Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբերը մարզի բոլոր համայնքներում իրականացնում են հորդառատ անձրեւների հետեւանքով տուժած բնակիչներին ու տնտեսավարողներին պատճառված վնասի քարտեզագրման աշխատանքները։
Հիշեցնենք՝ մարտի 27-ին Սյունիքում հորդառատ անձրեւներից տուժել են մարդիկ, իսկ Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարի պատնեշի փլման հետեւանքով վնասվել են տներ, խանութներ, ավտոտնակներ, ջրի հոսքը քշել է կայանված ավտոմեքենաներին։
Ահազանգը ստանալուն պես, Կապանի ու Քաջարանի փրկարարական ջոկատներին անմիջապես արտակարգ եւ ուժեղացված ռեժիմով աշխատելու ցուցում տրվեց։ «Երթեւեկելի գոտուց մասնատել-հեռացրել եք բազմաթիվ խոչընդոտ հանդիսացող ծառեր, որոնք սելավատարի հոսքի հետ ձորակներից էին լցվել ճանապարհին, երկաթյա կոնստրուկցիաներ ենք ապամոնտաժել, երթեւեկությանը խանգարող ջրաբերուկներ են մաքրվել։ Երթեւեկությունը կարողացել ենք վերականգնել ժամը 18-ի սահմանում, որից հետո փրկարարների ու պարեկների կողմից հերթապահություն է սահմանվել նշված հատվածում, որպեսզի նշված հատվածում ավարտին հասցվեն աշխատանքները»,-մեզ հետ ունեցած զրույցում նշեց Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Դավիթ Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով՝ առաջիկա շաբաթ հավանաբար պարզ կլինի, թե ինչքան վնաս է հասցվել մարզին, սակայն ամենաշատը տուժել են մարզկենտրոն Կապանի բնակիչները։ Մարտի 27-ին Կապանում թափվել է 47 մմ տեղում, ինչը կազմում է մարտ ամսվա նորմայի 75 տոկոսը։
«Մարզի բոլոր տարածաշրջաններից ունենք խնդիրներ, մի տեղ ավելի շատ, մի տեղ ավելի քիչ՝ այս պահին գույքագրման աշխատանքներ են իրականացվում։ Մարզպետի հանձնարարությամբ եղել ենք հնարավոր բոլոր տեղերում, քաղաքացիներին բացատրել ենք ընթացակարգերը։ Համապատասխան ահազանգեր են գնացել այն կառույցներին, որոնք պատասխանատու են ստեղված իրավիճակի հետեւանքները վերացնելու գործում։ Հետագայում հաշվարկները կանենք, կամփոփենք՝ հասկանալու վերջնական իրավիճակը»,-ասաց Հայկ Հարությունյանը։
Փրկարար ծառայության պետը առանձնացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմի արագ արձագանքման խմբերի, Կապանի կոմունալ տնտեսության աշխատակիցների, պարեկների հետ համատեղ աշխատանքը, ինչի արդյունքում հնարավորություն եղավ կանխել դժբախտ ելքով պատահարները։ Կարեւոր էր նաեւ նախապես բնակիչներին իրազեկելը։ «Իրազեկման ծավալուն աշխատանքները, որոնք կազմակերպել ենք 24/7 ռեժիմով։ Աշխատել ենք պետական մարմինների, ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումների, ճանապարհային դեպարտամենտի, մարզի ճանշին ընկերությունների հետ․բնակիչները իրազեկված են եղել, սրանով հնարավոր դարձավ կանխել դժբախտ դեպքերը»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը։ Միայն մեկ օրում՝ մարտի 27-ին Սյունիքի մարզում գրանցվել է քարաթափման 6 դեպք, 1 սողանքի, 3 փլուզման, 1 սելավի դեպք։ Փրկարարներն աշխատել են արտակարգ ռեժիմով ու կարողացել են արագ արձագանքել ահազանգերին։
Ըստ Սյունիքի մարզի փրկարար վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի՝ ներկայումս մարզում անձրեւի ինտեվիսություն չկա, գետերի հուները բնականոն սահմանաչափի մեջ են։ Չնայած կայուն իրավիճակին ու տեղումների դադարեցմանը, այնուամենայնիվ փրկարարներն ու մարզային պատկան կառույցները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով, որպեսզի անհրաժեշտության դեպքում օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ




























































