Ֆրանչայզինգը համարվում է աշխարհում ամենաքիչ ռիսկային բիզնես մոդելներից մեկը։ Ահա դրա հիմնական առավելությունները.
- Գործարարը ստիպված չէ զրոյից կերտել իր անվանումը։ Սպառողն արդեն գիտի ապրանքանիշը եւ վստահում է դրա որակին։
- Բոլոր սխալներն արդեն արվել եւ ուղղվել են իրավատիրոջ կողմից։ Դուք ստանում եք հստակ ուղեցույցներ՝ սկսած դիզայնից մինչեւ սպասարկման ստանդարտներ։
- Խոշոր իրավատերերը իրականացնում են համաշխարհային կամ ազգային գովազդային արշավներ, ինչից օգտվում են բոլոր մասնաճյուղերը։
- Սա իրավական ամուր հիմք է ստեղծում բիզնեսի համար, քանի որ ապրանքային նշանը եւ հեղինակային իրավունքները պաշտոնապես գրանցված եւ պաշտպանված են լինում։
- Իրավատիրոջ համար սա հնարավորություն է ընդլայնելու իր ցանցը առանց հսկայական սեփական ներդրումների, իսկ օգտագործողի համար՝ սկսելու եկամտաբեր գործ շատ ավելի արագ։
Ֆրանչայզինգի կամ համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրով իրավատերը օգտագործողին է տրամադրում բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առեւտրային տեղեկատվության, ապրանքային նշանի, սպասարկման նշանի եւ այլնի նկատմամբ իրավունքները:
Ֆրանչայզինգի պայմանագրով կողմեր կարող են լինել ինչպես առեւտրային կազմակերպությունները, այնպես էլ անհատ ձեռնարկատերերը:
Ֆրանչայզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, իսկ այդպիսի պայմանագիրը դառնում է առոչինչ:
Կարդացեք նաև
Այս պայմանագրով օգտագործողը իրավատիրոջն է փոխանցում միանվագ կամ պարբերական վճարներ, ինչպես նաեւ հասույթից մասհանումներ:
Եթե ֆրանչայզինգի պայմանագրով նախատեսված է իրավատիրոջ ապրանքային նշանի օգտագործում, ապա ֆրանչայզինգը պետք է գրանցվի «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործող Մտավոր սեփականության գրասենյակի կողմից:
Ամփոփելով կարող ենք ասել, որ ֆրանչայզինգը բիզնեսի համագործակցության այն ձեւն է, որի դեպքում մի կողմը՝ հաջողված բիզնեսի սեփականատերը կամ իրավատերը, մյուս կողմին՝ օգտագործողին է փոխանցում իր անվանումով եւ փորձարկված կանոններով բիզնես վարելու իրավունքը։
Պարզ լեզվով ասած՝ սա նման է «պատրաստի բիզնեսի վարձակալության՝ ամբողջական հրահանգներով»։
Իրավաբանական խորհրդատվության, բիզնեսի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 55 հեռախոսահամարին:
ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Առավոտ» օրաթերթ
26.03.2026


















































