Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միասին» շարժումը ընդդիմադիր ուժերին առաջարկել են ստորագրել նախընտրական հուշագիր:
Ըստ հուշագրի նախագծի՝ «2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, մասնակից ընդդիմադիր ուժերը պայմանավորվում են՝
«1.Նախընտրական պայքարի ընթացքում բացառում ենք ընդդիմադիր ուժերի որևէ պառակտում, միմյանց հանդեպ հակաքարոզչության իրականացում։
2.Ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած քաղաքական միավորները չեն ընդգրկվի այն կոալիցիայի կազմում, որտեղ ներկայացված կլինի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այլ ԱԺ ընդդիմադիր ուժերի հետ կընդգրկվեն ընդդեմ ՔՊ կոալիցիայի կազմում։
Կարդացեք նաև
3.Միասնաբար իրականացնել ընտրական գործընթացի վերահսկողությունը՝ փոխադարձաբար ապահովելով բոլոր ընտրական տեղամասերից ստացված ամփոփիչ արձանագրությունները։
4.Հետընտրական հնարավոր բողոքարկումների առկայության դեպքում, իրականացնել միասնական համակարգված գործողություններ»:
«Մենք ուզում ենք հասկանալ՝ պատրա՞ստ են արդյոք նրանք միասին գոնե մի քանի կետից բաղկացած ծրագիր իրականացնել։ Եթե մենք միասին չվերահսկենք ընտրությունների ընթացքը, քվեարկությունից հետո արձանագրությունների ճշգրտությունը, ապա հասկանում ենք, թե ինչ կեղծիքներ և նկարչություններ են լինելու արդյունքում»,– ասուլիսի ժամանակ նշեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա ձեւակերպմամբ, առաջիկա ընտրություններն աննախադեպ են լինելու իրենց արդյունքով, եւ դրանից կախված՝ պարզ կլինի, թե որ ճանապարհով է գնալու մեր երկիրը, արդոք ազգային նոր ծրագիր է ձեւավորվելու, եւ երկիրը դուրս է բերվելու ստեղծված վիճակից:
Ըստ Դեմկուսի նախագահի, ընդդիմադիր դաշտում առկա ամենամեծ սխալներից մեկը փոխադարձ քննադատությունն է, որը պետք է դադարեցվի: Արամ Սարգսյանը համոզված է` ամեն դեպքում ընդդիմադիր ուժերից ոչ ոք չի կարող 50 տոկոսից ավելի հավաքել, ինչը ենթադրում է ապագայում կոալիցիա կազմել։
«Միասին» շարժման համակարգող խորհրդի անդամ Նարինե Դիլբարյանի խոսքով, բոլորին մտահոգում է ընդդիմադիր դաշտում առկա փոխհրաձգությունը: Նա ընդգծեց,որ նման հուշագրի գոյությունը ժողովրդի հավաքական պահանջն է: «Առջեւում նոր ընտրություններ են եւ հրատապ է, թե ով է լինելու հաջորդ իշխանությունը: Հեռանալո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, եւ ձայների ինչ հարաբերակցությամբ»,-նշեց Դիլբարյանը:
Դիլբարյանը կարծում է, որ քաղաքական ուժերը` լինեն փոքր, միջին, թե մեծ, պետք է անպայման ձևակերպեն իրենց դիրքորոշումը:
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































