Թե ինչ «բանավեճ» է ծավալվում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ մնացած ընդդիմադիրների միջեւ, ես մանրամասնորեն տեղյակ չեմ: ՀՀԿ անդամների եւ նրանց հարող գործիչների գրառումներից կարող եմ եզրակացնել, որ կան ինչ-որ ռուսաստանյան տելեգրամ ալիքներ, որոնք համակարգում է Վիկտոր Սողոմոնյանը, եւ որոնք ինչ-որ վատ բաներ են գրում հանրապետականների մասին:
Տելեգրամ ալիքներ, առավել եւս՝ ռուսական ես չեմ կարդում՝ ինձ մնար, Ֆեյսբուք էլ չէի բացի: Բայց հիմք չունեմ այդ տեղեկություններին չհավատալու: Եվ, եթե այդպես է, ապա դա տարօրինակ է, քանի որ ՀՀԿ-ն կարծես թե հակված չէ առաջադրվել ընտրություններում, բայց, իհարկե, ակտիվորեն մասնակցելու է, որը, կարծում եմ, ճիշտ է:
Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կազմող դաշնակցականներին ես վերաբերվում եմ հարգանքով՝ չկիսելով այդ կուսակցության գաղափարախոսությունը: Այդ դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթներն ինձ նույնպես դուր են գալիս: Բայց այդ պատգամավորները, կարծես թե, այլ ընդդիմադիրների դեմ չեն խոսում եւ կենտրոնանում են հիմնական խնդրի՝ Փաշինյանին հեռացնելու վրա: Որը նույնպես ճիշտ է:
Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը, բնականաբար, սխալ էր եւ միանգամայն ձեռնտու է ՔՊ-ին: Չխորանալով երկրորդ նախագահի, մեղմ ասած, ոչ միանշանակ կերպարի մեջ՝ արձանագրենք, որ հիմա, այս իրավիճակում նրա՝ քաղաքական դաշտում առկայությունը մեծ նվեր է ՔՊ-ի համար: Իշխող կուսակցության հռետորաբանության մեծ մասն ուղղված է հենց Քոչարյանի դեմ եւ, հաշվի առնելով նրա բացասական ընկալումը հասարակության զգալի մասի կողմից, հարվածները նշանակետին հասնում են:
Կարդացեք նաև
Կարապետյանի եւ Ծառուկյանի մասին նրանք կարող են ընդամենն ասել՝ «օլիգարխ», բայց այդ «մեղադրանքը», որքան հասկանում եմ, այնքան էլ լուրջ չի ընկալվում: Իսկ ՔՊ-ականների կողմից գրագիտության թեման բարձրացնելը պարզապես ժպիտ է առաջացնում: Այնինչ Քոչարյանը պետության ղեկավար էր, եւ հասարակությունն իրեն իսկապես հաշիվ ունի ներկայացնելու:
Բայց, չնայած, որ Քոչարյանի ի հայտ գալը օբյեկտիվորեն խանգարում է ընդդիմադիր պայքարին, ես խորհուրդ կտայի մնացած ընդդիմադիրներին այդ խնդրի մեջ չխորանալ: Այն ֆոնին, թե ուր է տանում մեր երկիրը Փաշինյանը, վիճել այն մասին, թե որ ընդդիմադիրն է լավը, նման է «Տիտանիկում» հնչող երաժշտության երկացանկը քննարկելուն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից



















































«Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը, բնականաբար, սխալ էր եւ միանգամայն ձեռնտու է ՔՊ-ին: Չխորանալով երկրորդ նախագահի, մեղմ ասած, ոչ միանշանակ կերպարի մեջ՝ արձանագրենք, որ հիմա, այս իրավիճակում նրա՝ քաղաքական դաշտում առկայությունը մեծ նվեր է ՔՊ-ի համար: Իշխող կուսակցության հռետորաբանության մեծ մասն ուղղված է հենց Քոչարյանի դեմ եւ, հաշվի առնելով նրա բացասական ընկալումը հասարակության զգալի մասի կողմից, հարվածները նշանակետին հասնում են»:
Միանշանակ ճիշտ և տրամաբանական կարծիք է, մնում է, որ Քոչարյանն էլ դա հասկանա։ Սակայն ավելի հավանական եմ համարում, որ Քոչարյանը դա շատ լավ էլ հասկանում է, բայց «իռեն պրյամը Կռեմլից են խընթըռել», որից կարելի է ենթադրել, որ նիկոլի իշխանության մնալը Կրեմլին դեռ պետք է։
Ներկայիս խորհրդարանում Քոչարյանի դաշինքն ու ՔՊ-ն հիմնականում զբաղված են «ներկա-նախկին» ճշգրիտ պասերի խաղով՝ «հիմա դուք էս եք անում ․․․, էս էք անում ․․․, էս էք անում ․․․,», էն մյուս կողմն էլ՝ «բա դու՞ք, բա ձե՞ր ժամանակ ․․․, բա պապլավոկը մոռացել ե՞ք ․․․, բա մարտի 1-ը ․․․»։ Եվ ԶՐՈ արդյունք, ընդամենը ցուցադրական լեզվակռիվ։ Սա նիկոլին լրիվ բավարարում է, դրանով ինքն իր սոուսի մեջ է և իր վարչապետական աթոռը կայուն է։
Քոչարյանն ու նիկոլն իրար շատ նման են նաև Հայաստանի եղած-չեղածը ուրիշին հանձնելու բնավորությամբ և այդ գործում վարպետ են։ Քոչարյանը ժամանակին Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց ռուսներին «Գույք պարտքի դիմաց» հորինված ծրագրով, Նիկոլն էլ Հայաստանի սահմանամերձ կարևոր նշանակության հողերը հանձնեց թուրքերին՝ իր կողմից հորինված «Խաղաղության ծրագրով»։
Քոչարյանը հիմա արդարանում է, թե «Գույք պարտքի դիմաց»-ը դա ամենահաջողված գործարքն է եղել Հայաստանի պատմության մեջ, նիկոլն էլ արդարանում է թե Տավուշի հողերը ալիևին հանձնելով մեզ կայուն խաղախություն է բերել, որը Հայաստանի պատմության մեջ «աննախադեպ» է։
Մի խոսքով՝ նորից ուզում են ստեղծել հանձնողների խորհրդարան՝ «Բա դու՞ք, բա դու՞ք» կոչվող անսամբլով։