Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոցի և Ողջի գետը։ Վնասվել են ավտոմեքենաներ, տուժել են կենդանիներ. ՀՀ ՆԳՆ

Մարտ 27,2026 20:44 Share

Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ-ի, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական և ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոցի և Ողջի գետը, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել են կենդանիներ։

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, անցկացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։

Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։

Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031