105 տարի առաջ, մարտի 20-ին, Բեռլինում թաղեցին Թալեաթին:
Մարտի 15-ին ԳԴՀ կառավարության կրոնի եւ հավատի ազատության հարցերի հանձնակատար Թոմաս Ռախելը (Thomas Rachel) X-ում հիշեցնում էր, որ նույն օրը «իսլամաֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է»՝ համապատասխանաբար՝ հանդուրժողականության հորդորով: Կասկածում եմ, թե մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգշտրասե 16-ում թուրք երիտասարդ ֆաշիստները, որ առանձնահատուկ հարգանքով, ծաղիկներով իրենց սերն ու նվիրվածությունն էին հաստատում Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշայի հանդեպ, որին 105 տարի առաջ նույն փողոցում սպանել էր հայ վրիժառու, արդարության մարտիկ Սողոմոն Թեհլիրյանը, իսլամաֆոբիայի մասին Ռախելի գրառման մասին տեղյակ էին: Ռախելն էլ երեւի տեղյակ չէր, որ X-ում Efeibram@ Tugrul Moskowits անունով օգտատերը, նաեւ շատ ուրիշներ՝ Haber Report-ը, AnkaRapor-ը, Daily Türkist -ը տարածել էին նույն տեսանյութը՝ կից գրությամբ՝ «Որպես Հանրապետության արժեքներին հավատարիմ թուրք երիտասարդներ, մենք կրկին հիշատակեցինք կայսերական դարաշրջանի ներքին գործերի մեր վերջին նախարար, Մեծ վեզիր Թալեաթ փաշային այն փողոցում, որտեղ նա նահատակվեց Բեռլինում 1921 թվականին»: (Cumhuriyet değerlerine sadık Türk gençleri olarak, İmparatorluk dönemimizin son Başbakanı Talat Paşa’yı 1921’de Berlin’de şehit edildiği caddede bir kez daha andık).
Բեռլինի ոստիկանության ծանուցումը կարդալով գերմանահայ համայնքի, կազմակերպությունների անդամները՝ Գերմանահայ իրավաբանների միությունը, Գերմանահայ ուսանողների «Միասին» միությունը վրդովված դիմել էին ԳԴՀ իրավապահ մարմիններին՝ հանրահավաքն արգելելու գրավոր հորդորով:
«Ի հիշատակ արդի Թուրքիայի ճարտարապետ եւ հեղափոխական Թալեաթ փաշայի սպանության» անվանյալ հանրահավաքից զատ, Հարդենբերգշտրասե 22 հասցեում հանրահավաք էր նախաձեռնել Ռասիզմի, ազգայնականության եւ խտրականության դեմ ակտիվիստների միությունը (AKEBI), որ 105 տարի անց երթ էր իրականացնելու «Սփյուռքում հայերի (կյանքի) հետքը» խորագրով՝ քննելով իրողությունները գերմանական ռայխի եւ օսմանյան կայսրության ներհյուսված պատմության լույսի ներքո:
Կարդացեք նաև
«Ոճրագործներին հարգանքի տուրք մատուցելը չպետք է հանդուրժել», ֆբ-ում հայության բողոքն էր գերմաներեն ձեւակերպել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը: Միջոցառումը, որը մեծարում է ոճրագործին, նրան ներկայացնելով որպես «հեղափոխականի, արդի Թուրքիայի ճարտարապետի», անտեսում է պատմական պատասխանատվությունը եւ վիրավորում զոհերի հիշատակը: Վտանգում է հարաբերականացնել կամ նսեմացնել պատմության ամենամութ դրվագներից մեկը: Սա խնդրահարույց է հատկապես Գերմանիայում՝ մի երկրում, որի խորհրդարանը՝ Բունդեսթագը, 2016 թվականի հունիսի 2-ին բաց քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հատկապես այն պետությունը, որը հանձնառու է պատմական հանցագործություններին առերեսվելու, հիշողության մշակույթի հանդեպ պատասխանատվության, պարտավոր է հատուկ զգայունություն ցուցաբերել պատմական վարկաբեկված անձանց հանրային հիշատակի հանդեպ»:
Գերմանական taz-ը մարտի 16-ին անդրադանալով «թուրք ազգայնականների՝ Թալեաթի «հիշատակի» միջոցառմանը, նկատել էր տվել, որ «նահատակին» մեծարողները ելույթներից հետո Թալեաթի նկարը, թուրքական դրոշը, վարդերը մի թփի հենելով՝ հեռացել են: Քիչ անց թուրքական ֆաշիզմի դեմ երթի մասնակիցներից մեկը այդ վայրից անցնելով վարդերի տեղը փոխել է՝ հալածյալ Եհովայի վկա Օտտո Ռայնհոլդ Զիգելի հիշատակի գայթաքարի վրա է դրել փունջը:
Չնկատել հնարավոր չէ, որ նախկինում ծայրահեղ ազգայնականների խումբն այսքան երիտասարդ չէր, կանայք էլ կարծես չկային: Աջակողմյան տրամադրությունների վերելքը Գերմանիայում թուրք ֆաշիստներին նոր ավյուն է հաղորդել ուրեմն, եւ «Թալեաթ կոմիտեի» հայր Դողու Փերինչեքի՝ Եվրոպայով մեկ՝ «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական սուտ է» շարժումը թեեւ Շվեյցարիայում պատժի արժանացրեց նրան, բայց ՄԻԵԴ-ում «կարծիքի ազատության» գռեհիկ պատճառաբանությամբ նրա «հաղթանակից» բացի, Թալեաթին մեծարող սերունդ դաստիարակելու արտոնություն տվեց՝ առաջին հերթին Գերմանիայում, ուր որեւէ պաշտոնյա, պատգամավոր ի պատասխան հայ համայնքի՝ մարտի 15-ին Բեռլինի ոստիկանության ցույցի արտոնության, չընդվզեց: Ֆրանսիայից նույն օրը Վալերի Բուայեն քննադատեց Բեռլինի իշխանություններին, որ «Թալեաթ փաշային փառաբանելու հավաք են արտոնում»: Haypress-ը մարտի 13-ին Բեռլինի ոստիկանությանն հարցում էր ուղղել՝ «Հայոց ցեղասպանությունն այստեղ ճանաչված է: Գլխավոր պատասխանատուն Թալեաթն էր, ինչո՞ւ է արտոնվել հավաքը»: Պատասխան իհարկե չեղավ, բայց X-ում հարցմանն ի պատասխան քննարկման մեջ «կարծիքի ազատությունից» կառչածների հետ կար նաեւ հետեւյալ տեսակետը՝ «Ինչո՞ւ արգելել: Ավելի խելամիտ չէ՞ արտոնել՝ վերահսկելով, թե ովքեր են մասնակցում, տվյալներ կհավաքվեն, արձագանքներն ուշադրության կարժանան»:
Թեեւ Բեռլինի Հարդենբերգ փողոցում 9 սենյականոց բնակարան վարձած Թալեաթը ծպտված՝ Սալի Ալի բեյ անվամբ էր ապրում, բայց նրան ապաստանած երկիրն արտոնեց, որ նրա թաղումն էլ պատվո ծես լինի, իսկ 105 տարի անց ցինիկ մեծարանքի արժանանա: Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ մարտի 15-ին թուրքերն սոցցանցերում ակտիվ տարածում էին թուրքական դրոշով ծածկված դիակառքի ընթացքը Բեռլինի փողոցներում, ոճրագործի թաղման թափորը՝ թուրք եւ գերմանացի զինվորականների սգավոր ուղեկցությամբ: Բայց ապրիլի 24-ին ուղեկցող շաբաթվա մեջ գերմանական հեռուստատեսությունը էկրանին էր գամում՝ սփոփող գործողությամբ՝ ֆիլմ էր ցուցադրում Թեհլիրյանի մասին՝ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» հայտնի նախադասությունը դրոշմելով հեռուստադիտողի հիշողության մեջ: Վերջին տարիներին ոչ՛ այդ ֆիլմն են ցուցադրում, ո՛չ էլ «Աղետը» , եւ արդարացի կլինի, եթե ասենք, որ Գերմանիան մոռացել է հայերիս հանդեպ իր պատմական պատասխանատվությունից բխող հանձնառությունը՝ հիշել եւ հիշեցնելը:
2026-ի մարտի 15-ի հանրահավաքի լուսանկարը՝ Katia Vոsquez Pacheco-ի
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում


















































