«Պետք է ժողովրդի առաջ պատասխանատու լինեք և խոսեք ավելի կիրթ, համբերատար, որովհետև դուք պատասխանատու եք այս ժողովրդի առաջ։ Որ դուք ստանձնել եք կառավարումը, պատասխանատվություն եք ստանձնել ու ստիպված եք լսել ժողովրդի վրդովմունքն ու պահանջը և ոչ թե վիրավորել ու փորձել թիկնազորի հետևում ամուր տղերքի կարգավիճակում լինել»,-անհետ կորածների հարազատների բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայ ազգային ճակատի հիմնադիր, ռազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գեւորգ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ակտիվիստ Միքայել Մարգարյանի վիճաբանությանը, որի ընթացքում ակտիվիստը հայհոյել էր իր հետ խոսել չցանկացող Ալեն Սիմոնյանին, ի պատասխան նա էլ քաղաքացուն էր հայհոյել։
Նշենք, որ Ալեն Սիմոնյանի հետ վեճի մեջ մտած Միքայել Մարգարյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գևորգ Գևորգյանը վստահեցրեց՝ իրենք փողոցային ժարգոնով խոսելու որևէ նպատակ չունեն և դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց․ «Մենք այս ազգի պետականության, երկրի, անվտանգության ազատագրման ակունքներում կանգնած ենք եղել, երբ դուք դեռ դպրոցը նոր էիք ավարտել։ Մենք հանրային պահանջ ենք բարձրացնում։ Այսօրվա իշխանավորներ, մենք ձեզ հետ փողոցային ժարգոնով խոսելու ոչինչ չունենք, մենք բաց ձեռքերով ենք։ Դուրս եկեք ձեր թիկնազորների ետևից, եթե ուզում եք տղավարի խոսենք, եթե տղավարի խոսելու թեմա ունեք։ Եթե չունեք, եկեք մնանք իրավական դաշտում։ Մենք ոչ մի բան ձեզնից չենք ուզում տղավարի պահվածքների կամ ավելորդ սադրանքների։ Ոչ մեկը չի ուզում ձեզ սադրել, դուք մի սադրեք, մի վիրավորեք, դուք պատասխանատու եք մեր ժողովրդի անվտանգության համար, մի սադրեք»։
Կարդացեք նաև
Գևորգ Գևորգյանը վստահեցրեց՝ իրենք ոչ մի ուժի հետ կուլիսներում չեն բանակցում։ Իրենց պահանջը հստակ է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պետք է հանրայնացնի, թե ովքեր էին պատասխանատուները․ «Մեր պահանջն է՝ եթե ազնիվ ու արդար եք, հրապարակեք ու ուղիղ կանգնեք ժողովրդի առաջ՝ ո՞նց եղավ։ 44-օրյա պատերազմը ազգակործան, պետականակործան աղետ էր, որը մենք ունեցել ենք։ Պատասխանատուներ պետք է լինեն։ Սենց ծածկադմփոցով սա չպետք է անցնի»։
Գևորգ Գևորգյանն ասաց, որ պահանջելու են ՔՊ-ի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































