Լրահոս
Օրվա լրահոսը

Գեթ մեկ ապացույց չկա, որ Վալերի Օսիպյանը հանձնարարել է որևէ ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրել․ պաշտպան

Մարտ 27,2026 22:50 Share

«Մեզ համար անհասկանալի է՝ ինչն է պատճառը, որ որոշեցին հենց 2026 թվականի փետրվար ամսին քրեական հետապնդում հարուցեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտպան Էդգար Շահումյանը։

Նրա խոսքով, եթե Վալերի Օսիպյանն ի սկզբանե առնչություն ունենար այդ դեպքի հետ, նրան ոստիկանապետի պաշտոնին չէին նշանակի․ «Մենք ուսումնասիրել ենք գործի քրոնոլոգիան․ «Մարտի 1-ի» գործի քննությունն ինտենսիվ իրականացվել է մինչև 2020 թվական, դրանից հետո լուրջ քննչական գործողություններ չեն իրականացրել։ Քրեական գործով, այսինքն, շարժ չկա, ու 2026-ին հանկարծ որոշել են հանկարծակի քրեական հետապնդում հարուցեն։ Մեզ համար էլ է անհասկանալի՝ ինչը փոխվեց, ինչը գնահատեցին։ Եթե այդ փաստական տվյալները կային, այն ժամանակից աշխատանքից կհեռացնեին ու քրեական հետապնդում կհարուցեին այն ժամանակ»։

Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2005 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալի պաշտոնը, 2008 թվականի մարտի 1-ին անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության այլ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ կազմակերպել է իրեն ենթակա ստորաբաժանման ծառայողների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելը, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելը, որպիսի գործողություններով նշված անձանց իրավունքներին և օրինական շահերին, ինչպես նաև հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։

«Գեթ մեկ ապացույց չկա, որ Վալերի Օսիպյանը հանձնարարել է որևէ ցուցարարի նկատմամբ բռնություն գործադրել։ Էդ էական վնասը, որ նշվում է մեղադրանքում, նյութական հանցակազմ է, նախ պետք է գործողություն լինի, նոր տեսնենք՝ վնաս կա՞, թե՞ չէ։ Սկսենք նրանից՝ գործողություն չկա որպես այդպիսին»,- հավելեց պաշտպանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031