի շրջանակում հանդիսանալով որպես գործընկեր կողմ, աշխատանքային խմբով մասնակցել են դասընթացներին, ունեցել մասնագիտական այց Ֆրանկֆուրտում գտնվող Philipp-Holzmann-Schule քոլեջում, հնարավորություն ստացել ուսումնասիրելու Գերմանիայի փորձը, ավելի կոնկրետ՝ դուալ կրթության փորձը։ «Դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները մեզ մտածելու տեղիք տվեցին, եւ մենք այս ընթացքում նախապատրաստվելու ենք Հայաստանում իրականացվող պիլոտային հավատարմագրման նախագծի մշակման աշխատանքներին՝ ՈԱԱԿ-ի հետ միասին: Մեր անձնակազմի աշխատանքը սահմանափակված չէր միայն մասնագիտական գիտելիքներ ստանալով եւ ճանաչողական այցերով, ուրախ ենք, որ ծանոթացանք նաեւ գերմանական հարուստ մշակույթին:
Ուսումնական այցի ընթացքում մենք տեսանք, որ կրթական կառույցը համալրված էր համապատասխան մասնագիտական տեխնիկայով, լաբորատոր գույքով, որն արդեն իսկ հնարավորություն է տալիս ուսանողներին մասնագիտական եւ իրական աշխատանքային գիտելիքներ ստանալ, ավելի խորքային ծանոթացանք դուալ կրթական համակարգին, նաեւ ինչպես էր իրականացվում գործատու, ուսանող, ուսումնական հաստատություն գործակցությունը: Կարողացանք արժեքավոր կապեր ստեղծել, ինչը առաջիկայում հնարավորություն կտա նոր նախագծերի, ծրագրերի եւ արդեն ավելի առանցքային հարցերի շուրջ քննարկումներ իրականացնելու եւ գերմանական փորձը Հայաստանում տեղայնացնելու համար»,-հավելեց Վարուժան Գասպարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2026

























































