Մենք փնտրում ենք ոչ թե մարդկանց, այլ այն, ինչ նրանք թաքցրել են
«Հետաքննում է դետեկտիվը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ «Առավոտն» ամեն ուրբաթ ներկայացնում է դետեկտիվի արտառոց բացահայտումները։
Դետեկտիվների համաշխարհային ասոցիացիայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար մեկնել էինք ԱՄՆ՝ Չիկագո:
Հարյուր տարուց ավելի պատմություն ունեցող DRAKE հյուրանոցն իր հյուրընկալ տանիքի ներքո էր հավաքել աշխարհի լավագույն մասնավոր խուզարկուներին՝ շուրջ հարյուր երկրից։
Դրեյքը պարզապես հյուրանոց չէ։ Այն բացվելուց հետո շատ արագ դարձել է բարձր հասարակության նախընտրած վայր՝ շքեղության եւ անթերի սպասարկման համար։ Ինչպես ասում են, մեկ դարի ընթացքում այնտեղ բնակված հայտնիների թիվը չափազանց մեծ է հաշվելու համար՝ Ուինսթոն Չերչիլ, ԱՄՆ նախագահներ Հերբերտ Հուվեր, Դուայթ Էյզենհաուեր, Ջերալդ Ֆորդ եւ Ռոնալդ Ռեյգան, Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդ, արքայազն Չարլզ եւ արքայադուստր Դիանա եւ շատ այլ հանրահայտ մարդիկ։
Ճակատագրի հետաքրքիր հեգնանք էր, որ մենք բնակվում էինք հենց այն սենյակում, որտեղ 1920-ականներին մի քանի գիշեր անցկացրել էր աշխարհահռչակ գանգստեր Ալ Կապոնեն։ Գիշերները, երբ լռությունը գերիշխում էր Դրեյքում, պատերն ասես խոսում էին նախորդ դարի 20-30-ական թվականների մասին:
Միջոցառումը անցկացվում էր Drake հյուրանոցի հանդիսությունների դահլիճում։
Գագաթնաժողովի երկրորդ օրը նախատեսված էր իմ ողջույնի խոսքն ու ելույթը:
Հեռախոսս դրել էի անձայն ռեժիմում եւ սպասում էի ելույթիս հերթին։
Մի պահ շրջեցի հեռախոսը՝ պարզապես ծանուցումները նայելու համար։ Տեսա քսանից ավելի բաց թողնված զանգ՝ նույն ռուսական համարից։
Այդ ժամին Ռուսաստանում խորը գիշեր է եւ մարդիկ քնած են լինում։
Զանգի ինտենսիվությունը հուշեց, որ հարցը հրատապ է եւ զանգահարողն՝ անհանգիստ: Դահլիճից դուրս եկա հնարավորինս աննկատ ու զանգահարեցի հետ։
Իմ ռուսերեն հարցին ստացա հայերեն պատասխան: Մեր հայրենակիցն էր, անհանգիստ ու դողացող ձայնով նախ ներողություն խնդրեց, ապա ասաց, որ գիտի համացանցից իմ ԱՄՆ-ում գտնվելու մասին եւ դրա համար է վստահ զանգահարել:
Խնդրեցի կարճ գրել խնդիրը, որպեսզի ելույթիցս հետո կապվեմ իր հետ։
Ելույթս բավականին լավ արձագանքի արժանացավ։ Հայտարարված ընդմիջմանն արդեն հյուրանոցի լոբբի բարում տեղավորվեցի ու կարդացի Մանվելի գրածը։
«Պարոն Գաբրիելյան, խնդրում եմ օգնեք։ Ինձ ահաբեկում են, որ ես հանդիսանում եմ երեխայի հայրը»։
Հաջորդ հաղորդագրությունը բացեց ամբողջ պատկերը։ Նախկին սիրուհին, ազգությամբ ռուս, ում հետ ունեցել են երկարատեւ շփումներ, ծննդաբերել է եւ պնդում էր, որ երեխան Մանվելինն է։ Անընդհատ զանգահարում է, սպառնում, որ կդիմի դատարան ու սկանդալ կդարձնի, կխայտառակի ընտանիքը: Այս ամենի դիմաց պահանջում է նրանից, որպես երեխայի հայր, օգնի գումարներով խնամքի համար:
Մանվելը համոզված հայտարարում էր, որ երեխան իրենը չի: Նա խնդրում էր պարզել, եթե հաստատվի, որ ինքը հայրն է, ապա կանի ամեն բան երեխայի համար:
Ես արագ կազմեցի առաջնահերթ գործողությունների պլանը: Ով է այդ աղջիկն իրականում։ Ի՞նչ անցյալ ունի։ Ո՞ւմ հետ է շփվել վերջին երկու տարում։ Ունեցե՞լ է նման պատմություններ նախկինում։ Կա՞ն ֆինանսական խնդիրներ, պարտքեր, կապեր։ Սրանք հարցեր էին, որոնք պետք էր առաջնահերթ ստանային պատասխաններ: Դիմեցի ռուս գործընկերներիս նամակով ու գնացի դահլիճ:
Արդեն օրվա վերջում ստացանք Ռուսաստանից պատասխան:
Աղջիկը չէր փայլում բարեվարքությամբ, նախկինում արդեն հայտնվել էր նման պատմության մեջ՝ այլ քաղաքում, այլ տղամարդու հետ: Բայց կար ավելի ծանր փաստ։ Նրա շփումների շրջանակում կար մեկ կոնկրետ տղամարդ, որի հետ հարաբերությունները ժամանակագրորեն ամբողջությամբ համընկնում էին հղիության շրջանին։
Գագաթնաժողովի այդ օրվա նիստից հետո, հյուրանոցի սենյակում՝ Վրեժի, մի քանի կոլեգաների հետ վայելելով Երեւանից բերված հայկական կոնյակն ու հայկական չրերը, սկսեցինք քննարկումները:
Գենետիկ հետաքննություններով զբաղվող հանրահայտ դետեկտիվ ընկերության ղեկավար գործընկերս լսեց պատմությունը մինչեւ վերջ ու առաջարկեց իրականացնել երեխայի եւ հոր գենետիկ նույնականացում ԴՆԹ միջոցով:
Մանվելին առաջարկը դուր եկավ եւ նա անմիջապես համաձայնվեց: Մնաց երեխայի ԴՆԹն ճշտելու համար անհրաժեշտ նմուշառման գործընթացի կազմակերպումը:
Խաբեությամբ բացառվում էր։ Միակ ճիշտ ճանապարհը դետեկտիվական հնարամտությամբ՝ օրինական առիթ ստեղծելն էր։
Աշխատանքային պլանը կազմեցինք մանրակրկիտ։ Ռուս գործընկերները սկսեցին աղջկա առօրյայի դիտարկումը։ Շատ արագ պարզվեց մի կարեւոր բանգ նա միայնակ չէր խնամում երեխային։ Ամեն օր նրան էր այցելում դայակ եւ մինչեւ երեկո մնում նրա տանը: Սա արդեն հնարավորություն էր։
Հաջորդ քայլը հաշվարկված էր րոպեների ճշգրտությամբ։
Արագ պարզեցինք դայակի ինքնությունը։ Սովորական կին էր, սովորական առօրյայով։ Այդպիսի մարդիկ լավագույն միջավայրն են տեղեկատվական միջամտության համար։
Ռուս գործընկերներս ապահովեցին իմ ու դայակի կապը։ Հաճախորդս դարձավ իմ «եղբայրը»: Լեգենդը պատրաստ էր:
Նրան ներկայացրեցի իրավիճակը. կա իրավական վեճ, կա հայրության հարց, կա անհրաժեշտություն պարզելու ճշմարտությունը։ Եթե իրականում «եղբայրս» այդ երեխայի հայրն է, ապա մենք պատրաստ ենք ստանձնել նրա խնամքը եւ ապահովել նրա բարեկեցիկ կենսակերպը:
Նա վախենում էր, բայց հասկանում էր իրավիճակի լրջությունը:
Նրան առաջարկեցի երեխայի խնամքի ժամանակ առաջացած կենսաբանական հետքերով հիգիենայի պարագաները հնարավորինս խնամքով առանձնացնել իրեն տրամադրված հերմետիկ փաթեթների մեջ՝ աղբաման նետելու փոխարեն:
Մայրը ինքն էր մաքրում երեխայի ականջները, քիթը, բերանի խոռոչը բամբակյա փայտիկներով ու դնում անձեռոցիկների վրա, որպեսզի դայակը նետի աղբարկղը։
Դայակը պետք է գործեր իմ կողմից հստակ կանոնակարգված քայլերով։ Փայտիկներն ու անձեռոցիկները չէին նետվում աղբարկղ։ Դրանք հայտնվում էին հատուկ հերմետիկ փաթեթներում։ Օրի եւ ժամի ճիշտ պիտակավորմամբ։
Գագաթնաժողովի ավարտական երեկոն էր: Գալա ընթրիքի ժամանակ սրահը լի էր ծափահարություններով։ Բոլորը միմյանց շնորհավորում էին ասոցիացիայի 100-ամյակի առթիվ։ Գինու բաժակներ, կենացներ, ժպիտներ:
Ես կտրված այդ ամենից՝ սպասում էի տեղեկությանը: Մանվելը գրեց, որ դայակին վճարել է խոստացված պարգեւավճարը, վերցրել նմուշներն ու իր նմուշների հետ միջազգային փոստով առաքել մեր նշած կազմակերպությանը՝ Երրորդ երկրի անկախ լաբորատորիա:
Ես բառ չասացի։ Պարզապես վերցրեցի գինու գավաթը ու մի շնչով դատարկեցի։
Անհամբեր սպասում էինք արդյունքներին, որոնք պետք է գային 10 օրից: Չիկագոյից մեկնեցինք Լոս Անջելես: Հայկական միջավայրը ու հին ընկերների հետ կարոտած հանդիպումները բավականին օգնեցին լիցքաթափվել:
Սիրում եմ երկար թռիչքները, քանի որ կա նաեւ ինտերնետին հասանելիություն եւ դա օգնում է թռիչքի ընթացքում առաջացած միապաղաղությունը կրճատել: Արդյունքներն ստացանք Լոս Անջելեսից Երեւան թռչող ինքնաթիռում:
Հայրության հավանականություն՝ 0.00%։ Արագ վերահասցեագրեցի Մանվելին:
Մոտ 30 րոպե նա տեսել էր նամակս, սակայն չէր պատասխանում:
Հետո գրեց. «Ես համոզված էի… ուղղակի պետք էր, որ դա 100% լիներ։ Մենք հայ ենք եւ պատասխանատու մեր զավակների հանդեպ մինչեւ մահ»:
Հանգիստ շունչ քաշեցի ու …
Արթնացա օդաչուի ձայնից. օդանավը վայրէջք է կատարում Ֆրանկֆուրտի օդանավակայանում:
Ես քնել էի մոտ 8 ժամ, իսկ ճշմարտությունը երբեք չի քնում: Նա պարզապես սպասում է իր ժամին՝ արթուն հետեւելով, հիշելով, հավաքելով մանրուքները, որոնք ուրիշների համար աղբ են, բայց դետեկտիվի համար՝ ապացույց, որը դառնում է փաստ:
Այդ այցը Չիկագո հիշարժան դարձավ ոչ միայն այս հաջողված հետաքննությամբ։
Այդ նույն գագաթնաժողովում ես ընտրվեցի Ասոցիացիայի դեսպան տարածաշրջանում։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2026


















































