Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում գտնվող հայ գերիների ճակատագիրը բացառապես Ադրբեջանի իշխանության հայեցողության տակ է

Մարտ 28,2026 13:30 Share

Ինչի՞ մասին են լռում ՀՀ իշխանությունները եւ աշխարհը

«Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդյունավետ մեխանիզմ չէ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով։ Բայց անգամ այդ պայմաններում, երբ բոլորս գիտակցում ենք, որ այդ գրասենյակն առանց իր երկրի նախագահական ապարատի թույլտվության որեւէ բան չի անում, փաստորեն, չեն էլ փորձում ձեւ անել, որ հասանելի միջոց է, որպեսզի ազատությունից զրկված անձը կապ հաստատի եւ հայտնի հնարավոր խախտումների մասին կամ մտահոգություններով կիսվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

Զրույցի առիթը Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի՝ օրերս հրապարակած բավական մտահոգիչ ձայնագրությունն էր։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել էր։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փոխանցմամբ՝ նա ստիպված է եղել նման քայլի դիմել, քանի որ նախորդ 10 օրերին օմբուդսմենի հետ փաստաբանի միջոցով, գրավոր դիմումներով եւ հեռախոսազանգերով կապ հաստատելու փորձերը որեւէ արդյունք չեն տվել։

«Ես խնդրում եմ հանդիպում Ձեզ հետ։ Դուք հանրային միակ հաստատության ղեկավարն եք, որին կարող եմ դիմել այս իրավիճակում, քանի որ ադրբեջանական մյուս բոլոր մարմինները կամ իրականացնում են պետական վերահսկողություն, կամ … [խոսքն ընդհատվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից]։

Եվ հիմա նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ դա անել։ Ուզում եմ ասել, որ, ցավոք, նրանք թույլ չեն տալիս ինձ դիմել Ձեզ, որպեսզի դուք՝ միակ մարդը, որը կարող է այս իրավիճակում, այնտեղ …»,- կիսատ ձայնագրությունում ասում է Ռուբեն Վարդանյանը։

Պաշտոնապես Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը B կարգավիճակն ունի։ Համաձայն դրա, այդ գրասենյակի գործունեությունն անկախ չէ, թերի է։

«Միջազգային գնահատումներով էլ տարբեր զեկույցներում նշվում է, որ այդ գրասենյակը հասանելի միջոց չէ անազատության մեջ գտնվող մարդկանց համար. ոչ միայն հայերի, այլ ընդհանրապես։ Հայերի դեպքում խնդիրն ուղղակի կրկնապատկվում է, որովհետեւ արդեն նաեւ ավելի քաղաքական աստառ է ստանում։ Ըստ էության, սա ակնհայտ ցուցիչ էր կամ այդ պրակտիկայի լյուստրացիան էր։ Եվ անգամ այն պարագայում, երբ դրանից հետո ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որ Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Ռուբեն Վարդանյանի պահման վայր եւ տեղյակ է խնդիրներից, չի վերացնում մտահոգությունները եւ խնդիրները»,- ասաց Աննա Մելիքյանը՝ հավելելով, որ եւ դատավարության ընթացքում, եւ առավել եւս հիմա, երբ որեւէ միջազգային ճնշում չկա Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանում զարգացումները, պատերազմը, Ադրբեջանի աճող դերը կոմունիկացիոն առումով, մենք ականատես ենք լինում նրան, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին որեւէ արձագանք չկա։

Մեր զրուցակիցը համամիտ է՝ մինչ այդ էլ բավական սահմանափակ էր միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանում մարդու իրավունքների, մեղմ ասած, ոչ բարոք վիճակին. «Ոչ ԵՄ-ում, ոչ ՄԱԿ-ում այս մասով անդրադարձներ չկան։ Ավելին, եթե ՀՀ կառավարությունը կամ պատվիրակությունները միջազգային կառույցներում դադարեն սրա մասին խոսել, ապա որեւէ մեկն իր նախաձեռնությամբ այդ հարցերին չի անդրադառնա»։ Մինչդեռ, Աննա Մելիքյանը հիշեցնում է՝ ՄԱԿ տարբեր զեկույցներում, այդ թվում նաեւ Խոշտանգումների կոմիտեի զեկույցներում Ադրբեջանի վերաբերյալ շատ հստակ նշվում են բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տալիս, հատկապես եթե գործը քաղաքական աստառ ունի, կամ ընդդիմադիր, անկախ լրագրողների դեպքերին է վերաբերվում. «Նույն խախտումներն արձանագրվել են նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի մասով, դեռեւս մի քանի տարի առաջ։ Խնդիրը, փաստորեն, ոչ թե վերացել է, այլեւ ուժգնացել է, քանի որ այլեւս մենք չունենք Կարմիր խաչի կանոնավոր այցելություններ, որպեսզի վստահ լինենք, որ վերաբերմունքը եւ պահման պայմանները պատշաճ են։ Ու այլեւս չունենք դատավարություն, որը թերեւս թերի էր, շատ միակողմանի էր լուսաբանվում, բայց գոնե ունենում էինք ինչ-որ պատկերներ, տեսնում էինք, որ մարդիկ գոնե արտաքին տեսքից դատելով, նորմալ վիճակում են։ Հիմա, երբ արտաքին աշխարհի հետ կապի միջոց գրեթե չկա եւ ապավինում ենք Ադրբեջանի իշխանությունների բարի կամքին, որպեսզի ամիսը մեկ անգամ կամ ինչ-որ պարբերականությամբ ընտանիքի հետ կարողանում են շփվել… ցանկացած պահի կարող են արգելել եւ որեւէ հետեւանք դա իրենց համար չի առաջացնի։ Բացի ամեն ինչից, նաեւ սա է խնդիրը»։

Ընդհատված ձայնագրությամբ Ռուբեն Վարդանյանը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին դիմելով, նաեւ տեղեկացնում է, որ չեն կարողանում դատավճիռները ստանալ. «Ես մեկ ամիս է՝ չեմ կարողանում ստանալ դատավճիռը ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն, ո՛չ ադրբեջաներեն։ Չգիտեմ՝ ինչի համար եմ դատապարտվել եւ որ հոդվածներով։ Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը»։ Ենթադրաբար, նույն իրավիճակում են նաեւ Բաքվի բանտերում գտնվող մյուս հայերը, որոնց դատավարություններն ավարտվեցին։

Այս առիթով Աննա Մելիքյանը նկատում է. «Մենք բոլորս գիտեինք, որ այդ դատավարություններում արդարադատության որեւէ նշույլ չկար։ Ֆիկցիա էր։ Հայերին պատժելու բեմադրություն՝ հատկապես ԼՂ-ի, Արցախի անկախության համար պայքարողներին պատժելու։ Մյուս կողմից էլ, դատապարտված անձին իր վերաբերյալ վճիռը տրամադրելն այն տարրական երաշխիքն է, որպեսզի հասկանալի դառնա՝ վերջապես ինչի՞ համար են դատապարտել, ի՞նչ մեղադրանք են հիմքում դրել, որովհետեւ դատական գործընթացի մոնիտորինգը, որը որ դարձյալ մասամբ էր հնարավոր իրականացնել, ակնհայտ ցույց էր տալիս, որ մեղադրանքներն անհատականացված չեն։ Բոլոր վկայություններն ավելի շատ շոու էին, ոչ թե կոնկրետ անձանց, կոնկրետ մեղքի մասով կոնկրետ դրվագներ էին առանձնացված։ Բոլորին՝ 15 անձանց առանձին եւ Ռուբեն Վարդանյանին առանձին, ընդհանուր վերագրվում էր նույն մեղադրանքը. նույն գործի ծավալն էր, 30-ից ավելի տարիների տեւողությամբ եւ անկախ նրանից՝ մարդը եղել է պահեստազորի սպա, քաղաքացիական անձ, թե բարձրաստիճան պաշտոնատար անձ, բոլորին միասին, ընդհանուր դատում էին։ Դատավճիռների չտրամադրելը ցուցիչ է մեզ համար, իրենք ակնհայտ ցույց են տալիս, որ իրենց իշխանության ցանկությունն է՝ տալ ինչ-որ բան, թե՝ չտալ։ Բայց քանի որ դա նաեւ ձեւական բնույթ է կրում, իրենք անգամ չեն էլ փորձում ցույց տալ, որ տարրական երաշխիքներն ապահովում են»։

«Ցավոք, Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որեւէ այլ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։ ՀՀ կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն եւ զբաղված է մատակարարումներով … [զանգն ընդհատվում է, կապը՝ ավարտվում]»,- Ադրբեջանի ՄԻՊ-ին իր դիմումում նաեւ ասում է Ռուբեն Վարդանյանը։ Սրան հետեւեց Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերին ուղղված նամակը՝ խնդրելով պարզաբանել Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակը: Նա շեշտել է, որ ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարեւոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները. «Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները եւ փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները», – նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Հիշեցնենք, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2025 թվականի սեպտեմբերի 3-ից դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հնարավորություն ունի նաեւ գործել անհատական այցելությունների միջոցով, ինչը անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ, Ժնեւից առաքելություն եղավ։ Կարեւոր էր, որ Կարմիր խաչի գրասենյակն Ադրբեջանում աշխատեր, որովհետեւ դա թույլ էր տալիս ամենօրյա ռեժիմով ինչ-որ խնդիրներ արձանագրել եւ ավելի կանոնավոր, հաճախակի այցելություններ ունենալ Բաքվում պահվող հայերին, տեսակցել, ինչ-որ խնդիրներ լուծել, նրանց կապը պահել արտաքին աշխարհի հետ։ Անցյալ տարվա հունիսից դեռ կանոնավոր այցելություններ չէին լինում, իսկ սեպտեմբերից գրասենյակը պաշտոնապես դադարեցրեց աշխատանքը։ Այս դեպքում շատ ավելի բարդ է ամեն անգամ դիվանագիտական խողովակներով բանակցել այցի հնարավորությունը։ Ժնեւի պատվիրակության այցը դեկտեմբերին եղավ եւ պարզ չէ, թե հաջորդ այցը երբ տեղի կունեն, ի՞նչ հաճախականությամբ են հնարավոր այցեր կազմակերպել։ Այդ անորոշությունն է նաեւ խնդիրներ ստեղծում։ Ըստ էության, դարձյալ Ադրբեջանի իշխանությունների հայեցողության դաշտում են հարցերը. եթե չցանկանան, իրենք թույլտվություն չեն տա եւ որեւէ այցելություն տեղի չի ունենա։ Սա շատ խոցելի վիճակում է թողնում գերեվարված հայերին, հատկապես այն իրավիճակում, երբ այդ երկրի ՄԻՊ գրասենյակը, փաստացի, մարդու իրավունքների պաշտպանության դեր չունի»,- ասում է Աննա Մելիքյանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է՝ այս փուլում ՀՀ կառավարությունը գերիների հետ կապված խնդիրներին որքանո՞վ է հետամուտ, քանի որ ՀՀ պաշտոնյաները հստակ պատասխաններ չեն տալիս հարցերին, միայն շատ ընդհանրական ասում են՝ զբաղվում են խնդրով, մտահոգված են։

«Մենք փորձում ենք հետեւել տարբեր միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում ելույթներին, որոնք հասանելի են, մամուլի հաղորդագրություններին։ Ըստ էության, որոշ դեպքերում արձանագրվում է գերիների առկայության հարցը, բայց իրականում փոխվել է մոտեցումը։ Եթե նախկինում դա ներկայացվում էր Ադրբեջանի կողմից լուրջ խախտում, քանի որ ապօրինի են մարդիկ այնտեղ պահվում, հիմա, հարցն ավելի շատ մարդասիրական խնդիր է դիտարկվում, որը կնպաստի երկու երկրների միջեւ խաղաղությանը։ Ասվում է, որ գերիներին չվերադարձնելը չի նպաստում երկու երկրների միջեւ լիարժեք խաղաղությանը։ Իրականում, եթե վստահ լինենք, որ նման մոտեցումն ավելի կարագացնի իրենց վերադարձը… Բայց մենք, իբրեւ իրավապաշտպան, մեր դերի տեսանկյունից ենք գործում եւ շարունակում ենք խնդիրը ներկայացնել, որպես խախտում եւ չենք կարող ետ կանգնել մեր պնդումներից, որովհետեւ հայերին Բաքվի բանտում պահելը միանշանակ ապօրինի է»,- ասաց Աննա Մելիքյանը։ Նա կարեւոր է համարում, որ ՀՀ կառավարությունը շարունակում է խոսել այս հարցի մասին, բայց ասում է՝ միշտ չէ, որ դա նկատում ենք. «Օրինակ, անցյալ տարի եւ ՄԱԿ-ում, եւ Եվրոպական խորհրդարանում, ամենաբարձր մակարդակով ելույթում այդ հարցին պատշաճ արձագանք չտրվեց։ Հարցը չի ներառվել վարչապետի ելույթում եւ երբ այն բարձրաձայնվեց ԵԽ պատգամավորների կողմից, ՀՀ վարչապետը շատ մեղմ դիրքորոշում հայտնեց։ Մեզ համար կարեւոր է արդարադատությունը եւ անպատժելիության բացառումը՝ հատկապես նման լուրջ խախտումների դեպքում։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ կառավարության մոտեցումը փոխվել է եւ այլեւս Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասով հաշվետվողականություն, պատժողականություն չի հետապնդվում՝ ոչ քրեական դատարանում, ոչ ՄԱԿ հարթակներում։ Տեղյակ ենք նաեւ, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում գերիների հարցը իբրեւ դրույթ ներառված չէ։ Ավելին, միջպետական գործերով հայցերի հետկանչի պարտավորություն է նախատեսված՝ ՄԻԵԴ-ից եւ ՄԱԿ-ի արդարադատության դատարանից։

Սա մտահոգության լուրջ տեղիք է տալիս, քանի որ այս դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի պատասխանատվությունն ամեն իմաստներով բացառվում է՝ թե որպես պետության, թե անհատների կողմից կատարված խախտումների մասով։ Հայաստանի պետության կողմից ոչ միայն ակտիվ ջանքեր չենք տեսնում, այլ հայրենադարձված գերիներն արդեն անհատապես, առանց կառավարության վրա հույս դնելու են փորձում հետամուտ լինել իրենց իրավունքների վերականգնմանը»։

Դիտարկմանը՝ ՀՀ կառավարության դիրքորոշումը փոխվել է եւ գերիների հարցը չենք հետապնդում կամ ֆորմալ ենք հետապնդում, միջազգային հանրության դիրքորոշումը նույնպես չեզոքանում է՝ թե ՀՀ կառավարության դիրքորոշմամբ պայմանավորված, թե տարածաշրջանում Ադրբեջանի քաղաքական կշռի աճով պայմանավորված եւ հարցին՝ ի՞նչ սպասել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իբրեւ իրավապաշտպաններ, մենք չենք դադարում մեր ջանքերը գործադրել։ Փորձում ենք բանեցնել բոլոր առկա եւ վերաբերելի արդարադատության մեխանիզմները, շարունակում ենք ասել, որ դեմ ենք միջպետական գանգատների ետկանչին, խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մտահոգություններն ենք հայտնում՝ մեզ համար հասանելի հարթակներում։ Մենք շարունակելու ենք դա անել՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից, որովհետեւ մեզ համար չկա կայուն խաղաղություն, եթե արդարադատության հարցերը չեն լուծվել եւ համապատասխան խախտումներին պատշաճ գնահատական չի տրվել։ Մենք չենք կարող ուղղակի մի օր արթնանալ ու ասել՝ հանգիստ կարող ենք ապրել տարեցների գլուխ կտրող զինվորականների հետ։ Երբ ինչ-որ երեւույթ անպատիժ է մնում, որեւէ երաշխիք չկա, որ այն չի կրկնվելու։ ՀՀ կառավարությունում հարցերն առավելապես դրվում են տնտեսական զարգացման տեսանկյունից, քան կոնֆլիկտի սկզբնական պատճառների լուծման կամ դրանց համապատասխան գնահատական տալու տեսանկյունից, հետեւաբար, ոչ միայն արդարադատության, այլեւ անգամ այլընտրանքային մեխանիզմ չեն նախատեսում, որպեսզի տուժածները հասկանան՝ ինչպե՞ս շարժվել առաջ՝ թե սեփականության, մարդու իրավունքների խախտումների առումով։ Ուստի, մնում է մեկ տարբերակ՝ մենք եւ մեր կառավորությունից, եւ միջազգային հանրությունից պետք է շարունակենք պահանջել, որ հարցը չմոռացվի, բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձնել են միջազգային դերակատարները եւ պետությունները, կատարվեն։ Բայց պետք է խոստովանենք, որ գնալով ամեն ինչ ավելի բարդ է դառնում, որովհետեւ վաղը կարող ենք արձանագրել, որ այս թեման էլ ոչ ոքի հետաքրքիր չէ. ՀՀ իշխանությունը խաղաղության խաղաթուղթն է անընդհատ առաջ բերում իբրեւ հակափաստարկ, երբ ամեն անգամ մարդու իրավունքներից եւ արդարադատությունից ենք խոսում՝ ասելով, որ այդ ամենը խոչընդոտում են խաղաղությանը եւ անգամ բարձրաձայնել չի կարելի այդ հարցերը։ Մյուս կողմից, երբ այլ պետությունների միջոցով ենք փորձում ինչ-որ հարցեր բարձրաձայնել, շատ իրավացիորեն ասում են՝ եթե ձեր կառավարությունը, ձեր իշխանությունը խնդիր չի տեսնում, չի բարձրաձայնում հարցը, ինչո՞ւ պետք է մենք դա անենք։ Իսկ միջազգային կառույցների օրակարգում հայտնվում են այն հարցերը, որոնց մասով լուրջ ջատագովություն կա։ Աշխարհում կոնֆլիկտները եւ խախտումները, ցավոք, անդադար են եւ բավական զանգվածային բնույթ են կրում տարբեր ոլորտներում։ Ուշադրությունն ինչ-որ խնդրի վրա պահելը շատ դժվար է լինում, եթե չկա հետեւողական աշխատանք։ Երբ դրանով կառավարությունը չի զբաղվում, անհատ իրավապաշտպաններին կամ հասարակական կառույցներին շատ ավելի բարդ է լուրջ արդյունքի հասնելը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.03.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031