Իրան–Ադրբեջան հակասությունները մտել են առավել բարդ եւ բազմաշերտ փուլ
Իրանը ոչ միայն Միացյալ Նահանգների ու Իսրայելի ուղղությամբ է հանդես գալիս հրապարակային սուր մեկնաբանություններով ու գնահատականներով, այլեւ հարեւան երկրների հետ դիվանագիտական շփումներում հրապարակված մամլո հաղորդագրություններում հաճախ նկատվում է կոշտ հռետորաբանության կիրառում։
Օրերս հեռախոսազրույց էին ունեցել Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել էին տարածաշրջանային իրավիճակը։ Բայրամովն ու Արաղչին մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական լարվածությունը դադարեցնելու հնարավոր ջանքերի վերաբերյալ: Ընդգծել են Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարեւորությունը։ Բաքվի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայրամովը վերահաստատել է Ադրբեջանի սպասումները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Ադրբեջանի Նախիջեւանի օդանավակայանին եւ դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» եւ խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին, որի հետեւանքով չորս մարդ էր վիրավորվել։ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից կազմակերպված մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն եւ հետախուզական գործողություններ»։
Կարդացեք նաև
Արաղչի-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ, այնուհետեւ, Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում ասվում է. «Ընդհանուր առմամբ, ընդգծվել է շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կանխելու անհրաժեշտությունը, եւ աջակցություն է հայտնվել տարածաշրջանում ռազմական լարվածության արագ դադարեցմանը եւ առկա խնդիրների լուծմանը միայն քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով»։
Իսկ ահա իրանական աղբյուրները Արաղչի-Բայրամով հեռախոսազրույցի վերաբերյալ այլ տեղեկություններ եւս հաղորդել են, որի մասին Բաքուն լռում է։ Fars լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ԱԳ նախարար Արաղչին Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում քննարկել է՝ «Իրանի դեմ ամերիկյան եւ սիոնիստական ագրեսիայի շարունակությունից հետո տարածաշրջանային վերջին զարգացումների եւ դրանց հետեւանքների վերաբերյալ»։ Այնուհետեւ նշվում է. «Այս հեռախոսազրույցների ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը բացատրեց Կասպից ծովին հարող նահանգների վրա վերջերս իրականացված ամերիկա-իսրայելական հարձակումների ծավալներն ու հետեւանքները եւ զգուշացրեց Կասպից ծովի եւ հարակից տարածքների վրա այդ հարձակումների անվտանգության եւ շրջակա միջավայրի հետեւանքների մասին։ Անդրադառնալով Կասպից ծովին եւ նրա ափամերձ երկրներին սպառնացող վտանգներին՝ Արաղչին ընդգծել է պատասխանատու դիրքորոշում ընդունելու, այդ հարձակումները դատապարտելու եւ դրանց հետեւանքները վերացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։
Այսինքն, պաշտոնական Թեհրանը նախազգուշացնելով Կասպից ծովին եւ նրա ափամերձ երկրներին սպառնացող վտանգները, ընդգծել է՝ «պատասխանատու դիրքորոշում ընդունելու», «այդ հարձակումները դատապարտելու» եւ «դրանց հետեւանքներին հակազդելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը»։
Պարզ է, որ Բաքուն էլ ի հակակշիռ Թեհրանի կոշտ պահանջի, կրկին ընդգծել է Նախիջեւանի վրա Իրանից անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ «ադրբեջանական կողմի սպասումները»։
Օրեր առաջ այս թեմային իրանական կողմն արդեն իսկ անդրադարձել էր։ Թեհրանում APA-ի թղթակցին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ասել էր. «Մենք խոր եւ հին պատմական, քաղաքակրթական, մշակութային եւ կրոնական կապեր ունենք Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի հետ հարաբերությունների պահպանումն ու զարգացումը միշտ էլ մեզ համար առաջնահերթություն է եղել։ Տարիների ընթացքում մենք ձգտել ենք ամրապնդել կապերն ու փոխադարձ վստահությունը երկու երկրների միջեւ։ Մենք միշտ փորձել ենք հարցերը քննարկել Ադրբեջանի պաշտոնյաների հետ բարի կամքի ոգով եւ կանխել, որ որեւէ անհայտ ուժ որեւէ հարց կամ թեմա մեր երկրների միջեւ հարաբերությունների դեմ չօգտագործի»։ Նա հայտնել էր, որ Նախիջեւանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետաքննվում է. «Մենք այդ հարցը քննարկել ենք ամենաբարձր մակարդակով։ Իրանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են այն։ Նպատակն էր անհապաղ հստակություն մտցնել իրավիճակում։ Մեր կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ այլ ուժեր կարող են օգտագործել այդ միջադեպը։ Կան մարդիկ, ովքեր օգտագործում են նման իրադարձությունները՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները վնասելու համար։ Երկու երկրների նախագահների միջեւ հեռախոսազրույցի ընթացքում որոշում է ընդունվել համատեղ հետաքննություն անցկացնել՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար»։
Ավելի վաղ՝ երկու շաբաթ առաջ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւի հետ զրույցում նշել էր, որ Նախիջեւանի օդային հրետակոծության հետ Թեհրանը որեւէ կապ չունի: Փեզեշքիանը վստահեցրել էր, որ միջադեպը կհետաքննվի։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք նաեւ մտքեր էին փոխանակել համատեղ տնտեսական նախագծերի մշակման հեռանկարների վերաբերյալ։
Օրերս մեկ այլ ուշագրավ տեղեկություն էլ հրապարակվեց։ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Սարդար Քարամին տեսչական այց է կատարել Իրանի արեւմտյան եւ հյուսիսարեւմտյան սահմաններ։ Իրանական Mehr-ը հաղորդեց, որ դաշտային այցի ընթացքում նա գնահատել է ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը եւ իրավիճակը սահմանամերձ ուղղություններում։ Ըստ նրա, ցամաքային զորքերի ստորաբաժանումները գտնվում են մարտական եւ բարոյահոգեբանական առավելագույն պատրաստվածության վիճակում եւ ընդունակ են օպերատիվորեն արձագանքել ցանկացած սպառնալիքի։ Քարամին ընդգծել էր, որ սահմանախախտների ցանկացած գործողություն կարժանանա խիստ ու վճռական պատասխանի, իսկ հնարավոր ոտնձգություններին արձագանքը կլինի արագ եւ «ջախջախիչ»՝ անկախ սպառնալիքի մակարդակից։
Հատկանշական է, որ Թեհրանից այս հայտարարությունները հնչում են տարածաշրջանում լարվածության աճի եւ Իրանի սահմանամերձ տարածքների անվտանգության նկատմամբ ուժեղացված ուշադրության ֆոնին։
Անցյալ շաբաթ Թեհրանից Բաքվին ավելի խիստ տոնայնությամբ նախազգուշացում էր եղել։ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել, եւ Արաղչին նշել էր, որ Թեհրանն իրավունք ունի հարձակվելու ցանկացած երկրի վրա, որն ԱՄՆ-ին եւ Իսրայելին տարածք է տրամադրել Իրանի դեմ ագրեսիայի համար. «Միջազգային իրավունքի համաձայն՝ որեւէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու օբյեկտները այլ պետությունների տրամադրելու` ագրեսիվ գործողությունների համար»:
Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս մարտի 3-ին տարածաշրջանային OC Media լրատվամիջոցը, հղում անելով անկախ Qazetchi-ին, գրել էր, թե Ադրբեջանը սկսել է զորքեր կուտակել Իրանի հետ սահմանին եւ իր զորքերը մարտական պատրաստության է բերել, հետաձգվել են սպաների ու զինվորների արձակուրդները: Այս զարգացումներից առաջ, Իրանում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիների ներկայացնող Հարավային Ադրբեջանի համակարգող հարթակը նամակով դիմել էր Իլհամ Ալիեւին եւ խնդրել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի ընթացքում իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Այսպիսով, Իրան–Ադրբեջան հարաբերություններում զարգացումները վկայում են, որ կողմերի միջեւ առկա հակասությունները մտել են առավել բարդ եւ բազմաշերտ փուլ։ Թեհրանի եւ Բաքվի փոխադարձ հրապարակային հայտարարությունները ձեւավորում են փոխադարձ անվստահության նոր միջավայր, որտեղ յուրաքանչյուր կողմ փորձում է ոչ միայն պաշտպանել իր դիրքերը, այլեւ ազդել տարածաշրջանային օրակարգի ձեւավորման վրա։
Իրանի վարքագծում ակնհայտ է կոշտ հռետորաբանության համակարգված կիրառումը Բաքվի նկատմամբ։ Իրանը ձգտում է ներգրավել Կասպից ծովի տարածաշրջանի մյուս երկրներին եւ պարտադրել նրանց քաղաքական դիրքորոշում արտահայտել ու դատապարտել Իրանի դեմ գործողությունները։
Թեհրանի կողմից օգտագործվող ձեւակերպումները՝ «պատասխանատու դիրքորոշում ընդունել», «դատապարտել հարձակումները», «միջոցներ ձեռնարկել», իրականում դիվանագիտական լեզվով ձեւակերպված պահանջներ են ուղղված Ալիեւին։ Թեհրանի համոզմամբ՝ Բաքուն կարող է ներգրավված լինել կամ առնվազն ներգրավման ռիսկ ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար։
Այս համատեքստում առավել կոշտ ազդակ է Արաղչիի այն հայտարարությունը, համաձայն որի՝ Իրանը «իրավունք ունի հարձակվելու» այն երկրների վրա, որոնք իրենց տարածքը տրամադրում են ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Սա արդեն զուտ դիվանագիտական հռետորաբանություն չէ, այլ ուղիղ կանխարգելիչ զսպման ազդակ է, որն ուղղված է Բաքվին՝ հաշվի առնելով Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմավարական համագործակցությունը։
Բացի այդ, դիվանագիտական հռետորաբանությանը զուգահեռ նկատվում է նաեւ ռազմական բաղադրիչի ակտիվացում։ Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարի սահմանային այցը, նրա հայտարարությունները հստակ ուղերձ են ոչ միայն Ադրբեջանին, այլեւ տարածաշրջանի մյուս դերակատարներին։
Մյուս կողմից, հաղորդումներն Ադրբեջանի կողմից սահմանին զորքերի կուտակման եւ մարտական պատրաստության բարձրացման մասին վկայում են, որ Բաքուն եւս չի սահմանափակվում միայն դիվանագիտական արձագանքով։ Այսինքն, կողմերից յուրաքանչյուրի պաշտպանական քայլերը մյուսի կողմից ընկալվում են որպես սպառնալիք։ Թեհրանն ու Բաքուն միաժամանակ կիրառում են ինչպես կոշտ հռետորաբանություն, այնպես էլ պահպանում են դիվանագիտական հաղորդակցության ուղիները։ Այս պայմաններում լարվածության հետագա զարգացումը կախված կլինի երկու հիմնական գործոնից՝ արդյոք կողմերը կկարողանա՞ն սահմանափակել միջադեպերը եւ պահպանել վերահսկելի մակարդակ, թե՞ դիմակայությունը կխորանա, վերածվելով ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2026


















































