Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեզ սպառնում են պատերազմով, ուրեմն պետք է առաջին հերթին մեր շարքերը մաքրենք դավաճաններից». Արսեն Ղուկասյան

Մարտ 27,2026 18:22 Share

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր կրկին ԱԺ շենքի գլխավոր մուտքի առջև են։

Մի քանի օր է, ինչ նրանք ակցիաներ են կազմակերպում՝ պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ստուգող ԱԺ կողմից ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը չի ներկայացվում և, ըստ լուրերի, ուղարկվել է ԱԺ գաղտնի բաժին։

«Լույսի ճրագ» հ/կ նախագահ Արսեն Ղուկասյանը լրագրողներին ասաց. «Այս երեք օրը մենք սկսեցինք ինչ-որ գործողություններ անել, բայց այս ամենը սկսվել է շատ ավելի վաղուց։ Դեկտեմբերի 25-ին մենք երկու հ/կ-ներով դիմում ենք ներկայացրել քննիչ հանձնաժողովին՝ նյութերը հրապարակելու պահանջով։ Ստացել ենք մերժում, որից հետո արդեն կոչով, խնդրանքով դիմել եմ բոլոր մարդկանց։

Սա քաղաքական պահանջ չէ, սա արդարության, ճշմարտության պահանջն է, որը, կարծում եմ, մեր երկրում բոլորն էլ ուզում են իմանալ։ Ովքեր արձագանքել են, հիմա մեր կողքին են՝ առանց հետին մտքերի։
Սա շեշտում եմ, քանի որ այսօր արդեն ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է սա տանել այլ դաշտ՝ որ սա ուղղորդված է չգիտեմ ում կողմից, ում դեմ։ Ես հավաստիացնում եմ 100 տոկոսանոց, որ մեզ ոչ մեկը մեզ չի ուղղորդում, ոչ մեկի կողմից չենք։ Բոլորս գնում ենք մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի։

Մի քանի տարի առաջ ասել եմ ու կրկնում եմ։ Ես միշտ խնդրել եմ մարդկանց, որ գան, մեզ միանան մաքուր, ազնիվ նպատակներով։ Եթե կլինեն քաղաքական ուժեր, որոնք նպատակ ունեն այս ծնողների վիշտը, ցավը, այս պահանջը օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, թող իմ ընկերները չնեղանան, քանի որ այս ամեն ինչը ես եմ սկսել անհետ կորածների ծնողների հետ միասին, հիմա ինձ իրավունք եմ վերապահում ասել՝ իմ կողքը տեղ չունեն։

Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը գա, ասի՝ ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի, ի սեր Աստծո, արի։ Մեր խնդիրն այս դրությամբ դավաճաններին լույս աշխարհ բերելն է, ջրի երես հանելն է։ Առավել ևս, որ այսօր մենք գտնվում ենք մի այնպիսի վիճակում, որ մեզ սպառնում են պատերազմներով. եթե հանկարծ ինձ չընտրեք, պատերազմ և այլն։
Պատկերացնենք՝ արդար ընտրություններ եղան ու չընտրվեց։ Ստացվում է՝ պատերազմ պիտի լինի՞։ Ուրեմն պետք է առաջին հերթին մեր շարքերը մաքրենք դավաճաններից, որ, եթե Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, իսկ ես պատերազմի տուժած եմ, տնիցս երկու հոգի եմ կորցրել ու պատերազմ չեմ ուզում, բայց եթե պետք է լինի, գոնե իմանանք, թե ով ում հետ է գնում պատերազմ։

«Հայաստան» խմբակցությունը միացել է այս կոչին, «Պատիվ ունեմը» միացել է։ Բայց դա չի նշանակում, որ իրենք իրենց ապահովագրել են։ Եթե վաղը քննիչ հանձնաժողովի նյութերը հրապարակվեն ամբողջությամբ, իսկ գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, որովհետև դա ինձ տալիս է բավարար կասկածներ, որ կոծկում են պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որոնք բերել են անդառնալի կորուստների։ Դրա վրա արդեն գաղտնիություն չես կարող դնել։ Դու ո՞նց կարող ես պետական դավաճանի արարքը գաղտնիության տակ փակել»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031